Մատչելիության հղումներ

Աշխարհի վերջի մասին «սխալ ինֆորմացիա է տարածվել»


Մայաները աղոթում են աշխարհի վերջին նվիրված արարողության ժամանակ, Կուբա
Մայաները աղոթում են աշխարհի վերջին նվիրված արարողության ժամանակ, Կուբա

Մինչ մարդկությունը նախապատրաստվում է աշխարհի վերջին, գերմանացի պատմաբան Սվեն Գրոնեմեյերը հայտարարում է, որ մայաների հայտնի օրացույցը սխալ է մեկնաբանվել եւ սխալ ինֆորմացիա է տարածվել աշխարհի վերջի մասին:

Մասնագետի կարծիքով Մայաների այդ «հաղորդագրությունը» լրիվ այլ իմաստ է պարունակում:

«Աշխարհի վերջի մասին այսքան մեծ աղմուկ բարձրացրած մայաների օրացույցը, որը գտնվել է Կոմալկակլո տաճարում, իրենից ներկայացնում է 1300 տարի հնությամբ քարե սալիկ: Այն հին ցիկլային օրացույց է, որը կազմված է 13 հաջորդական ժամանակաշրջաններից, որոնցից յուրաքանչյուրը տեւում է 394 տարի: Օրացույցը վերջանում է 13-րդ ժամանակաշրջանում, որը մեր՝ ժամանակակից օրացույցով համընկնում է 21-12-2012 թվականին», - ասում է գերմանացի գիտնականը՝ շտապելով վստահեցնել, որ դա չի նշանակում, որ աշխարհը եւ մարդկությունը վերանում է, դա ուղղակի նշանակում է, որ ամեն ինչ սկսվելու է նորից:

ՆԱՍԱ-ն եւս անդրադարձել է աշխարհի վերջի մասին լուրերին, նշելով, որ դրանք կեղծ են, անհանգստանալու առիթ չկա:

Մայաների քաղաքակրթության մեջ յուրաքանչյուր ժամանակաշրջան (394 տարի) պատկանում էր գլխավոր աստվածություններից մեկին: Գիտնականները պնդում են, որ դա նշանակում է, որ ինչպես չինական հորոսկոպում այսպես կոչված 13-րդ ժամանակաշրջանի աստվածությունը կփոխարինվի առաջին ժամանակաշրջանի աստվածությամբ:

Աշխարհի վերջի մասին խոսակցություններից մեկի պատճառով Չինաստանում նույնիսկ ողբերգական դեպք է գրանցվել: Մի տղամարդ աշխարհի վերջի մասին լուրերի պատճառով դպրոցներից մեկում դանակահարել է 23 դպրոցականի: Պարզվել է, որ այդ մարդը տառապում է էպիլեպսիայով, եւ աշխարհի վերջի մասին լուրերը նրա վրա մեծ ազդեցություն են գործել:

Չինաստանի իշխանությունները մի քանի հարյուր մարդ են ձերբակալել, ովքեր աշխարհի վերջի վերաբերյալ լուրեր են տարածել։

Իսկ ԱՄՆ-ում աշխարհի վերջը «դիմավորելու» նպատակով, հատուկ կայք է ստեղծվել, որում տարբեր խորհուրդներ են տեղադրում այն մասին, թե ինչպես փրկվել «աշխարհի վերջից»:

Ամերիկյան լրատվամիջոցները նույնիսկ պարզել են, որ դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջը դիմավորելու լավագույն տեղը Սերբիայի հարավում գտնվող Ռտան սարն է:

Լեռան մատույցներում գտնվող հյուրանոցներից մեկի կառավարիչը հայտնել է որ դեկտեմբերի 21-ի համար նախապես համար է պատվիրել 500 հոգի, աշխարհի տարբեր երկրներից:

Լեգենդի համաձայն, լեռան խորքում այլմոլորակայինները կառուցել են բրգաձեւ մի շինություն, որը մոգական ուժի է տիրապետում:

«Աշխարհի վերջ»-ի թեման օգտագործում են նույնիսկ գովազդատուները: Օրինակ կոսմետիկայի հայտնի ընկերություններից մեկն իր վերջին գովազդում կոչ է անում աշխարհի վերջը դիմավորել դիմահարդարված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG