Մատչելիության հղումներ

Տնտեսական աճը այս տարի մոտ կլինի կամ կգերազանցի 7 տոկոսը եւ կզուգակցվի ցածր գնաճով։ Մասնավորապես՝ 12 ամսում գնաճը 4, իսկ միջին գնաճը՝ շուրջ 2.5 տոկոս կլինի։

«Կաճեն տնտեսության բոլոր ճյուղերը, այդ թվում էական կլինի արդյունաբերական արտադրանքի աճը, եւ մեր կարծիքով միայն մեկ ճյուղ կլինի, որ դեռեւս չի ունենա աճի ցուցանիշներ՝ դա կլինի շինարարությունը, սակայն կարծում ենք, որ արդեն եկող տարի շինարարության առումով եւս կլինեն փոփոխություններ, քանի որ արդեն իսկ կմեկնարկի Հյուսիս-Հարավի շինարարությունը, որը էական ազդեցություն կունենա ընդհանուր ծավալների, տնտեսական ակտիվության եւ մնացած ցուցանիշների վրա», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով ֆինանսատնտեսական տարին, հայտարարեց նախարար Վաչե Գաբրիելյանը։

2012 թվականի ընդհանուր տնտեսական իրավիճակը նախարարը հաջող է որակում: 2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին պետական բյուջեի եկամուտները, առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող վարկային եւ դրամաշնորհային միջոցների, կազմել են 841 միլիարդ դրամ, ծախսերը՝ 831.6 միլիարդ դրամ, ապահովելով տարեկան ճշտված պլանի համապատասխանաբար 90.2 եւ 85.1 տոկոս կատարողական:

Հարկային եկամուտները, պետական տուրքերը եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարները կազմել են 792.1 միլիարդ դրամ` ապահովելով տարեկան ճշտված ծրագրի 90.3 տոկոս կատարողական:

Ինչ վերաբերում է նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչության աշխատանքներին, ապա ըստ նախարարի, իրականացվել են 62 ստուգումներ եւ 23 ուսումնասիրություններ: Կենսաթոշակներին առնչվող աղմկահարույց գործի հետ կապված Վաչե Գաբրիելյանի ձեռքի տակ կային հետեւյալ մանրամասները․ - «2012 թվականի դեկտեմբերի 10-ի դրությամբ տեսչության անցած տարի կազմած նյութերով Սոցիալական ապահովության պետական ծառայության գծով հարցաքննվել է 8 հազար 190 անձ, այդ թվում Սոցիալական ապահովության պետական ծառայության եւ ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, կենսաթոշակառուներ, վերջիններիս հարազատներ եւ հարեւաններ։ Որպես մեղադրյալ ներգրավված 51 անձանցից 28-ի վերաբերյալ 9 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Ներկա դրությամբ քրեական գործով մեղադրյալները 16-ն են, որոնցից 2-ը հետախուզվող, եւ որից 9-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը»։

Կալանավորված անձանց թվում է նաեւ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG