Մատչելիության հղումներ

logo-print
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Տոնական տրամադրությանը համահունչ, այս տարվա իմ վերջին հոդվածը նվիրվում է մի ծիծաղաշարժ թեմայի:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Սաադաթ Ակիֆկիզին իր «Ներմուծված խոշոր եղջերավոր անասունները բարիք չեն Ադրբեջանի համար» վերնագրով հոդվածում տեղեկացնում է, որ Ադրբեջանի կառավարությունը 23 միլիոն դոլար է ծախսել «Գերմանիայից եւ Ավստրիայից 4500 գլուխ տոհմային կովեր ներմուծելու համար՝ անասունների որակն ու կաթնատվությունը բարձրացնելու նպատակով»: Ակիֆկիզին գրում է, որ յուրաքանչյուր եվրոպական կովից սպասվում էր օրական 40 լիտր կաթ մթերել՝ ի տարբերություն տեղական ադրբեջանական կովերի, որոնք ընդամենը 9 լիտր կաթ էին տալիս:

Ցավոք, ծրագիրը ձախողվեց, եւ ներդրված միջոցները վատնվեցին: Եվրոպական բարձրակարգ բազմաթիվ կովեր չկարողացան կենդանի մնալ Ադրբեջանում տիրող թշվառ կենսապայմաններում:

Բաքվի պաշտոնատարները ֆերմերներին մեղադրեցին «ներմուծված կովերի ոչ պատշաճ խնամքի համար, որոնք, ըստ երեւույթին, հատուկ գուրգուրանք են պահանջում»: Գյուղատնտեսական հարցերով ադրբեջանցի վերլուծաբան Վահիդ Մահարամովը բացատրեց, որ արտերկրից ներկրված եղջերավոր անասունները «բարձրորակ անասնակեր եւ հատուկ հիգիենա են պահանջում»:

Մյուս կողմից, ֆերմերները բողոքում են, որ իրենք չեն կարող օտար կովերի հանդեպ նման շռայլ խնամք եւ ուշադրություն ցուցաբերել, քանի որ «դա կհանգեցնի կաթի մթերման գների կտրուկ աճի»:

Ֆերմեր Թարբիա Յուսիֆովան դժգոհ է, որ ներմուծված կովերի համար իր կատարած խոշոր ներդրումային ծախսերը չեն փոխհատուցվի. - «Մեր արտադրած կաթի գինը հաճախորդների մեծ մասի համար թանկ է, քանի որ անասունների կերակրման համար անհրաժեշտ անասնակերը շատ թանկ գնով ենք ձեռք բերում»:

Ահա թե ինչպես է գործում կառավարության «կովի վարձակալությունը». ֆերմերները պետության հսկողության տակ գտնվող «Ագրոլիզինգ» ընկերությունից դրանք վարձակալելիս վճարում են կովերի արժեքի կեսը, իսկ մնացած մասը պետք է մարեն երեք տարվա ընթացքում: Ֆերմերները պետք է «ունենան իրենց սեփական արոտավայրը եւ իրենց գոմերում խստորեն պահպանեն կանոնակարգը»: Ակիֆկիզին բացատրում է, որ «Խոնավությունն ու լուսավորությունը պետք է պատշաճ լինեն, իսկ կերակրումն ու առողջապահական պայմանները եվրոպական անասուններին պետք է հիշեցնեն նրանց երկրի պայմանները»:

Այնուամենայնիվ, ներմուծված կովերի համար Ադրբեջանում պայմանները շատ հեռու են գերազանց լինելուց: Երբ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը այցելել է Քուշչի գյուղում գտնվող Ֆիրուդին Հասանովի ֆերման, նա տեղեկացել է, որ ֆերմերն իր 30 տոհմային կովերին ստիպված բաժանել է Բաքվի շրջակայքում ապրող հարազատներին, քանի որ իր վիճակի չի եղել համապատասխան կենսապայմաններ ապահովել նրանց համար:

Ակիֆկիզին Հասանովի ֆերման նկարագրում է որպես «կեղտոտ տեսք ունեցող մի ախոռ, որը կարծես թե ամիսներով չէր մաքրվել: Այն լցված էր գոմաղբով, պատերի վրայով վազում էին սարդերը, իսկ ճանճերը պտտվում էին կերակրամանների շուրջը»: Հասանովը բացատրել է, որ «իր վիճակի չէ բարեկարգել իր գոմերը, որովհետեւ գյուղում չի կարող վաճառել իր կովերի կաթը» այն գնով, որը կծածկի նրա ծախսերը:

Իրավիճակն է՛լ ավելի է բարդանում, քանի որ ֆերմերները «Ագրոլիզինգ» ընկերությանը պետք է վճարեն վարձակալության լրիվ գումարը, անգամ եթե կովերը վաղաժամ սատկեն: «Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ «2009 թվականից սկսած, ներկրված կովերի առնվազն 260-ը սատկել է, իսկ կորուստները կազմել են 1.3 միլիոն դոլար»: Հայտնի չէ, թե այդ կովերից քանիսն են ինքնասպան եղել՝ չդիմանալով տիրող նման անտանելի պայմաններին:

Պատմությունն ավելի լուրջ շրջադարձ է ստանում, երբ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը լուրջ հարցեր է բարձրացնում եվրոպական կովերի գնի եւ դրանք ներկրող ընկերությունների ինքնության մասին:

Գյուղատնտեսական հարցերով վերլուծաբան Մահարամովը նշում է, որ «այն գները, որոնք ադրբեջանցի ֆերմերներից պահանջում են վճարել տոհմային կովերի համար, զգալիորեն բարձր են, քան այլ երկրներում»: «Ազատություն» ռադիոկայանը պարզել է, որ «Ավստրիայից ներմուծված յուրաքանչյուր տոհմային կովի արժեքը կազմել է 5 հազար դոլար, մինչդեռ Թուրքիայում այն շուրջ 3 հազար դոլար է»:

Ըստ «Ագրոլիզինգ» ընկերության՝ Ադրբեջան եվրոպական կովեր ներմուծելու հայտամրցույթի հաղթողներ են ճանաչվել երեք անհայտ ընկերություններ՝ Rista Alliance, Ninox Alliance եւ Swisspoint Merchants Limited. վերջինը Նոր Զելանդիայում գրանցվել է 2009-2011 թվականներին: «Ազատություն» ռադիոկայանը բացահայտել է. - «Նոր Զելանդիայի առեւտրական գրանցամատյանի կայքում նշվում է, որ այդ ընկերությունը ղեկավարում է Լատվիայի քաղաքացի Ինտա Բիլդերը»: Գրանցամատյանի որոնումը ցույց է տվել, որ «Բիլդերը հարյուրավոր ընկերությունների տնօրեն կամ բաժնետեր է: Այս տարվա սկզբին ուկրաինական «Զերկալո նեդելի» թերթը հաղորդել է, որ այդ ընկերություններից մեկը՝ Falcona Systems-ը կապ ունի պետական ընկերությունների ավելի քան 150 միլիոն դոլար գումարի կասկածվող խարդախության մեջ»:

Մահարամովը կասկածներ ունի եւ «Ազատություն» ռադիոկայանին ասել է. - «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունը հապշտապ բյուջետային միջոցներ է ուղղել [արտերկրից խոշոր եղջերավոր անասուններ ձեռք բերելու համար] առանց որեւէ նախապատրաստության, ապա կարող եք կասկածել, որ այս գործում առկա են նաեւ այլ մտադրություններ»:

Ներմուծված կովերի մասին խոսելիս Մահարամովը պետք է շատ զգույշ լինի: 2009 թվականին, ադրբեջանցի բլոգեր Էմին Միլին բանտարկվել էր, որովհետեւ գրել էր, թե Ադրբեջանի կառավարությունը ներմուծված էշերի համար շատ խոշոր գումարներ էր վճարել:


Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG