Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հայաստանում մայիսին անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իր հրապարակած վերջնական զեկույցում առկա հանձնարարականների կատարման ընթացքի շուրջ պատրաստ է քննարկումներ ծավալել 2013 նախագահական ընտրություններից հետո։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը ինչպե՞ս է գնահատում խորհրդարանի ընտրությունների կապակցությամբ վերջնական զեկույցի հանձնարարականների կատարման ընթացքը, ԺՀՄԻԳ-ի մամուլի խոսնակ Թոմաս Ռայմերը, մասնավորապես, պատասխանել է․ - «ԺՀՄԻԳ-ը պատրաստ է քննարկումներ ծավալել նախագահի ընտրություններից հետո՝ կապված ե՛ւ 2012 թվականի խորհրդարանի, եւ 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններին վերաբերող առաջարկությունների հետ»:

Մինչդեռ, հունիսի 28-ին Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Քեթրին Էշթոնը Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը ընդգծել էր ԵԱՀԿ դիտորդների արձանագրած մի շարք խնդիրներին արձագանքելու անհրաժեշտությունը՝ 2013 թվականի նախագահական ընտրություններից առաջ:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի մամուլի խոսնակը մեր հարցադրումներին ի պատասխան գրել է. - «Լավ պրակտիկա չէ ընտրություններից կարճ ժամանակ առաջ, երբ քվեարկության օրվան մնում է 1 տարուց պակաս ժամանակ, արմատապես փոխել ընտրական օրենսդրությունը։ Այս իմաստով բավարար ժամանակ չկար փոխել օրենսդրությունը խորհրդարանի ընտրություններից հետո»:

ԺՀՄԻԳ-ի դիտորդները Հայաստանի իշխանություններին հորդորել էին զերծ մնալ ընտրողների վրա ճնշումներից, փոխել Քրեական օրենսգիրքը եւ հետապնդումների չենթարկել այն քաղաքացիներին, ովքեր ընտրակաշառքների մասին հաղորդում կներկայացնեն իրավապահ մարմիններին, բարեփոխել ընտրողների ռեգիստրը, երաշխավորել, որ ընտրություններին առնչվող հանցագործություն կատարած բոլոր անձինք կանգնեն արդարադատության առջեւ։

Նշենք, որ Քրեական օրենսգրքում վերը նշված փոփոխությունը չի կատարվել, ընտրողների ռեգիստրի վարման կարգը մնացել է նույնը, իսկ ընտրախախտումների վերաբերյալ 213 հաղորդումներից միայն 15-ի դեպքում է քրեական գործ հարուցելու որոշում կայացվել:

«Հաջորդ զեկույցը շատ ավելի լավը կլինի»


Մայիսին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողովի այն ժամանակվա նախագահ Սամվել Նիկոյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկայի հետ հանդիպմանը նշել էր, որ «հետագայում աշխատանքներ կտարվեն արձանագրված թերացումների վերացման համար»։

Այսօր պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ անցած յոթ ամիսներին իշխանությունը չկատարեց ԺՀՄԻԳ-ի հանձնարարականները, Նիկոյանն ասաց․ - «Այս հանձնարարականներից հետո Հայաստանի իշխանությունները նախապատրաստվում են այնպիսի ընտրության, որպեսզի որեւիցե հանձնարարական այլեւս չլինի, եւ կարծում եմ հաջորդը [ԺՀՄԻԳ-ի զեկույցը] շատ ավելի լավը կլինի»։

Եվրոպան եւ ժողովրդավարությունը Հայաստանում


ԺՀՄԻԳ-ի այսօրվա պատասխանից, եւ դիտորդների հանձնարարականները, փաստորեն, չկատարելու՝ Հայաստանի իշխանությունների պահվածքից քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը եզրակացնում է, որ հիմա եվրոպական կառույցները Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու խնդիր չունեն։

«Երբ որ Հայաստանը կանդամագրվի կամ Մաքսային միությանը, կամ եվրոպական կառույցներին, նոր հաջորդ քայլը հնարավոր է արդեն գնա ժողովրդավարության խնդիրը եւ ավելի խստորեն դիտվեն», - մեկնաբանում է փորձագետը։

Ըստ Արմեն Բադալյանի, աշխարհաքաղաքական կողմնորոշման բացակայության պայմաններւմ եվրոպական կառույցները շարունակելու են մեղմ վերաբերմունք ցուցաբերել Հայաստանի ընտրական գործընթացների նկատմամբ։

«Հասկանալի է, որ ընտրությունները Հայաստանում այլեւս չեն կատարվում որպես ընտրություններ, այլ վերածվում են լայնամասշտաբ ֆինանսական միջոցառման։ Եվրոպան շատ լավ դա գիտի», - ասում է նա։

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետի խոսքով, ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու անհնարինության հանգամանքն է ի վերջո ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին դրդում հեռանալ հայրենի երկրից:
XS
SM
MD
LG