Մատչելիության հղումներ

Քաղաքագետի համոզմամբ` Տեր-Պետրոսյանը պարտավոր է առաջադրվել


Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյան, արխիվ
Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյան, արխիվ
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով` երկրի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պարտավոր է առաջադրվել նախագահական ընտրություններին։

Տեր-Պետրոսյանը անցած շաբաթ կայացած Հայոց համազգային շարժման համագումարի ժամանակ հայտարարեց, որ այդ մասին կխոսի երկու օրից։

Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ եթե Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդը չառաջադրվի, ապա առաջիկա ընտրությունները որեւէ հետաքրքրություն չեն ներկայացնի։

«Պարտավոր է առաջադրվել, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը պարտավոր է մարտի 1-ի ողբերգության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում պահանջատերի դերում հանդես գալ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց քաղաքագետը` շարունակելով. - «Դա նրա սուրբ պարտականությունն է, եւ եթե նա այս անցած հինգ տարիների ընթացքում դա չկարողացավ անել` ինչ-ինչ պատճառներով պարզապես չհաջողվեց դրան հասնել, ինքը լիովին կրում է պատասխանատվություն այդ արդյունքի համար, այսօր պետք է դա գիտակցելով փորձի, այո, կատարել ռիսկային թեկուզ, բայց կամային քայլ եւ առաջադրվի»։

Այլապես, ըստ Հովհաննիսյանի, կստացվի այնպես, որ տեսակետը, թե ՀԱԿ-ը ի վիճակի չէ հասնել առավել արդյունքի, քան խորհրդարանական ընտրություններին էր, կամրագրվի որպես հիմնավոր։

Քաղաքագետի խոսքերով` արդեն ակնհայտ է, որ առաջիկա նախագահական ընտրությունները մրցակցային չեն լինի, ու անակնկալի, որեւէ ինտրիգի հնարավորություն իրենց մեջ չպարունակելով` կդառնան անիմաստ մի արարողակարգ։

Նա այստեղ առանձնացնում է նաեւ «Բարգավաճ Հայաստան»-ի գործոնը։ Ընտրություններին չմասնակցելու` այս կուսակցության որոշման պարագայում որեւէ խոչընդոտ Սերժ Սարգսյանի վերընտրվելու հնարավորության համար չկա, կարծում է Հովհաննիսյանը։

Օրեր առաջ «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում Սարգսյանը հայտարարել էր, թե լավ հնարավորություն ունի հայ ժողովրդի վստահությունը նվաճելու եւ նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետում վերընտրվելու համար։

«Եվ վարչական ռեսուրսներով համար երկրորդ ուժը չի մասնակցում ընտրություններին ընդհանրապես եւ որեւէ ձեւով, այսինքն` չի ունենալու ո՛չ վստահված անձ, ո՛չ դիտորդ, ո՛չ մասնակցություն, մատնելով պարապուրդի իր կողմնակիցներին, ովքեր, բնականաբար, այդ որոշմամբ հիասթափված` այլեւս որեւէ արգելափակում չեն ունենալու` մտնելու գործարքների մեջ իշխանության հետ, Հանրապետական կուսակցության հետ, յուրաքանչյուրը այդ մարդկանցից ձգտելու է մի իրավիճակում, երբ իրենց առաջնորդը հրաժարվել է պայքարից, պարզապես թանկ վաճառել իշխող ուժին սեփական ծառայությունները. այդ իրավիճակում դուք որեւէ խոչընդոտ տեսնո՞ւմ եք Սերժ Սարգսյանի հաջողության համար», - ասաց քաղաքագետը։

Միաժամանակ, ըստ Հմայակ Հովհաննիսյանի, այդ շռնդալից հաջողությունը համոզիչ չի լինի բնակչության համար, որովհետեւ դրական փոփոխությունների հույս չի ներշնչի։ Նախագահական ընտրությունները նմանվելու են Թուրքմենստանի եւ Ադրբեջանի ընտրություններին. կընտրվի Սարգսյանը, ով իր բարի կամքի շնորհիվ որոշակի ձայներ կհատկացնի նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին, ամփոփեց քաղաքագետը։

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը անցած շաբաթ օրը պաշտոնապես հայտարարեց 2013 թվականի փետրվարին անցկացվելիք նախագահական ընտրություններում իր առաջադրվելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG