Մատչելիության հղումներ

Այսօր Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը Մաշտոցի պուրակից երթով գնաց դեպի ՀՀ դատախազություն` հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու:

Խնդրով մտահոգ ակտիվիստները կարծում են, որ հանքը շահագործող «Վալլեքս» ընկերությանը պատկանող «Թեղուտ» ՓԲԸ-ն օրենքի խախտում է թույլ տվել, քանի որ 2010 թվականին փոփոխել է հանքի շահագործման` 2006-ին հաստատված նախագիծը, կամ նորն է կազմել եւ այդ մասին չի հայտնել համապատասխան պետական մարմիններին:

Թեղուտի պաշտպանության հարցերով զբաղվող ակտիվիստներին հայտնի է, որ հանքը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ն ունի նոր նախագիծ:

Ակտիվիստների պարզաբանմամբ` «Վալլեքս» ընկերությունը 2010-ին դիմել միջազգային ERM փորձաքննություն իրականացնող ընկերությանը՝ խնդրելով գնահատել իրենց նախագիծը: Այս տեղեկությունը հաստատում է նաեւ «Վալլեքս» ընկերությունը: Ակտիվիստները դիմել են ERM-ին, որպեսզի վերջինս հրապարակի զեկույցը, միջազգային բնապահպանական կազմակերպություններին խնդրել են միջնորդել եւ բավական ժամանակ անց, ի վերջո, ծանոթացել են ERM-ի ծավալուն զեկույցին ու նկատել են, որ այնտեղ խոսվում է 2010 թվականի շահագործման նախագծի մասին, որտեղ բազմաթիվ փոփոխություններ են կատարվել:

«Դա լրիվ նոր նախագիծ է, որը պետք է անցներ նոր փորձաքննություն եւ նոր գնահատում, ինչը չի իրականացվել: Պետական մարմիններն իրենց հերթին որեւէ քայլ չեն ձեռնարկել, որ այդ նոր նախագիծը նոր փորձաքննության ենթարկվի», - ասաց ակտիվիստներից Արթուր Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ «Վալլեքս» ընկերության ներկայացրած նախագիծը ստեղծվել, փորձաքննության է ենթարկվել ու ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից հաստատվել է 2006 թվականին: Նախագծում փոփոխություններ կատարելու դեպքում ընկերությունը պետք է հրավիրեր նոր ՇՄԱԳ (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) փորձաքննություն:

«Ո'չ հանրությանը, ո'չ բնապահպանության նախարարությանը 2010 թվականի նախագիծ հայտնի չէ», - պնդեց խմբի անդամ Աննա Շահնազարյանը:

Դեկտեմբերի 19-ին, երբ որոշ լրատվամիջոցներում հայտնվեց Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության մամուլի հաղորդագրությունը, «Վալլեքս» ընկերությանը պատկանող «Թեղուտ» ՓԲԸ-ն նույնպես հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում էր, որ ընկերությունը իրենց աշխատանքները «բնապահպանական անվտանգության տեսանկյունից բարելավելու նպատակով ստեղծել է փաթեթ, որում առկա աշխատանքային նախագծի լրացումները, անշուշտ, օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում ներկայացվելու են համապատասխան պետական լիազոր մարմիններին»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG