Մատչելիության հղումներ

Օսկանյանի եւ Զուրաբյանի դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցել


Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց խորհրդարանում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, իր եւ նախկին արտգործնախարար, պատգամավոր Վարդան Օսկանյանի (ԲՀԿ) դիմումի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել` «ապօրինաբար մարդու անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ հավաքելու, պահելու, օգտագործելու ու տարածելու» փաստով:

Խոսքը օրեր առաջ ընդդիմադիր ՀԱԿ-ի ներկայացուցչի եւ նախկին արտգործնախարարի մասնավոր զրույցի մասին է, որը, ըստ նրանց, տեղի է ունեցել շաբաթներ առաջ «Ռիչ» սրճարանում: Երկու պատգամավորները քննարկում էին առաջիկա նախագահական ընտրություններին վերաբերող հարցեր, ՀԱԿ-ում առկա հակասությունները, դաշինքի որոշ անդամների տրամադրությունները:

Զուրաբյանը պնդում է, թե ձայնագրությունը մոնտաժված է:

Նա այսօր էլ պնդեց, որ այդ ձայնագրությունը հատուկ ծառայություններն են կատարել. - «Ինձ համար ակնհայտ է, որ ընդդիմադիրներին ահաբեկելու, վարկաբեկելու նպատակով իշխանությունների կողմից հատուկ ծառայությունների միջոցով կազմակերպված սադրանք է: Գաղտնալսել են, հատուկ ձեւով մոնտաժել են, հետապնդել են շատ կոնկրետ նպատակներ»:

Նախկին արտգործնախարարը, ում պաշտոնավարման օրոք եւս հրապարակվել են ձայնագրություններ (մասնավորապես` Մարտի 1-ից հետո ընդդիմադիրների անձնական հեռախոսազրույցները, եվրոպացի պաշտոնյայի հետ նախկին ընդդիմադիր «Օրինաց երկիր»-ի նախագահ Արթուր Բաղդասարյանի խոսակցությունը), չի պնդում, թե գաղտնալսված ձայնագրությունը հատուկ ծառայությունների ձեռքի գործն է:

Օսկանյանի այս կարծիքը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը. - «Պարոն Օսկանյանը ոչ ոքի չի կասկածում: Հարցաքննվել է որպես վկա»:

Մասնավոր զրույցն «ապօրինի գաղտնալսելու եւ սոցցանցերում տեղադրելու կապակցությամբ քրեական գործ հարուցելու, հանցագործության պատասխանատուներին հայտնաբերելու եւ պատժելու» առաջարկությամբ երկու պատգամավորների ստորագրությամբ դիմումը Գլխավոր դատախազությունը ստացել էր դեկտեմբերի 19-ին եւ նույնն օրն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն:

Օսկանյանի փաստաբանը փոխանցեց, որ նախկին արտգործնախարարը ողջունում է քրեական գործ հարուցելու մասին որոշումը:

Լեւոն Զուրաբյանը, մինչդեռ, չի հավատում, թե հանցագործները կբացահայտվեն: «Ես վստահ եմ, գործը չի բացահայտվի, որովհետեւ վստահ եմ, որ այս գործի հետեւում կանգնած են Հայաստանի հատուկ ծառայությունները: Իսկ նման դեպքերում, բնականաբար, հատկապես այնպիսի բռնապետական, ոչ դեմոկրատական, ավտորիտար պետության մեջ, ինչպիսին է, ցավոք սրտի, այսօր Հայաստանը, նման գործը ոչ մի հնարավորություն չունի բացահայտվելու», - ասաց նա:
XS
SM
MD
LG