Մատչելիության հղումներ

Հայաստանը չունի որեւէ որոշում ԵվրԱզԷս-ին` Եվրասիական տնտեսակական հանրությանը անդամակցելու, հետագայում նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալու առնչությամբ:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանին այդ մասին փոխանցեց Հայաստանի Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը: Զաքարյանը հավելեց, թե եվրասիական ուղղությամբ ինտեգրման հարցը պաշտոնական Երեւանը միայն ուսումնասիրում է:

Ներկայում ԵվրԱզԷս-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազխստանը, Ղրղըզստանը եւ Տաջիկստանը: Հայաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան ունեն դիտորդի կարգավիճակ: 2011 թվականի հուլիսի 1-ից ԵվրԱզԷս-ի երեք անդամների` Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միջեւ սկսեց գործել Մաքսային միությունը: Այսինք այդ երկրների միջեւ եղած սահմաններում վերացվեցին մաքսային կետերը եւ դրանք տեղափոխվեցին միության, այսպես ասած, արտաքին սահմաններ:

Երկու օր առաջ` դեկտեմբերի 19-ին, Մոսկվայում կայացան Ռուսաստանի մասնակցությամբ գործող կազմակերպությունների` ՀԱՊԿ-ի ու ԵվրԱզԷս-ի գագաթնաժողովները: Մոսկվա էր մեկնել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն նա մասնակցեց միայն ՀԱՊԿ գագաթնաժողովին, եւ ներկա չէր ԵվրԱզԷս-ի հանդիպմանը:

Հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում չկա ԵվրԱզԷս-ին անդամակցելու կետ, Արտակ Զաքարյանը պատասխանեց. - «Մենք առայժմ ուսումնասիրությունների եւ դիտարկումների փուլում ենք այնպես, ինչպես մյուս բոլոր երկրները: Ես չեմ ուզում մատնանշել, որ մենք ինչ-որ մի բանից ետ ենք մնում, կամ ինչ-որ մի բանից առաջ ենք անցնում: Կարծում եմ` նորմալ, բնական ընթացքով զարգացումները տեղ են ունենում եւ հայտարարված գաղափարի եւ տեղի ունեցող զարգացումների շուրջ աստիճանաբար, տարիների ընթացքում պետք է վերջնական եզրակացություն կատարենք: Հայաստանի համար դեռեւս հայտարարված մոտեցում չկա, մոտեցումը հետեւյալն է` մեզ համար ցանկացած ինտեգրացիոն գործընթաց ողջունելի գործընթաց է, եւ մենք անպայման պետք է կարողանանք հասկանալ այդ գործընթացից մեր պետության օգտավետությունը եւ դրանում մասնակցության արդյունավետությունը»:

Ուշագրավ է, որ երկու օր առաջ Մոսկվայում` ԵվրԱզԷս-ի շրջանակներում կայացած հանդիպումներում վերահաստատվել է արդեն 2015 թվականին Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու նպատակը եւ այդ ուղղությամբ ինտեգրացիոն գործընթացների խորացաման վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքէջը: Նախատեսվում է, որ Եվրասիական տնտեսական միությունը առաջին հերթին կազմված է լինելու ԵվրԱզԷս-ին անդամակցող երկրներից: Միությունը պետք է ունենա միասնական արժույթ, միասնական մաքսային դաշտ, բանկային համակարգ եւ այլն: Ռուսական մամուլը չի դադարում գրել, թե հնարավոր է, որ նոր ստեղծվելիք միության մեջ մտնեն նաեւ հետխորհրդային այլ երկրներ: Նշվում է նաեւ Հայաստանի անունը:

Արեւմուտքից հայտարարություններ են հնչում, թե Պուտինի` Կրեմլ վերադառնալուց հետո այնտեղ փորձում են վերստեղծել Խորհրդային Միությունը:

«Հայաստանի ուղղակի շահն է հնարավորինս բոլոր ուղղություններով, բոլոր երկրների հետ, միջպետական միավորումների հետ համագործակցություն զարգացնել` փորձելով յուրաքանչյուր ուղղությունից շահ ստանալ իր համար», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը. - «Որպես ԲՀԿ ներկայացուցիչ, որպես սեփական համոզմունքներ ունեցող հայաստանցի, ԱԺ պատգամավոր` ես վստահ եմ, որ Եվրասիական ինտեգրացիայի քննարկումներին մասնակցող գրեթե բոլոր երկրների հետ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա համապարփակ, բոլոր ուղղություններով զարգացող հարաբերություններ` քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային եւ այլն»:

Ուրիխանյանը ասաց` ԲՀԿ-ի համար բոլոր երկրների եւ բոլոր միջպետական միավորումների հետ Հայաստանի հարաբերությունները «նախապատվելի են միաժամանակ»:

«Հայաստանը ունի պարտավորություններ եւ 20 տարվա ընթացքում ստորագրել է բազմաթիվ` նաեւ ռազմավարական փաստաթղթեր, ուր ներկայացված են մեր ուղենիշները եւ մեր հանձնառությունը` շարժվելու Եվրամիության հետ հարաբերությունների հետ հարաբերությունների խորացման ճանապարհով», - իր հերթին մեզ հետ զրույցում նշեց Հայ ազգային կոնգրեսի անդամ Վլադիմիր Կարապետյանը. - «Եվրասիական միություն առայժմ չկա, եւ միեւնույն ժամանակ այդ տարածաշրջանում գործում են մի քանի ինտեգրացիոն կազմակերպություններ, որոնց մի քանիսի անդամ է Հայաստանը` ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը: Այլ կազմակերպություն չկա ,եւ կարծում եմ, որ այնքան, ինչքան Հայաստանը համագործակցում է այդ կազմակերպությունների հետ, դա բավարար խորությամբ համագործակցություն է: Ես համարում եմ, որ մենք պետք է շարունակենք նաեւ այս ուղղությամբ մեր գործընկերություն եւ համագործակցությունը: Բայց առաջնայնությունը ինստիտուտոցիոնալ եւ համապարփակ համագործակցությունն է Եվրոպական միության հետ»:
XS
SM
MD
LG