Մատչելիության հղումներ

Իան Քելլին կփոխարինի Ռոբերտ Բրադկեին


Դեսպան Ռոբերտ Բրադկեն ավարտել է Մինսկի խմբի համանախագահի իր առաքելությունը, եւ մինչեւ նոր մշտական համանախագահի նշանակումը Բրադկեին ժամանակավորապես կփոխարինի Իան Քելին: Դեռեւս հայտնի չէ թե երբ տեղի կունենա վերջնական նշանակումը:

Բավականին հարուստ աշխատանքային կենսագրություն ունեցող Իան Քելին ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչն է 2010 թվականից: 2007-2009 թվականներին նա ղեկավարել է Պետդեպարտամենտի Ռուսաստանի բաժինը, դիվանագիտական գործունեության ընթացքում չորս տարի նաեւ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանատանն է աշխատել: Մինչ այդ նա եղել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո խոսնակը, դրանից առաջ էլ ՆԱՏՕ-ում ամերիկյան առաքելյան մամլո խոսնակն էր: Քելլին մի քանի տարի աշխատել է նաեւ Հռոմում:

Իսկ Խորհրդային Միության տարիներին Քելին ղեկավարում էր մի կազմակերպություն, որը կոչվում էր Ժողովրդավարական նախաձեռնություններ նորանկախ պետությունների համար: Նա նաեւ համակարգում էր նախկին Խորհրդային Միությունում ժողովրդավարություն կառուցող գրեթե մեկ տասնյակ դաշնային գերատեսչությունների աշխատանք: Քելին աշխատել է նաեւ Մոսկվայում, Լենինգրադում, Բելգրադում, Հարավսլավիայում: Իսկ մինչ դիվանագիտական աշխատանքի անցնելը նա Նյու Յորքի «Կոլումբիա» համալսարանում ռուսաց լեզու է դասավանդել, որտեղ էլ իր դոկտորական աստիճանն է ստացել: Դեսպան Քելին ամուսնացած է եւ ունի չորս երեխա:

Իան Քելիի` համանախագահի պաշտոնում նշանակելու կապակցությամբ Միացյալ Նահագների դեսպանատնից հայտնեցին, թե ԱՄՆ-ը շարունակում է լիովին հավատարիմ մնալ իր դերին` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` «կողմերին աջակցելու եւ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ լուծումներ փնտրելու հարցում»:

Ի դեպ, ԵԱՀԿ-ում որպես ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Իեն Քելիի վերջին հայտարարություններից մեկը վերաբերում է Ադրբեջանին` մասնավորապես ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների, որում դեսպանը մի շարք մտահոգություններ է հնչեցնում՝ հույս հայտնելով, թե այդ երկրում կշարունակվի համագործակցությունը օրենքի գերակայության, մարդու հիմնական ազատությունների, քաղաքացիական հասարակության եւ Ադրբեջանի համար այլ անհրաժեշտ բարեփոխումների բնագավառում:

«Նախկինի պես մտահոգված ենք Ադրբեջանում հիմնական ազատությունների` հավաքների, խոսքի եւ միավորման ազատության սահմանափակմամբ», - հայտարարել էր նա:

«Մենք Ադրբեջանի ղեկավարությանը կոչ ենք անում համագործակցել ԵԱՀԿ-ի, քաղաքացիական հասարակության, քաղաքական կուսակցությունների հետ՝ մարդու իրավունքների եւ ժողովրդավարական բարեփոխումների ոլորտներում կառուցողական նախաձեռնություններ մշակելու համար: Նաեւ կառավարությանը կոչ ենք անում ակտիվացնել ջանքերը թրաֆիքինգի դեմ պայքարում, ավելին անել զոհերին հայտնաբերելու եւ մեղավորներին պատժելու համար», - հավելել էր Քելլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG