Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանը դրական է գնահատում իր վերընտվելու հնարավորությունները


«Ես լավ հնարավորություն ունեմ հայ ժողովրդի վստահությունը նվաճելու եւ նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետում վերընտրվելու համար», - «Ռոսիա -24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Որպես իր նախագահության տարիների ձեռքբերումներ Սարգսյանն առանձնացրել է հասարակական բաց մթնոլորտի ձեւավորումը, երբ մարդիկ մրցակցային պայքարում ազատորեն քննադատում են իշխանություններին եւ զանգվածային լրատվամիջոցների ազատության ապահովումը:

Նշելով, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով Հայաստանի տնտեսությունը 14 տոկոսանոց անկում էր ապրել` Հայաստանի նախագահն ասել է. - «Այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք վերականգնել տնտեսությունը` 2011 թվականին արձանագրելով ՀՆԱ-ի 4 տոկոսանոց աճ: Այս տարի ակնկալում ենք 7 տոկոս` մոտ 3 տոկոսանոց սղաճի պայմաններում»:

Այդուհանդերձ, նա չի հերքել, որ սոցիալ-տնտեսական ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան:

«Մենք ապրում ու զարգանում ենք բացառիկ բարդ, շրջափակման պայմաններում: Մենք անգամ ուղղակի երկաթուղային կապ չունենք Ռուսաստանի, ԱՊՀ երկրների հետ: Սա նշանակում է, որ մեր արտահանողները մյուսների հետ հավասար պայմաններում չեն աշխատում: Բայց մենք ընտելացել ենք այդ պայմաններին, եւ փորձում ենք զարգացնել տնտեսության այն ոլորտները, որոնք մրցունակ են եւ որոնց չի խանգարում տրանսպորտային բաղադրիչը», - «Ռոսիա-24» հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահը:

Անցած տարվա քաղաքական կյանքի ամենակարեւոր իրադարձությունը Հայաստանում նախագահը համարել է խորհրդարանական ընտրությունները, որոնք «անցկացվեցին շատ լավ, մրցակցային միջավայրում», «չանցան թույլատրելի սահմանները, չեղան բռնություններ» եւ «արժանացան միջազգային հանրության դրական գնահատականին»:

Անդրադառնալով արտագաղթի խնդրին` Սերժ Սարգսյանը նախ ասել է, որ այդ երեւույթը բնորոշ է բոլոր զարգացող երկրներին, սակայն Հայաստանում դրան գումարվում է այն, որ ցածր է ծնելիությունը. - «Մենք, իհարկե, ոչ մի դեպքում չենք պատրաստվում անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծել այն մարդկանց համար, ովքեր ուզում են իրենց կյանքը կառուցել այլ երկրներում, որովհետեւ չի կարող երկիրը բանտ դառնալ սեփական քաղաքացիների համար: Միակ ճանապարհը երկրում այն պայմանները ստեղծելն է, որոնք դրսում հրապուրում են մեր քաղաքացիներին: Բայց դրա համար ժամանակ է պետք, եւ ես համոզված եմ, որ այդ մարդիկ վերադառնալու են Հայաստան»:

Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցին` Սերժ Սարգսյանն ասել է, թե Ադրբեջանը շարունակում է հույս կապել հարցի ուժային լուծման տարբերակի հետ, եւ շարունակել է. - «Չնայած դրան, մենք բանակցություններին այլընտրանք չենք տեսնում»:

«Մենք Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորն ենք, եւ եթե նախաձեռնված այդ արկածախնդրությունը մտնի ռազմական գործողությունների փուլ, ապա Հայաստանը իր բոլոր հնարավորություններով պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը», - հավելել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG