Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Վրաստանի վարչապետի այցը Բաքու


Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլի

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլի

Իվանիշվիլիի այցը Ադրբեջան դյուրին ընթացք չի ունենա, պնդում են ադրբեջանցի վերլուծաբանները։

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին աշխատանքային այցով ժամանում է Բաքու, որտեղ օրվա ընթացքում կհանդիպի Ադրբեջանի ղեկավարության, այդ թվում` նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Շաբաթասկզբին Ալիեւի ծննդյան օրվա առթիվ հղած ուղերձում Իվանիշվիլին նշել էր. - «Ես համոզված եմ, որ համատեղ ուժերով մենք կկարողանանք նոր լիցք հաղորդել Ադրբեջանի եւ Վրաստանի երկկողմ հարաբերություններին՝ դրանք տեղափոխելով միանգամայն նոր որակական մակարդակի»։

Ադրբեջանական «Թուրան» գործակալության վերլուծական խումբը, սակայն, երեկ հրապարակած ծավալուն հոդվածում պնդում է, որ չնայած բարեկամության այս հրապարակային դրսեւորումներին՝ Իվանիշվիլիի այցը Բաքու դյուրին ընթացք չի ունենա։ «Պատճառն այն օրակարգն է, որով վրացական կառավարության ղեկավարը ժամանում է Ադրբեջանի մայրաքաղաք», - նշում են ադրբեջանցի վերլուծաբանները` հավելելով. - «Իվանիշվիլիի եւ նրա նախարարների վերջին օրերի հայտարարություններից պարզ է դառնում, որ նրանք ցանկանում են միջպետական` նախեւառաջ տնտեսական հարաբերությունները կառուցել նոր, թափանցիկ հիմքերի վրա»։

«Թուրան»-ի վերլուծաբանների համոզմամբ` դա ձեռնտու չէ Ադրբեջանի ղեկավարությանը, որը Վրաստանով անցնող բոլոր ենթակառուցվածքային նախագծերն օգտագործում է ստացված շահույթները երրորդ երկրներ տեղափոխելու նպատակով։ Հիմնականում վրացական կառավարությունը կենտրոնանում է երկու նախագծերի՝ ադրբեջանական էներգակիրների՝ Վրաստանում իրականացվող վաճառքի եւ Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարության վրա։ «Իվանիշվիլին հասկացնում է, որ այլեւս չի ցանկանում խաղալ այն կանոններով, որոնց համաձայնել էր Միխեիլ Սաակաշվիլին, երբ ադրբեջանական բյուջեն ակնհայտ կորուստներ էր կրում, իսկ վրաց սպառողը ստիպված էր լինում հավելյալ գին վճարել մատակարարվող էներգակիրների համար», - նշում են ադրբեջանցի վերլուծաբանները։

Չնայած Բաքվից հնչող հայտարարություններին, թե Ադրբեջանը գազը ցածր գնով է վաճառում Վրաստանին, երկրի ներսում գազի գինը կրկնապատկվում է, նշում են «Թուրան»-ի մասնագետները` իրենց այս պնդումը ապացուցելով կոնկրետ օրինակով։ «Վրաստանի գազաբաշխիչ ցանցերի մեծ մասը պատկանում է Ադրբեջանի նավթային պետական ընկերության դուստր ձեռնարկությանը՝ SOCAR Energy Georgia-ին, որը սահմանին գազը գնելով միջինը 153 դոլարով՝ հետագայում այն վրաց սպառողին է վաճառում 300-ով», - նշված է «Թուրան»-ի վերլուծական խմբի պատրաստած հոդվածում, որի հեղինակները նաեւ պնդում են, թե Կարս - Ախալքալաք երկաթուղու շինարարության գինը եւս արհեստականորեն ուռճացված է. - «Երկաթուղու 30-կիլոմետրանոց վրացական հատվածի շինարարության գինը սկզբում գնահատվում էր 220 միլիոն դոլար, մի քանի տարի անց այն հասավ աստղաբաշխական 775 միլիոն դոլար ցուցանիշի, որի մեծ մասը փակվում է Ադրբեջանի իսկ տրամադրած արտոնյալ վարկի միջոցով»։

«Թուրան» գործակալության մասնագետների պնդմամբ, եթե Իվանիշվիլին այսօր մեկնարկող բանակցությունների ընթացքում կարողանա բավարար կամք դրսեւորել՝ նվազեցնելով թե՛ գազի գինը եւ թե՛ Կարս - Ախալքալաք երկաթուղու շինարարության վրա ծախսվող գումարները, ապա հիմնական տանուլ տվողը կլինեն ադրբեջանցի չինովնիկները։ «Վրաստանի վարչապետի ջանքերի շնորհիվ, սակայն, շահեկան դիրքում կարող են հայտնվել ադրբեջանցի շարքային հարկատուները», - նշում են «Թուրան»-ի վերլուծաբանները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG