Մատչելիության հղումներ

Ընտրողների թիվն ավելացել է մոտ 15 հազարով


Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյան
Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյան

Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետը հավաստիացնում է, որ արվում է հնարավորը ցուցակները ճշգրտելու համար։

Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ Ոստիկանությունն անում է հնարավորը մինչ առաջիկա նախագահական ընտրությունները ընտրողների ցուցակները պատշաճ մակարդակով ճշգրտելու համար։

Ոստիկանության վերջին տվյալների համաձայն, մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին հաջորդող 6 ամիսների ընթացքում Հայաստանում ընտրողների թիվը շուրջ 15 հազարով ավելացել է։ Ավելի ստույգ՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը ավելացել է 45,649-ով, սակայն, ինչպես մեկնաբանեց Հովհաննես Քոչարյանը, եթե այս թվից հանում ենք 15,118 մահացածների, սեփականատիրոջ դիմումով հաշվառումից հանված 8,652 եւ զորակոչվելու կապակցությամբ հաշվառումից դուրս եկած 6,920 քաղաքացիներին, ապա ստանում ենք ընտրողների 14,959-ով ավելանալու պատկերը: «Ազատություն» ռադիոկայանին տրամադրված պաշտոնական տվյալներով, ընտրողների թիվն ավելացել է մայիսի 6-ից հետո 18 տարին լրացած 18,308, բանակից զորացրվելու կապակցությամբ հաշվառված 10,373, առաջին անգամ ՀՀ անձնագիր ստացած եւ հաշվառված 12,818, ՀՀ քաղաքացիություն ընդունած 3,149, եւ քաղաքացիության ճանաչման հիմքով ՀՀ քաղաքացու անձնագիր ձեռք բերած 1001 քաղաքացիների հաշվին:

Արտագաղթի հետեւանքով բնակչության թվի նվազման ֆոնին ընտրողների թվի անընդհատ աճի փաստը նա բացատրում է այն հանգամանքով, որ Հայաստանից դուրս բնակվող բազմահազար քաղաքացիները չեն տեղեկացնում բնակության վայրի փոփոխության մասին եւ մնում են Հայաստանում հաշվառված: Չնայած գործող օրենքին, որը համապատասխան երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով բնակության վայրի մասին պատշաճ չտեղեկացնելու դեպքում սահմանել է 3 հազար դրամի տուգանք, մինչ օրս վարչությունը ընդամենը Ռուսաստանում բնակվող մի քանի հարյուր մարդու տվյալներ է ստացել: Տուգանված քաղաքացիներ էլ չկան։

«Որպեսզի տուգանում կիրառվի, իրավախախտները ենթարկվեն վարչական պատասխանատվության, նրանք պետք է Անձնագրային եւ վիզաների վարչությունում ֆիզիկապես ներկա լինեն, եւ այդ մասին մենք բավարար ապացույցներ ունենանք, որը ոչ միշտ է, որ ստացվում է: Այսինքն, նման դեպք, որ վարույթ հարուցված լինի, եւ մարդը վարչական պատասխանատվության ենթարկված լինի` մենք չունենք», - նշում է Քոչարյանը։

«Իսկ հնարավոր չէ՞ հիմնական ընտրացուցակներից հանել երկրից դուրս գտնվող մի քանի հարյուր հազար քաղաքացիներին եւ ընդգրկել լրացուցիչ ցուցակներում, ինչպես ընդդիմությունն է պահանջում», - հարցին Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետը պատասխանեց․ - «Շատ լավ կլիներ, եթե այդպես լիներ: Բայց չէ՞ որ դրա համար երկու գործիք է պետք` оրենսդրական հնարավորություն եւ տեխնիկական հնարավորություն: Մենք եթե ունենանք հնարավորություն, որ սահմանից անցնողների տվյալները, ովքեր 6 ամիս Հայաստանում չեն, ավտոմատ ռեգիստրը ստանա Ազգային անվտանգության ծառայությունից, կհանենք: Բայց չէ՞ որ նման հնարավորություն չկա»։

Հարցին, թե՝ «ԱԱԾ-ն արդյոք չի՞ կարող այդ հնարավորությունը ստեղծել», Քոչարյանը պատասխանեց. - «Կարող է, եթե օրենքով թույլատրեն եւ նման հանձնարարական իջեցվի»:

Ընդդիմությունը մշտապես պնդում է, որ իշխանություններն ընտրությունները կեղծում են բացակաների, մահացածների, գոյություն չունեցող հասցեներում բնակվողների տվյալներով ուռճացված ցուցակների շնորհիվ։

«Բոլորը հայտարարում են, բայց մեկ-երկու օրինակ անգամ Անձնագրային եւ վիզաների վարչությանը չներկայացրեցին: Նույնիսկ օրինակներ չբերեցին, որ մասսայական ինչ-որ մեկը մեկի փոխարեն գնացել քվեարկել է: Ասում են «կա», բայց նման փաստեր մենք չունենք», - այս առնչությամբ մեկնաբանեց Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետը։

Ինչ վերաբերում է գոյություն չունեցող հասցեներին, Հովհաննես Քոչարյանը պարզաբանեց, որ դրանք քանդված շենքերն են, որոնց նախկին բնակիչները չեն դիմում նոր բնակավայրերում հաշվառման համար: Նման 10 հազարից ավելի մարդ կա, իսկ ինչ վերաբերում է հասցեներում սեփականատերերին անծանոթ մարդկանց հաշվառված լինելուն. - «Մեծ մասամբ անտարբեր են լինում, թե իրենց հասցեում ովքեր են հաշվառված: Որպես կանոն, նոր բնակարանը գնում են, մոռանում են, որ նախկինում այնտեղ մարդիկ են մնացել հաշվառված, մարդկանց վարձով տալիս են բնակարաններում ապրելու հնարավորություն, այդ մասին էլի մոռանում են եւ տարիներ հետո ասում են՝ մեր հասցեում մարդ կա, որին չենք ճանաչում: Կա՞ն բացառություններ, կա՞ն շեղումներ․․․ այո՛, կան: Որո՞նք են դրանք՝ օպերատավարական սխալները, երբ հասցեի սխալ մուտքագրման պատճառով մարդը հայտնվել է մի հասցեում, որ չպիտի հայտնվեր: Բայց դրանք շատ չնչին տոկոս են կազմում»:

«Ընտրացուցակների ճշգրտումը մեծապես կախված է քաղաքացիների ակտիվությունից», - հավելեց Անձնագրերի եւ վիզաների վարչության պետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG