Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 21-ի մամուլ


«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Այսօր դեկտեմբերի 21-ն է. ըստ մայաների հին օրացույցի, Հինգերորդ արեւի դարաշրջանի երկար հաշվարկի շրջափուլի ավարտն է, որը սկսվել է մ.թ.ա. 3114 թվականի օգոստոսին: Այդ ամսաթվին օրացույցն ավարտվում է, ինչը սնահավատներին ու հոռետեսներին հիմք է տվել կարծելու, որ դրանով մայաները կանխատեսել են «աշխարհի վերջը»: Այս խորհրդավոր օրվա մոտենալուն մոլորակի բնակչության զգալի մասը վախով է սպասել: Ինչ վերաբերում է Հայաստանին. Երեւանի խանութներում մեր անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում գրեթե բոլորը հավատում են աշխարհի վերջին: Սրա մասին է վկայում այն, որ մարդիկ վերջին դրամներն են ծախսում սնունդ, խմիչք, ըմպելիքներ ձեռք բերելու համար: Մեծ պահանջարկ ունեն հատկապես չփչացող այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են` բաստուրման, սուջուխը, չրեղենը, ապխտած երշիկները եւ այսպես շարունակ: Սակայն ոմանք պնդում են, որ սա ոչ թե աշխարհի վերջի, այլ հայկական Ամանորի նախապատրաստություն է»:

«Իրավունք»-ի թղթակիցը զրուցել է ՀՀԿ-ի կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ի՞նչն էր պատճառը, որ նախորդ շաբաթ տեղի ունեցած ՀՀԿ-ի համագումարին խորհրդարանական կուսակցություններից հրավիրել էիք միայն ՀՅԴ-ին, իսկ ԲՀԿ-ն հրավիրված չէր»: Պատասխան. - «Մենք հրավերներ ուղարկելիս հաշվի ենք առնում տարբեր գործառույթներ, փաստեր: Մենք ոչ մեկից նեղացած չենք, բոլոր քաղաքական ուժերի հետ էլ աշխատել ենք, աշխատում ենք, եթե կան ընդհանրացված աշխատանքի եզրեր, դաշտեր կամ եթե մեր կարծիքներն ու նպատակները, հանրությանը օգտակար լինելու առումով, համընկնում են»: Հարց. - «Այսինքն` ՀՅԴ-ի հետ այդ ամենը համընկնում է, իսկ ԲՀԿ-ի հետ ո՞չ»: Պատասխան. - «Իհարկե, ԲՀԿ-ի հետ էլ շատ հարցերում նախկինում համընկել է եւ կարծում եմ, ապագայում էլ հնարավոր է համընկնի, եւ ամեն ինչ վերջացած չէ: Եթե հիշում եք, նախագահը իր ելույթներում բազմիցս հնչեցրել է, որ մենք բաց ենք բոլորի հետ համագործակցության հարցում, եթե կան քննարկվող թեմաներ, գործեր, որոնք ուղղված են միմիայն պետության բարօրությանը ու ի նպաստ մեր ժողովրդի: Այնպես որ մեզ մոտ կոմպլեքսավորված վիճակ չկա, եւ ապագայում էլ աշխատելու ենք նույն գործելաոճով»:

«Ժողովուրդ»-ը գրում է. - «Ներքաղաքական դաշտում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Չի բացառվում, որ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը մնա միայնակ, ավելի ճիշտ` առանց որեւէ լուրջ մրցակցի` «ապահովելով» նրան պյուռոսյան հաղթանակ: Սա Հայաստանի պատմության մեջ կարող է համարվել աննախադեպ երեւույթ, քանի որ 1996 թվականից սկսած` նախագահական ընտրություններն անցել են առավել քան թեժ մթնոլորտում, թեկնածուների միջեւ ընթացել է լարված պայքար: Հետաքրքրական է նաեւ այն հանգամանքը, որ առ այսօր իշխանական կուսակցություններից միայն ՕԵԿ-ն է հինգ տարի շարունակ հայտարարում Սերժ Սարգսյանին սատարելու մասին: Իսկ իշխանական մյուս կուսակցությունները, կարծես թե, մտադրություն չունեն հայտարարելու Սարգսյանին սատարելու մասին: Համենայնդեպս, իշխանության շուրջը պտտվող մյուս կուսակցությունները, այդ թվում նրանք, որոնք ԱԺ մանդատի դիմաց ծվարել են ՀՀԿ-ի համամասնական ցուցակում, չեն շտապում նախագահական ընտրությունների հետ կապված դիրքորոշում հայտնել»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Մեկնարկում է ընդդիմադիր ուժերի համագումարների շարքը: Նախագահական ընտրություններին մասնակցության ձեւաչափը հստակեցնելու եւ իրենց որոշումները հրապարակելու նպատակով կուսակցական հավաքներ են անցկացնելու «Հանրապետություն», «Ժառանգություն» կուսակցությունները եւ Հայ ազգային կոնգրեսը, ՀՅԴ-ն, «Ազատություն» կուսակցությունը: Նկատենք, որ ընդդիմադիր ուժերից «ամենահամարձակը» ՀԱԿ-ից դուրս եկած «Հանրապետություն» կուսակցությունն է, որն իր համագումարն անցկացնելու է այսօր՝ չերկնչելով «աշխարհի վերջի» մասին ազդարարվող բանդագուշանքներից: «Հանրապետության» քաղխորհրդի անդամների տրամադրություններից կարելի է ենթադրել, որ այսօրվա համագումարում Արամ Զավենիչը իր առաջադրման վերաբերյալ սենսացիոն հայտարարություն չի անի: Վաղը Րաֆֆի Հովհաննիսյանը անշուշտ հայտարարելու է իր թեկնածությունը առաջադրելու մասին, իսկ ինչպես արդեն գիտեք, նրան միայն պակասում է առաջադրման համար անհրաժեշտ գումարը, ինչը ձեռք բերելու համար «Ժառանգության» առաջնորդը հանգանակություն էր կազմակերպել: Հայտնի չէ, սակայն, այս անգամ Ձախ Հարութը երգելո՞ւ է, թե՞ ոչ: Որոշ առումով անակնկալներ կարելի է սպասել ՀՀՇ համագումարից, որը նույնպես տեղի է ունենալու շաբաթ օրը: Ոմանք ասում են, թե ԲՀԿ որոշումից հետո այժմ ՀԱԿ առաջնորդի որոշման շուրջ է «ծավալվում ներքաղաքական ինտրիգը»:

«Ժամանակ»-ի վերլուծաբանը գրում է. - «Նախագահական ընտրությանն առաջադրվելու վերաբերյալ Հրանտ Բագրատյանի հայտարարությունից հետո հնչած առաջին գնահատականներից է այն, որ այսպիսով Հայ ազգային կոնգրեսն այլեւս գոյություն չունի: ՀԱԿ-ն իրականում քանդված էր վաղուց, եւ ավելին` ՀԱԿ իրականում գոյություն չի էլ ունեցել, պարզապես սպառվել է դրանում եղած ուժերի համբերությունը, եւ այսօր մնում է այն, ինչ իրականում հանդիսանում էր ՀԱԿ-ը, այսինքն` ՀՀՇ-ի տեր-պետրոսյանական կորիզը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG