Մատչելիության հղումներ

Հայաստանը կշարունակի հեռահար հարվածային զինատեսակներ ձեռք բերել


Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան
2013 թվականին եւս Հայաստանը շարունակելու է իր զինված ուժերի սպառազինության արդիականացման գործում շեշտը դնել ճշգրիտ ու հեռահար հարվածային զինատեսակների ձեռքբերման վրա: Երկուշաբթի պաշտպանության նախարարությունում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Տարվա ընթացքում մենք հայտարարեցինք, որ հակառակորդի հրասայլերի ակտիվ պաշտպանությունը հաղթահարող նորագույն հակահրթիռային համալիրներ ենք ձեռք բերել: Սա նոր սերնդի գերճշգրիտ հարվածային միջոցների մի օրինակ է, եւ որոշ բաներ մենք, բնականաբար, միանգամից չենք հայտարարում եւ այդ ձեռքբերումները շոշափելի են, որոնք քիչ-քիչ կներկայացվեն: Այո, ուշադրությունը մնում է գերճշգրիտ հարվածող միջոցների վրա, որոնք իրենց տեսակով լրջագույն կանխարգելիչ միջոցներ են: Սա մշտական պրոցես է: Այսօր խոսել կոնկրետ մի քանի օրինակներից, չեմ կարող, բայց ժամանակին դուք բոլորդ դա տեսնելու առիթ կունենաք», - ասաց Հովհաննիսյանը:

Ավելի քան երկու տարի առաջ` 2010-ի օգոստոսին, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, խոսելով Զինված ուժերի սպառազինության արդիականացման մասին, հայտարարեց, թե առաջիկայում շեշտը դրվելու է հեռահար եւ գերճշգրիտ զինատեսակների ձեռք բերման, ինչպես նաեւ տեղում դրանց արտադրության վրա:

Հատկանշական է, որ անցած տարվա սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Անկախության տոնին նվիրված զորահանդեսում ցուցադրվեցին հարվածային նշանակության մի շարք հրթիռներ, այդ թվում` ռուսական արտադրության 9К72 «Էլբրուս» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները, որոնք աշխարհին ավելի հայտնի են ՆԱՏՕ-ական դասակարգմամբ` Scud-B անվամբ:

Իսկ այս տարվա հոկտեմբերի սկզբին Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում իրականացված աննախադեպ խոշոր զորավարժությունների ժամանակ հայկական զինված ուժերի կողմից խաղարկվեցին հրթիռային հարվածների տարբերակներ, որոնց հեռահարությունը կազմում էր ավելի քան 300 կիլոմետր:

Այսօրվա ասուլիսին Արծրուն Հովհաննիսյանը խոսեց նաեւ Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտում տեղի ունեցող զարգացումների մասին:

«Ռազմարդյունաբերական համալիրը պաշտպանական գերատեսչության ամենակարեւորագույն ուղղություններից մեկն է, եւ մենք ունենք լուրջ ձեռբերումներ ինչպես ավանդական գործընկերների հետ համագործակցության համատեքստում, այնպես էլ նոր գործընկերների, նոր խորհրդատուների, նոր շուկաների, նոր մասնագետների ներգրավվածության համատեքստում: Պետք է ասեմ, որ ձեռբերումները արդեն բավականին շոշափելին են, որովհետեւ աշխատանքները այդ ուղղությամբ բավականին կենտրոնացված էին եւ մեծ ջանքեր էր ներդրվել», - ասաց նա:

Նկատենք, որ վերջին շրջանում իրար ետեւից երեւան եկան մի շարք պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտին: Մասնավորապես, հոկտեմբերի 17-ին Երեւանում ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվեց Իտալիայի պաշտպանության նախարարի հետ: Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսի Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարվեց, որ երկու երկրները առաջիկայում համագործակցություն կսկսեն ռազմարդյունաբերության ոլորտում: Նոյեմբերի սկզբին էլ հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ռուսաստանը խորացնում են փոխգործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում, եւ առաջիկայում երկու երկրները ձեռնամուխ են լինելու համատեղ արտադրանքի թողարկմանը:

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը այսօր խուսափեց կոնկրետ թվեր նշել բանակում տեղ գտած մահվան ելքով միջադեպերի կապակցությամբ` հավելելով, թե տարեկան թվերը կամփոփվեն ու կհրապարակվեն հաջորդ ամիս:

Ինչ վերաբերում է կիրակի օրը զորամաս տեղափոխելու ճանապարհին վատացած ու հոսպիտալում հանկարծամահ է եղած զորակոչիկ, 1994 թվականին ծնված Նորայր Սահակյանի դեպքին, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, թե միջադեպը ուսումնասիրման փուլում է եւ դեռ վաղ է որեւէ բան ասել:

Նշենք նաեւ, որ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարից բացի ասուլիսին մասնակցում էին նախարարության կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը ու կադրերի եւ ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանը: Վերջինիցս հետաքրքրվեցինք, թե ո՞ր երկրների ռազմակրթական հաստատություններում են ուսանում հայ սպաները:

Շիրինյանը արտերկրում ուսանող հայ սպաներ եւ կուրսանտների ընդհանուր թիվը չնշեց, միայն ասաց, որ հայ զինվորականները ներկայում սովորում են Ռուսաստանում` մոտ 250 հոգի, ԱՄՆ-ում` շուրջ 30 հոգի (ասաց նաեւ, որ ամերիկյան ռազմակրթական հաստատությունները մինչ օրս ավարտել են ավելի քան 200 հայ զինվորականներ): Բացի այդ հայ սպաներն ու կուրսանտները ներկայում ուսանում են Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Լեհաստանում, Հունաստանում, Լիտվայում եւ Չինաստանում:

Կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանն էլ նշեց, թե 2012 թվականին կառուցվել են 7 զորանոց, 3 բնակելի շենքեր` 90 բնակարանով, 3 ճաշարան եւ այլն: Վերանորոգվել են 64 զորանոցներ, 38 շտաբային շենքեր, 87 վարչական եւ այլ բնույթի շենքեր, 25 բուժկետեր, 48 ճաշարաններ, ջրամատակարարման գծեր, արտաքին լուսավորության համակարգեր, ճանապարհներ եւ այլն:
XS
SM
MD
LG