Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 22-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Պատգամավոր Մհեր Սեդրակյանի կողմից լրագրողին սպառնալու պատմությունը երեկ նոր զարգացում ստացավ։ Տեղի ունեցած խայտառակ միջադեպի առնչությամբ շուրջ 160 լրագրողի ստորագրությամբ նամակ-պահանջագիր է հղվել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին: Նամակում նաեւ նշվում է, որ նման դեպքերի կրկնությունը հետեւանք է նաեւ այն բանի, որ անքաղաքավարի պատգամավորներին առնվազն կարգի հրավիրողներ չկան։ «Պահանջում ենք քաղաքական գնահատական տալ կատարվածին եւ Ձեր՝ որպես ԱԺ նախագահի հավաստիացումը, որ այսուհետեւ նմանօրինակ ոչ մի դեպք անհետեւանք չի մնա, եւ յուրաքանչյուր ոք կստանա համարժեք պատասխան: Հակառակ դեպքում խնդրում ենք հրապարակել այն պատգամավորների ցուցակը, որոնց հարց ուղղելու ողջ պատասխանատվությունը՝ իր հետեւանքներով հանդերձ, ընկնում է բացառապես մեր՝ լրագրողներիս վրա», - նշված է նամակ-պահանջագրում: Այս վերջին շեշտադրումը, որքան էլ որ հեգնական երանգ ունենա, թերեւս տեղին է։ Իսկապես, թող կոնկրետ ցանկ լինի, ու երբ, ասենք, լրագրողին հավատարմագրում են ԱԺ-ում, հավատարմագրի հետ տան նաեւ «անտաշների սեւ ցուցակը», համապատասխան ինստրուկցիայով՝ «Այսինչյանին, այնինչյանին ու յեսիմինչյանին հարց տալը վնասակար է ձեր առողջությանը»։

«ժողովուրդ» թերթի թղթակիցը Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն հարցնում է. - «Ձեր կարծիքով` կարելի՞ է համատեղել Եվրամիությունը եւ «ԵվրԱզԷս»-ը: Օրինակ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ իրենք առաջնորդվում են Վլադիմիր Պուտինի առաջարկած մոդելով, ըստ որի` Եվրամիությունը ու «ԵվրԱզԷս»-ը իրար չեն հակասում»: Պատասխան. - «Այսօր այդ խոսակցությունը համարում եմ անհիմն: Մենք չունենք իրար հետ համեմատելու բաներ: Մի կողմից գործող ԵՄ-ն է, մյուս կողմից` Եվրասիական միություն ստեղծելու քաղաքական ցանկությունը: Մենք հստակ հասկանում ենք Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները: Մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանը չպետք է իրեն գցի ցանկացած ծրագրի մեջ: Ես չգիտեմ մի երկիր, որտեղ միաժամանակ կիրառում են ե'ւ աջակողմյան, ե'ւ ձախակողմյան երթեւեկություն»:

«ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - ««Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի որոշումը` չառաջադրվել նախագահական ընտրությանը, միանգամայն ռացիոնալ է: Ընդ որում` ամենեւին ոչ այն տեսանկյունից, որ Արամ Սարգսյանը շանսեր չունի նախագահական ընտրությանը: Արամ Սարգսյանի որոշումը ռացիոնալ է այն իմաստով, որ դաշտն արդեն իսկ, ըստ էության, երկու ընդգծված ընդդիմադիր թեկնածուներ ունի` Հրանտ Բագրատյան ու Րաֆֆի Հովհաննիսյան, եւ Արամ Սարգսյանը` երրորդը, այստեղ, ըստ էության, կլիներ ավելորդ: Առավել եւս, որ Արամ Սարգսյանն էլ, ինչպես Բագրատյանն ու Հովհաննիսյանը, արեւմտյան կողմնորոշման գործիչ է: Արեւմտյան արժեհամակարգի դաշտում գործող քաղաքական ուժերն ու գործիչներն այսօր ունեն միասնական ֆորմատի հանգելու անհրաժեշտություն: Խոսքը մեկ կուսակցության կամ դաշինքի մասին չէ, որը կարող է նրանց կաշկանդել: Խոսքը թեկուզ ֆորումի մասին է, որ կարող է ժամանակ առ ժամանակ հրավիրվել եւ դառնալ քաղաքական քննարկումների, ինչու չէ` նաեւ քաղաքական նոր ծրագրավորման հարթակ, այդ գործընթացը բյուրեղացնելով աստիճանաբար, առանց ինքնանպատակ հաստատագրումների, որոնք հետագայում բեռ են դառնում սուբյեկտների վրա»:

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Երբ բոլորը բոլորին կասկածում են, կյանքը վերածվում է անիմաստ կասկածները ցրելուն ուղղված անպտուղ գործընթացի: Իշխանություններին ծախվելու, կեղծ ընդդիմադիր լինելու տարբեր ուժերին ուղղված մեղադրանքները դարձել են մեր քաղաքական դաշտի անբաժանելի մասը: Անշուշտ, լսել եք Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի, Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի խոշոր պայմանավորվածությունների մասին: Կարդացել եք, որ Նիկոլ Փաշինյանը գործում է Բաղրամյան 26-ի թելադրանքով: Իսկ Դավիթ Շահնազարյանն ու Արամ Սարգսյանն ընդհանրապես «ականներ» են՝ ընդդիմության դաշտում ժամանակին ներդրված եւ հիմա բացահայտված: Դե իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանն ու Արմեն Ռուստամյանը իշխանությունների կողմից են ՀՀ նախագահի թեկնածուներ առաջադրվում, որ Սերժ Սարգսյանի լեգիտիմությունն ու պատվավոր հաղթանակն ապահովեն: Սա վտանգավոր ճանապարհ է: Հիվանդ հոգեկան աշխարհ ունեցող հասարակությանը բնորոշ, որն ամենուր թշնամիներ է փնտրում, դավադրություններ տեսնում, կասկածում ու չարանում»:

«Չորրորդ ինքնիշխանության» մեկնաբանը, վերլուծելով նախորդ ընտրությունների թվական արդյունքները, գալիս է հետեւյալ եզրակացության. - «Մի տարբերակն այն է, որ ընտրություններին մասնակցելու են միայն Սերժ Սարգսյանի կողմնակիցները, եւ նա հաղթելու է, ասենք, 85 տոկոսով: Բայց այդ դեպքում իշխանությունները ստիպված կլինեն արձանագրել, որ նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրողների միայն 35 տոկոսը, ինչը, համաձայնեք, սիրուն չէ: Ճիշտ է, քվորումի խնդիր չկա, բայց փոխարենը լեգիտիմության խնդիր կա: Այնպես որ` իշխանությունները երկու ճանապարհ ունեն: Կա'մ տոտալ կեղծիքներ են իրականացնում, եւ ընտրողների 65 տոկոսանոց ակտիվություն նկարագրում, կա'մ արձանագրում, որ Սերժ Սարգսյանը հաղթել է, բայց հասարակության 65 տոկոսը չի մասնակցել ընտրություններին, այսինքն` բոյկոտել է: Ընդ որում` այդ բոյկոտը կապ չունի քաղաքական ուժերի բոյկոտի հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG