Մատչելիության հղումներ

logo-print

Լրագրողը դիմելու է ԱԺ Էթիկայի հանձնաժողով


«Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանը պատգամավոր Մհեր Սեդրակյանի (ՀՀԿ) երեկվա արտահայտությունների կապակցությամբ դիմելու խորհրդարանի Էթիկայի հանձնաժողով:

Այսօր լրագրողին զրույցի էր հրավիրել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդարանում երեկ տեղի ունեցած միջադեպից հետո մի խումբ լրագրողներ նամակ էին հղել Աբրահամյանին` կատարվածին քաղաքական գնահատական տալու, Մհեր Սեդրակյանին նկատողություն հայտարարելու եւ նրան Արշակյանից հրապարակային ներողություն խնդրել պարտադրելու պահանջով:

Լրագրողների խմբին, ի դեպ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ավելի քան 160 մարդ է միացել:

Խորհրդարանի խոսնակի հետ զրույցից հետո Մհեր Արշակյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Հովիկ Աբրահամյանը, կուսակցի պահվածքում լրագրողին վիրավորելու միտում չտեսնելով հանդերձ, խորհուրդ է տվել դիմել Էթիկայի հանձնաժողով:

Արշակյանը, մինչդեռ, վստահ է, որ Սեդրակյանը միտումնավոր է վիրավորել իրեն. - «Ինքն իր միտումը ցույց տվեց` ասելով, որ ձեզ մարդատեղ ենք դրել, ձեզ այդպես եք պահում: Այսինքն` «մարդատեղ դնելու» մասին ինքը վաղուց է մտածել: Եվ վաղուց էլ մտածել է, որ մենք գերազանցում ենք մեր լիազորությունները»:

Արշակյանը նաեւ փոխանցեց, որ Աբրահամյանը ցանկացել է կազմակերպել պատգամավորի եւ լրագրողի դեմ առ դեմ հանդիպում. - «Ազգային ժողովի նախագահը իր ափսոսանքը եւ ցավը հայտնեց տեղի ունեցածի կապակցությամբ… Եվ ինքը խնդրեց, որ հանդիպեմ Մհեր Սեդրակյանի հետ: Ես ասացի, որ սկզբունքորեն խնդիր չեմ տեսնում հանդիպել Մհեր Սեդրակյանի հետ»:

Ներողություն խնդրելու մասին, սակայն, ԱԺ խոսնակի եւ լրագրողի զրույցի ընթացքում խոսք չի եղել:

«Վստահեցնում եմ ձեզ, որ անքնությամբ չեմ տառապի Մհեր Սեդրակյանի ներողություն չխնդրելու պատճառով», - ասաց Մհեր Արշակյանը:

Սեդրակյանը, հիշեցնենք, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել` անգամ եթե հանրապետության նախագահն այդպես որոշի, պատգամավորի մանդատից էլ չի պատրաստվում հրաժարվել:

«Էն դեպքում, երբ ինքն ա հրահրում, ես ասեմ ինձ կներե՞ք», - ասել է պատգամավորը: - «Եթե մի հատ ընենք մարդ լիներ… անծանոթ մարդ եթե լիներ` ոչ լրատվությունից, հաստատ դրա գլուխը ջարդելու էի»:

Տեղի ունեցածի վերաբերյալ ափսոսանք են հայտնել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Շարմազանովն ու Աշոտյանը անգամ ներողություն էին խնդրել:

«Եթե ես մտածված ներողություն եմ խնդրում, ուրեմն դրա պատճառն ու առիթը կա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Շարմազանովը:

Հարցին, թե որեւէ պատասխանատվության կենթարկվի Մհեր Սեդրակյանը, Ազգային ժողովի փոխխոսնակն արձագանքեց. - «Չենք քննարկել դեռ այս հարցը: Կարծում եմ` որեւէ բան անհետեւանք չպիտի մնա: Ոչ միայն սրա մասին եմ ասում: Դուք ուշադիր կարդացել երկրի նախագահի ելույթը: Երկրի նախագահի ելույթի ցանկացած դրույթ պետք է իրականացվի: Երկրի նախագահը տվեց, որպես պետության առաջնորդ, այն փիլիսոփայությունը, որով պետք է գնա իշխանությունը: Եվ այն մարդիկ, որոնք այդ փիլիսոփայությանը չեն ենթարկվի կամ չեն համապատասխանի, պետք է տեղ չունենան: Մենք ասում ենք` քաղաքացու հետ պետք է խոսել «Դուք»-ով»:

Մհեր Արշակյանը, ի դեպ, փոխանցեց, որ Հովիկ Աբրահամյանը իրենց զրույցի ողջ ընթացքում իր հետ «դու»-ով է խոսել:

ՀՀԿ-ի արտահերթ համագումարում նախագահի ելույթի մասին լրագրողն ասաց. - «Սերժ Սարգսյանի ելույթը ուղղված էր մի իրականությանը, որը ինքն էլ ստեղծել է: Այդ իրականությունում ո'չ Մհեր Սեդրակյանը կա, ո'չ ես: Մհեր Սեդրակյանը, որպես Ազգային ժողովի պատգամավոր, կա մի իրականությունում, որտեղ ես մուտք ունեմ տեսականորեն: Սերժ Սարգսյանի իրականություն ես մուտք չունեմ: Եվ այդ անմուտք իրականությունում Մհեր Սեդրակյանը բացարձակապես իր պահվածքով չի հակասել Սերժ Սարգսյանի ելույթին»:

Հավելենք, որ Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կարծում է, որ երեկվա դեպքը իրավական պատասխանատվություն չի ենթադրում:
XS
SM
MD
LG