Մատչելիության հղումներ

logo-print

Ջոն Քերրին` պետքարտուղարի թեկնածու


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հայտարարում է պետքարտուղարի պաշտոնում սենատոր Ջոն Քերրիին (աջից) առաջադրելու մասին, Վաշինգտոն, 21-ը դեկտեմբերի, 2012թ.

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հայտարարում է պետքարտուղարի պաշտոնում սենատոր Ջոն Քերրիին (աջից) առաջադրելու մասին, Վաշինգտոն, 21-ը դեկտեմբերի, 2012թ.

69-ամյա սենատորը բազում առիթներով, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, հայանպաստ դիրքորոշում է դրսեւորել։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեկտեմբերի 21-ին հայտնել է, որ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Քերրիին առաջադրում է պետական քարտուղարի պաշտոնում։

69-ամյա Քերրին կփոխարինի Հիլարի Քլինթոնին, ով հաջորդ տարվա հունվարից այլեւս չի ղեկավարի ԱՄՆ արտաքին գերատեսչությունը։

«Քերրիի ամբողջ կյանքը նրան նախապատրաստել է այս պաշտոնի համար»,- ներկայացնելով պետքարտուղարի թեկնածուին, ասել է նախագահ Օբանան։

«Ծառայությունը Վիետնամում Ջոն Քերրին սովորեցրել է խելամիտ կերպով կիրառել Ամերիկայի ուժը, հատկապես ռազմական կարողությունը, նա հասկացել է, թե ինչ է նշանակում զորքը վտանգավոր գործողության ուղարկելու համար ստանձնած անձնական պատասխանատվությունը»,- ասել է Օբաման։

Նախագահը նշել է, որ Քերրին վերջին երեք տասնամյակների ընթացքում միշտ առանցքային դեր է ունեցել արտաքին քաղաքական ամենահրատապ հարցերին, այդ թվում Ռուսաստանի հետ միջուկային սպառազինությունների կրճատման պայմանագրին վերաբերող քննարկումներում։

Ջոն Քերրին 2004 թվականին դեմոկրատների կողմից առաջադրվել է նախագահության թեկնածու եւ պարտվել է հանրապետական Ջորջ Բուշ-կրտսերին։

Քերրին հայաշատ Մասաչուսեթսից է ընտրվել Սենատ եւ, ըստ հայկական լոբբիստական կառույցների, բազում առիթներով, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, հայանպաստ դիրքորոշում է դրսեւորել։

ԱՄՆ-ի օրենքների համաձայն, Կոնգրեսը պետք է հաստատի Քերրիի նշանակումը պետքարտուղարի պաշտոնում։ Ամերիկացի վերլուծաբանները համոզված են, որ օրենսդիրները հավանություն կտան նախագահի առաջարկած թեկնածուին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG