Մատչելիության հղումներ

Մեսսին` տարվա լավագույն ֆուտբոլիստի թիվ մեկ թեկնածու


Իսպանիա - Լիոնել Մեսսին «Բարսելոնա»-ի կազմում հերթական գոլը խփելուց հետո, արխիվ

Իսպանիա - Լիոնել Մեսսին «Բարսելոնա»-ի կազմում հերթական գոլը խփելուց հետո, արխիվ

«Ես ավելի շատ մտածում եմ լավ մարդ լինելու, այլ ոչ թե լավագույն ֆուտբոլիստ համարվելու մասին», - ասում է Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնա»-ի ռմբարկուն։

Գալիք տարվա հունվարի 7-ին Ցյուրիխում ՖԻՖԱ-ն կհայտնի 2012 թվականի լավագույն ֆուտբոլիստի անունը։

2010-11 թվականներին Ballon d’Or-ը` Ոսկե գնդակը վաստակել է Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնա»-ի ռմբարկու Լիոնել Մեսսին։ Նրա հրաշալի գոլերը երջանկացնում են ոչ միայն միլիոնավոր երկրպագուներին, այլեւ մարզական մեկնաբաններին։ Անվանի անգլիացի մեկնաբան Ռեյ Հադսոնը Մեսսիին իր ռեպորտաժներում գրեթե ամեն անգամ անվանում է «հանճարեղ, հրաշագործ եւ աստվածային»։

2012 թվականի դեկտեմբերի 22-ին Վալյադոլիդ քաղաքի Խոսե Սորիլլայի անվան մարզադաշտում Մեսսին 59-րդ րոպեին խփել է այս տարվա իր վերջին գոլը։ Դրսում անցկացրած այդ խաղում «Բարսա»-ն հաղթել է 3։1 հաշվով։

Լիոնել Մեսսին 2011-12 թվականների խաղաշրջանի 69 պաշտոնական հանդիպումներում 91 գոլ է խփել. սա ֆանտաստիկ արդյունք է։

79 գոլ «Բարսա»-ի կազմում, որոնցից 59-ը` առաջնությունում, 13-ը` Չեմպիոնների լիգայում, 5-ը` Արքայի գավաթի եւ 2-ը` Իսպանիայի գավաթի խաղերում։ Բացի այդ, նա 12-ը գնդակ է խփել Արգենտինայի հավաքականի կազմում։

Այսպիսով, Մեսսին գերազանցել է «Բավարիա»-ի եւ Գերմանիայի հավաքականի լեգենդար հարձակվող Գերդ Մյուլլերի ռեկորդը. 40 տարի առաջ գերմանացին մեկ խաղաշրջանում 85 գոլ էր խփել։

Փաստորեն, Մեսսին ամեն խաղում միջինը 1.3 գոլ է խփում։ Ի դեպ, այդ ցուցանիշով նա աննշան զիջում է Մյուլլերին, ով 1972-ին 60 խաղում է դարձել 85 գոլի հեղինակ` 1.4 գոլ մեկ խաղում։

25-ամյա Մեսսին բավական համեստ անձնավորություն է։ Նա միշտ հարգանքով է խոսում մյուս աստղերի մասին։ Սեփական նվաճումներից խելքը չի կորցնում։

«Ես ավելի շատ մտածում եմ լավ մարդ լինելու, այլ ոչ թե լավագույն ֆուտբոլիստ համարվելու մասին։ Մի օր, երբ այս ամենն ավարտվի, ի՞նչ ենք թողնելու` սա է կարեւորը», - ասել է Լիոնել Մեսսին, ով այս տարի էլ համարվում է Ոսկե գնդակի հիմնական հավակնորդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG