Մատչելիության հղումներ

Փորձագետ. Մոսկվայի մտահղացած կառույցների հիմքում «չկան սկզբունքներ»


ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Պուտինը ողջունում է Հայաստանի նախագահ Սարգսյանին: 19-ը դեկտեմբերի, 2012թ.

ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Պուտինը ողջունում է Հայաստանի նախագահ Սարգսյանին: 19-ը դեկտեմբերի, 2012թ.

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի գնահատմամբ, Ռուսաստանն ակնհայտորեն ցանկանում է վերականգնել նախկին ԽՍՀՄ-ի երբեմնի ազդեցությունը, սակայն, դա այնքան էլ չի հաջողվում, քանի որ, Մոսկվայի մտահղացած միջազգային կազմակերպությունների հիմքում բացակայում է հստակ արժեքային համակարգը:

Երեկ Մոսկվայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթաժողովից հետո տեղի են ունեցել «ԵվրԱզԷս»-ի եւ Մաքսային միության նիստերը, որոնց, սակայն, Հայաստանի նախագահը չի մասնակցել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ստեփան Գրիգորյանը նկատեց, որ Հայաստանը նախընտրում է մասնակցել այնպիսի միությունների, որոնցից կոնկրետ սպասելիք ունի՝ օրինակ ՀԱՊԿ-ը: Եվրասիական միությունն ու Ռուսաստանի նախաձեռնած այլ նմանատիպ կառույցները, ըստ քաղաքագետի, անհստակ են, հանգամանք, որ չի հրապուրում դրանց պոտենցիալ կամ նախկին անդամներին:

«Քանի որ հիմքում չկան սկզբունքներ: Ասենք, այսօրվա շահը բռնում է՝ պետությունը մտնում է: Ուզբեկստանը գիտեք. դա ՀԱՊԿ-ից Ուզբեկստանի երկրորդ դուրս գալն էր: Նույնը Վրաստանը, ԱՊՀ-ից դուրս եկավ 2008 թվի պատերազմի արդյունքում», - հավելեց նա:

Թեեւ, քաղաքագետի խոսքով, ՀԱՊԿ-ի արդյունավետությունը եւս շատ մեծ չէ, բայց քանի որ այստեղ Հայաստանն ունի կոնկրետ շահ՝ կապված անվտանգության հետ, ուստի ակտիվորեն աշխատում է:

Ինչ վերաբերում է «ԵվրԱզԷս»-ին ու դրա շրջանակներում ձեւավորվող Մաքսային միությանը, ապա այս կառույցների համատեքստում Ռուսաստանի քաղաքականությունը, Գրիգորյանի բնութագրմամբ` շատ ուղղագիծ է, անհանդուրժող, հաճախ՝ արմարհական:

Նաեւ հենց այս տեսանկյունից է մեր զրուցակիցը գնահատում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի` ռուսական մամուլին տված հարցազրույցը: Խրիստենկոն «Վեդոմոստի»-ի հետ զրույցում միանգամայն հնարավոր էր համարել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, իսկ ընդհանուր սահմանի բացակայության խնդրի հետ կապված համեմատություն էր արել Ռուսաստանի հետ սահման չունեցող Կալինինգրադի հետ: Այլ խոսքով՝ հավասարության նշան էր դրել ռուսական ռեգիոնի եւ Հայաստանի միջեւ:

«Խրիստենկոյի ասածը հետեւանք է հենց Պուտինի քաղաքականության` բավական կոշտ, բավական արհամարհական փոքր երկրների նկատմամբ», - նշեց Ստեփան Գրիգորյանը:

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, մինչդեռ, հակված չէ Խրիստենկոյի համեմատության մեջ քաղաքական ենթատեքստ տեսնել: Մինասյանի ընկալմամբ` Խրիստենկոն պարզապես ցանկացել է շեշտել աշխարհագրական առանձնահատկությունը:

«Գլխավոր իմաստն այն էր, որ պարզապես ցույց տալ, որ տեսական առումով Հայաստանը կարող է մասնակցել այդ միավորմանը: Բայց նույն այդ հարցազրույցից հետեւում է, որ նույնիսկ իրենք հասկանում են, որ Հայաստանի մասնակցությունը շատ սպեցիֆիկ պայմաններով է հնարավոր` ելնելով առաջին հերթին նաեւ Ռուսաստան-Վրաստան հարաբերություններից»:

Կալինինգրադի առնչությամբ, Ստեփան Գրիգորյանը մեկ այլ «էական հանգամանք» է նշում. - «Կալինիգրադի հետ, այո Ռուսաստանի պետության գլխավոր մասը ընդհանուր սահման չունի, բայց Բալթյան երկրների հետ պայմանավորվածություններ կան, ու կայուն կապ կա երկաթգծային, ավտոմոբիլիային` Ռուսաստան-Կալինինգրադի մարզ: Եվ այստեղ համեմատությունները կոռեկտ չեն, քանի որ Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները բարդ են, մեզ մոտ դա չկա»:

Ըստ Գրիգորյանի, Հայաստանը, այս բոլոր բարդ հանգամանքներով հանդերձ, առաժմ կարողանում է մանեւրել եվրոպական եւ եվրասիական ուղղությունների միջեւ: Սակայն ինքնին այդ երկու ուղղությունները համեմատելը, ըստ նրա, ճիշտ չէ: Այստեղ կան սկզբունքային տարբերություններ. Եվրամիության պարագայում, քաղաքագետի դիտարկմամբ, առկա են մի շարք կարեւոր՝ գաղափարախոսություն ու նաեւ հովանավորություն առաջարկող պետություններ՝ Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ այլն:

Իսկ ի՞նչ ունենք մյուս դեպքում: «Ռուսաստանը շատ է խոսում Եվրասիական միության մասին, Մաքսային միության, «ԵվրԱզԷս»-ի մասին, բայց Ռուսաստանի չի ուզում ինվեստիցիա անել: Կա'մ հնարավորություն չունի, կա'մ քաղաքական ցանկություն չկա: Այդ դեպքում ո՞ր միության մասին է խոսքը, ո՞ր շահերի մասին է խոսքը, եթե լիդեր պետությունը չի ուզում ինվեստիցիա անի, ստեղծի այդ գլխավոր ստրուկտուրաները, որ մենք էլ մտնենք, իրոք համագործակցենք, իրոք մեր լուման էլ դնենք», - ասաց Ստեփան Գրիգորյանը:

Սերգեյ Մինասյանի կարծիքով, «ԵվրԱզԷս»-ի նկատմամբ Հայաստանը բացասական վերաբերմունք ունի, սակայն այդ վերաբերմունքը կձգտի հնարավորինս չցուցադրել. - «Եթե անգամ Հայաստանի մասնակցության հարցը դառնա օրախնդիր, Մոսկվան ինքը դա չի ցանկանա` հասկանալով, որ դա մեծ բեռ է հենց իր՝ Ռուսաստանի համար»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG