Մատչելիության հղումներ

Սուրեն Ղազարյանը քաղաքական ապաստան է փնտրում Եվրոպայում


Ռուսաստանցի հայազգի բնապահպան Սուրեն Ղազարյան, արխիվ

Ռուսաստանցի հայազգի բնապահպան Սուրեն Ղազարյան, արխիվ

«Ես գիտեմ՝ ինչպես է գործում արդարադատության համակարգը Ռուսաստանում», - «Ազատություն» ռադիոկայանին ասում է ռուսաստանցի հայազգի ակտիվիստը։

Կրասնոդարում նախագահ Պուտինի ու ռուս բարձրաստիճան մյուս պաշտոնյաների շքեղ վիլլաներին պատերազմ հայտարարած հայազգի բնապահպանը՝ Սուրեն Ղազարյանը, ստիպված լքել է Ռուսաստանը եւ այժմ քաղաքական ապաստան է փնտրում Եվրոպայում։

Հիշեցնենք՝ երիտասարդ ակտիվիստը ամիսներ առաջ Ռուսաստանի իրավապահ մարմինների ու մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել այն բանից հետո, երբ բացահայտ պայքար էր սկսել Սեւ ծովի ափին սկսված շքեղ առանձնատների կառուցման դեմ, որոնք, բնապահպանների խոսքով, հարյուրավոր կանաչ հեկտարներ են զբաղեցնում։ Անցած ամիսների ընթացքում Գելենջիկում կառուցվող այսպես կոչված «Պուտինի առանձնատան» մոտ մի քանի անգամ միջադեպեր էին արձանագրվել Սուրեն Ղազարյանի եւ շինությունը պահպանող ծառայողների միջեւ, ի վերջո թիկնապահներից մեկը Ղազարյանի դեմ բողոք էր ներկայացրել դատախազություն ու պնդել, թե բնապահպանը սպառնացել է սպանել իրեն։ Դիմումի հիման վրա քրեական գործ էր հարուցվել, եւ այժմ Ղազարյանի նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարված։

«Ես գիտեմ՝ ինչպես է գործում արդարադատության համակարգը Ռուսաստանում, եւ որեւէ դրական ակնկալիք չունեմ», - «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասում է հայազգի ակտիվիստն ու խոստովանում, որ երկարատեւ ազատազրկումից խուսափելու միակ հնարավորությունը Եվրոպայում ապաստան փնտրելն է։ «Իմաստ չուներ այլեւս մնալ, քանի որ ազատազրկումն անխուսափելի էր, դա ծանր կլիներ ե՛ւ հարազատներիս, ե՛ւ ընկերներիս համար, ու անիմաստ, քանի որ բանտում ոչինչ չես կարող անել, ընդամենը գոյությունդ պիտի պաշտպանես։ Եթե այս հարցը ավելի մեծ ուշադրության արժանանար հասարակության, լրատվամիջոցների կողմից, գուցե իմաստ ունենար` մնալ եւ պայքարել իրավական դաշտում, սակայն, ցավոք, մարդիկ պատրաստ են հաշտվել այդ պալատների կառուցման եւ բնությանը հասցվող վնասի հետ», - ասում է հայազգի ակտիվիստը։

Նշենք, որ Ղազարյանը մեկ անգամ արդեն մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի դատարանում եւ երեք տարվա պայմանական ազատազրկման դատապարտվել՝ Կրասնոդարի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի առանձնատան պատերին անվայելուչ արտահայտություններ գրելու համար։ Այժմ մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում` հեղինակավոր Human Rights Watch-ը, պահանջում են Ռուսաստանի իշխանություններից դադարեցնել Ղազարյանի դեմ հետապնդումները։ «Այս քրեական գործերն ընդամենը մահակ են՝ իշխանությանը քննադատողներին լռեցնելու համար», - հայտարարում է Human Rights Watch-ը։

Ինքը բնապահպան ակտիվիստը արդեն փաստաթղթեր է ներկայացրել Եվրոպայում ապաստան ստանալու համար, սակայն խոստովանում է, որ եթե հնարավորություն ունենար, կվերադառնար տուն՝ Ռուսաստան։ «Այնտեղ է այն ամենը, ինչ ես ունեմ` հարազատներս, տունս այնտեղ եմ կառուցել, կյանքս այդ երկրում եմ ապրել, որտեղից ստիպված էի հեռանալ», - «Ազատություն» ռադիոկայանի տված հարցազրույցում ասում է հայազգի բնապահպանը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG