Մատչելիության հղումներ

Թուրքիայի կրթության նախարարը պատմական այց է կատարել հայկական դպրոց


Տեսարան Ստամբուլից

Տեսարան Ստամբուլից

Թուրքիայի կրթության նախարար Օմեր Դինչերը այցելել է Ստամբուլի Շիշլի թաղամասի Մխիթարյան հայկական դպրոցը: Գրելով այս մասին` «Հյուրիեթ դեյլի նյուզ»-ը այս այցելությունը պատմական է համարում, ընդգծելով է, որ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ սա կրթության նախարարի առաջին այցն է հայկական դպրոց:

Թերթի հայազգի լրագրող Վերջիհան Զիֆլիօղլին հիշեցնում է, որ անցյալ տարի դպրոցի աշակերտներն էին այցելել կրթության նախարարի գրասենյակ՝ հորդորելու որ դասագրքերից հանվեն հայերի նկատմամբ թշնամաբար գրված տեքստերը:

Նախարարը հայկական դպրոց է այցելել անցած չորեքշաբթի երեկոյան: Նախօրեին խոսելով «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթի լրագրողի հետ` դպրոցի տնօրեն Գարեգին Բարսամյանը ասել է, թե շատ ուրախ են հյուրընկալելու պատմական այցելությունը:

Պատմական համարվող այս այցելության ընթացքում` դպրոցում կազմակերպված հանդիպմանը, Թուրքիայի կրթության նախարարը ասել է. - «Փոքրամասնությունները կարծում են, թե միայն իրենք խնդիրներ ունեն, բայց դա այդպես չէ: Անցյալում ոչ միայն փոքրամասնությունները եւ ալեվիները, այլեւ սունիները եւս բռնակալ ղեկավարների զոհեր են դարձել, խախտվել են նրանց իրավունքներն ու ազատությունները: Հասարակությունում խաղաղ մթնոլորտ ստեղծելու միակ ճանապարհը ժողովրդավարություն է»:

Օմեր Դինչերը անդրադարձել է նաեւ մայրենի լեզվով դասընթացներին, որոնք սկսվել են ուսումնական այս տարում: Նախատեսվում էր, որ դրանք կկազմակերպվեն, եթե առնվազն 10 աշակերտի դիմում լինի: Դինչերը ասել է, թե նախարարությունը ուշադրություն է դարձրել այս հարցի արձագանքներին, գործողությունները իրականացվում են` հաշվի առնելով, որ յուրաքանչյուր երեխա անկախ անհատականություն է:

Հանդիպմանը շոշափվել է նաեւ կրթությանը եւ կրոնին առնչվող վերջին շրջանում ամենաշատ քննարկվող հարցերից մեկը: Համալսարանների ընդունելության քննություններում ներառվել են կրոնին վերաբերող հարցեր: Այս կապակցությամբ Օմեր Դինչերը ասել է, թե դժբախտաբար հանրության կողմից սխալ ընկալում կա: Տարիների ընթացքում դասերը դպրոցներում անցել են, եւ ըստ դրանց՝ հարցերը վերաբերում են կրոնի եւ էթիկայի կրթական ծրագրերին:

«Ազգային փոքրամասնությունների աշակերտներին կտրվեն այլ հարցեր ՝ իրենց կրթական ծրագրերին համապատասխան», - հավաստիացրել է Թուրքիայի կրթության նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG