Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանությունը ժխտող ցուցահանդեսը Դանիայում քննադատության թիրախ է դարձել


Դանիայում բուռն բանավեճեր են ծավալվել Հայոց ցեղասպանությունը ժխտող ցուցահանդես կազմակերպելու՝ Թագավորական գրադարանի որոշման շուրջ։

Թեմային անդրադարձել են ոչ միայն Կոպենհանգենի առաջատար թերթերը, այլեւ Դանիայի մշակույթի նախարարն ու թուրք մտավորականները։

Թագավորական գրադարանին ուղղած բաց նամակում, մասնավորապես, 3 տասնյակից ավելի թուրք արվեստագետներ ու գրողներ պահանջել են չեղյալ հայտարարել այդ ցուցահանդեսը, որը, նրանց խոսքով, ոչ միայն ոտնահարում է պատմական արդարությունը, այլեւ հարվածում է Թուրքիայի ժողովրդավարացմանը։

«Առանց սեփական պատմությունը անկեղծորեն ընդունելու՝ Թուրքիան չի կարող արդյունավետ ժողովրդավարություն ունենալ։ Մինչդեռ Թուրքիայի կառավարությունը ավելի քան 90 տարի է՝ բռնանում է պատմական ճշմարտության վրա եւ առաջ է տանում իր ժխտողական քաղաքականությունը։ Եվ այս ցուցահանդեսը աջակցում է դրան»,- ասում են նամակի տակ ստորագրած թուրք մտավորականները։

Նախօրեին թեմային է անդրադարձել նաեւ Դանիայի մշակութի նախարարը։ Տեղական թերթերից մեկի փոխանցմամբ, կառավարության ներկայացուցիչը ասել է, որ մշակութային կառույցները պետք է կարողանան պատմական դեպքերի հետ առնչվելիս զերծ մնալ արտաքին ուժերի ճնշումներից։ Թեեւ նախարարը հստակ անուններ չի նշել, սակայն ակնհայտ է, որ վերջինս ակնարկել է թուրքական կողմի ճնշումները, քանի որ վիճահարույց ցուցահանդեսը կազմակերպելու որոշումը կայացվել էր հենց Թուրքիայի դեսպանի հետ հանդիպումից հետո։

«Սա նույնն է, թե այսօր մենք հնարավորություն տանք նեոնացիստներին ցուցահանես անցկացնել «այսպես կոչված Հոլոքստ» վերտառությամբ», - թեմային անդրադառնալով՝ հայտարարել է պատգամավոր Նիկոլայ Վիլմուսենը։ Դանիական մամուլը գրում է, որ պատգամավորը նաեւ հարցում է ուղարկել արտգործնախարարությանը՝ պարզաբանելու՝ արդյոք պաշտոնական Կոպենհագենն այս հարցում ճնշումների է ենթարկվել Անկարայի կողմից։

«Սա անընդունելի որոշում է, որը վիրավորում է զոհերի հիշատակն ու ամրապնդում պատմական կեղծիքը»,- իր հերթին հայտարարել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Լարս Ասլան Ռասմուսենը, ում հայրն, ի դեպ, ըստ տեղական «Պոլիտիկեն» պարբերականի, ազգությամբ թուրք է։ - «Տեղի ունեցածը ցեղասպանություն էր, եւ Թուրքիան պետք է ընդունի դա»,- հայտարարել է թուրքական արմատներ ունեցող քաղաքական գործիչը եւ հռետորական հարց հնչեցրել՝ եթե այսօր մենք այլընտրանքային տեսակետ ենք ներկայացնում Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ապա գուցե վաղն էլ հարթակ տանք Հոլոքոստը ժխտող Իրանի՞ն։

Թագավորական գրադարանի տնօրենը, սակայն, քննադատությունները չի ընդունում եւ պնդում է, թե այս քայլով ինքն ընդամենը ուզում է ներկայացնել վիճաբանող երկու կողմերի տեսակետները։
XS
SM
MD
LG