Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 25-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնել է, որ չի առաջադրվելու առաջիկա նախագահական ընտրություններում։ «Ուրեմն ի՞նչ, Դուք չե՞ք առաջադրվելու», - լրագրողի այս հարցին Տեր-Պետրոսյանը պատասխանել է. - «Ո՛չ, քանի որ, ինչ կուզեք ասեք, 68 տարեկան մարդը նույն եռանդն ու աշխատունակությունը չի կարող ունենալ, ինչ 40-60 տարեկանը, որը, թերեւս, նախագահի պաշտոնին հավակնող քաղաքական գործիչների օպտիմալ տարիքն է։ Հետեւաբար, ասպարեզ պետք է իջնեն ինձնից ավելի երիտասարդները»։

«Առավոտ»-ը գրում է. - «2008 թվականի փետրվարի նախագահական ընտրություններից հետո Ազատության հրապարակում ընթացող բազմահազարանոց շուրջօրյա հանրահավաքներում ընտրությունների արդյունքներից դժգոհ հասարակության առջեւ ելույթ ունենալիս Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը արդյոք շրջանցո՞ւմ էր գերտերությունների հնարավոր արձագանքը, նրանցից ակնկալվող գնահատականները։ Եվ առհասարակ` այդ շրջանում հզոր Շարժումը ղեկավարելով` արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանը գերտերություններից ազդանշաններ չէ՞ր սպասում.... Միանշանակ` այո, սպասում էր։ Հետեւաբար հարց է ծագում` ինչո՞ւ շաբաթ օրը կայացած ՀՀՇ համագումարում ելույթ ունենալով` Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշեց բացատրել, թե որքան վտանգավոր է, երբ առաջնորդները սպասում են գերտերությունների որոշումներին։ [...] Տեր-Պետրոսյանի գնահատականների հետ կարելի էր համաձայնել, եթե այս քաղաքագիտական ելույթը նրա շուրթերից չհնչեր, քանի որ թե՛ Տեր-Պետրոսյանի ստրատեգիան 2008-ից ի վեր, թե՛ ՀԱԿ-ի գործունեությունը հիմնված է եղել գերտերությունների «կողմնորոշումների» վրա, եւ նույնիսկ կարելի է ամրագրել, որ գերտերությունների կարծիքի հետ հաշվի նստող ամենահնազանդ քաղաքական ուժը հենց ՀԱԿ-ն է եղել, եւ այդ հնազանդությունը գուցե եղել է ավելին, քան պետք էր»։

«168 ժամ»-ը եւս անդրադարձել է ՀՀՇ-ի համագումարում ՀԱԿ-ի առաջնորդի ելույթին` գրելով. - «Նախ` վերջին հինգ տարիների ընթացքում դա Լեւոն Տեր-Պետրոսյանի թերեւս միակ ելույթն էր, որում իշխանություններին ուղղված որեւէ քննադատություն չկար։ Լեւոն Տեր-Պետրոսյանը ակնարկներով, ենթատեքստերով քննադատում, պատասխանում, հակադարձում էր միայն տարբեր ժամանակներում ՀԱԿ-ից հեռացած ու իր անսխալականությունը կասկածի տակ առած իր երբեմնի զինակիցներին։ Թե ինչո՞ւ որեւէ կերպ ՀԱԿ առաջնորդը չանդրադարձավ իշխանություններին, դժվար չէ կռահել։ Նա ընդհանրապես չխոսեց ներքին քաղաքականության մասին, քանի որ, եթե խոսեր, ստիպված էր լինելու անդրադառնալ ՀԱԿ-ի անդավաճան գործընկերոջը` «Բարգավաճ Հայաստանին»։ Վերջինիս անդրադառնալու դեպքում էլ` Լեւոն Տեր-Պետրոսյանը ստիպված էր լինելու առաջին նախագահի բարձունքից գոնե մի քանի քննադատական արտահայտություն հնչեցնել իր բոլոր սպասելիքներն ի չիք դարձրած «հայաստանածին» կուսակցության ու նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին։ Ու քանի որ, ինչպես իր ելույթում ասաց ՀՀ առաջին նախագահը, արժեքները, սկզբունքներն ու քաղաքականությունը միանգամայն տարբեր կատեգորիաներ են, եւ ինքը «բացարձակ պրագմատիզմի» կողմնակիցն է, նա գերադասեց ընդհանրապես չանդրադառնալ քաղաքական դաշտի դեգրադացվածության ու ներկայիս վիճակի հիմնական պատճառներից մեկը հանդիսացած այդ կուսակցությանը»։

«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Արեւմտամետության եւ ռուսամետության մասին «նաղլը», պարզվում է, նրա զինակիցների մի մասին ոգեւորել է, եւ վստահ են, թե Տեր-Պետրոսյանը կառաջադրվի: Իսկ մյուս մասը լռում է, չիմանալով ինչ ասել: Հետաքրքիր է, ինչու էր Տեր-Պետրոսյանը հենց այդ թեման ընտրել, երբ ուղղակի պարտավոր էր անդրադառնալ, այսպես ասած, իր եփած «կաշային», ինչի մեջ մխրճել էր ՀԱԿ-ին: Խոսքը իր հրապարակած «քաղաքագիտական վերլուծության» մասին է, որով ԲՀԿ-ի հետ համագործակցության առաջարկ էր արել: Կարող էր, չէ՞, անդրադառնալ իր իսկ որդեգրած այս մարտավարությանը եւ դրա արդյունքներին, որոնք, հայտնի է, զրոյական են: Բայց ինչպե՞ս, երբ այդ խնդրին անդրադառնալուց հետո այլեւս զինակիցների համար հանելուկ չէր մնա իր որոշման բովանդակությունը»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունենալիք միջոցառումը իսկապես ինչի հետ կարելի է համեմատել: Մի երկու օր առաջ հանրապետականներից մեկը դա համեմատեց ծանրամարտի մրցումների հետ` հայտարարելով, որ Սերժ Սարգսյանն ամենալավն է բարձրացնում ծանրաձողը: Երեկ մի ուրիշ հանրապետական առաջիկա ընտրությունները համեմատեց քննությունների հետ ու հայտարարեց, թե որոշ թեկնածուներ «լիկվիդ են ընկնելու», իսկ «ռեկտորատն» էլ ժողովուրդն է: Վաղն էլ երեւի կասեն, որ նախագահը ձմերուկը ջոկելու պես բան, եւ ակնհայտ է, որ իրենց թեկնածուն ամենահասածն է: Մի խոսքով` իշխանությունները հրճվանքի մեջ են, ընդ որում` հրճվանքն այնքան անթաքույց է, որ իր մեջ նաեւ վիրավորական երանգներ է պարունակում` առաջին հերթին հենց Սերժ Սարգսյանի համար: Բայց նա այնպիսի վիճակում է, որ չի կարող իրեն թույլ տալ վիրավորվել: Ստիպված կուլ է տալիս վիրավորանքները եւ ձեւացնում, թե լրջորեն հավատում է, որ ժողովուրդն իրեն է ընտրելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG