Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 20-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Երեկվա հերոսն անշուշտ Թոխմախի Մհերն էր: Մեր գործընկեր Մհեր Արշակյանը, որ հաստատ անդաստիարակ ու կպչուն լրագրողների թվին չի պատկանում, հայտնվել է սրա «տեսադաշտում» ու ենթարկվել «ծնոտը» կորցնելու վտանգին: Չպատճառաբանված կատաղության նոպա դրսեւորած «օրենսդիրը» հետո իր պահվածքը բացատրել է, թե՝ զայրացած էի: Այսինքն՝ լրագրողներն այսուհետ ԱԺ պատգամավորներին մոտենալուց առաջ պետք է հետաքրքրվեն նրանց հոգեվիճակով, զգացողություններով, տրամադրությամբ: Իսկ եթե ավելի լուրջ, ապա թոխմախներն ու բուռնաշները մեղավոր չեն՝ մեղավորը նրանց պառլամենտ բերողներն են, որոնք առաջնորդվեցին «հավատարիմ հիմարն ու գողականը անհավատարիմ ինտելեկտուալից լավ է» կարգախոսով եւ երկրի օրենսդիր մարմինը լցրեցին գաղութների կոնտինգենտով»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Նախագահական ընտրությունից առաջ դարձյալ քննարկման առարկա է Հայաստանի գլխավոր պաշտոնյայի լեգիտիմության հարցը: Իսկ սա խնդիր է, որ մենք «լուծում» ենք արդեն 1998 թվականից, բայց այդպես էլ չենք «լուծում»: Ի դեպ, թե' Ռոբերտ Քոչարյանը, թե' Սերժ Սարգսյանը լեգիտիմությունը փնտրել են արտերկրում` չգտնելով այն երկրի ներսում: Երկուսն էլ նույն են արել: Հայաստանում ձգտել են անսահմանափակ իշխանության` իրենց ճանապարհին ոչնչացնելով անգամ այն «ճյուղերը», որոնցից կարող էին բռնել հարկ եղած դեպքում: Լեգիտիմություն չունենալու ախտը ստիպում է իշխանությունը բռնազավթողին անդադար ուղիներ որոնել նույն այդ իշխանությունը պինդ պահելու համար: Այսպիսի իշխանավորը անխուսափելիորեն դառնում է կասկածամիտ ու վախկոտ: Այսպիսի իշխանավորը բոլոր թելերով կապված է ընտրակեղծարարներին եւ բռնություն իրականացնողներին: Պարզ ասած` նա շատ լավ գիտակցում է, որ իր կյանքը կախված է նրանցից»:

«Ժամանակ»-ի վերլուծաբանը գրում է. - «ՀԱԿ առաջնորդ Տեր-Պետրոսյանին առաջադրվելը ձեռնտու չէ, քանի որ նա բավական պրագմատիկ է եւ պատկերացնում է, որ արձանագրելու է ավելի վատ արդյունք, քան 2008-ին, ընդ որում` ոչ միայն զուտ պաշտոնական թվերի, այլ ընդհանրապես նաեւ նախընտրական ու հետընտրական հասարակական աուրայի իմաստով: Իսկ եթե նա առաջադրի մեկ այլ անձնավորության, ապա դա կարող է ՀԱԿ-ի ներքին հակասությունները առավել խորացնել եւ արագացնել, ինչը բավական կբարդացնի Տեր-Պետրոսյանի հեռանալու սահուն գործընթացը, որ նա սկսել է արդեն տեւական ժամանակ: Այս պայմաններում չմասնակցելը, իհարկե, կամաց-կամաց դառնում է ամենաօպտիմալ տարբերակը, այսպես ասած` «երգով նահանջի» տարբերակը: Եվ այդ իսկ պատճառով էլ ՀԱԿ-ում սկսել են ակնարկել նաեւ այդ տարբերակի մասին: Սա նաեւ կնշանակի, որ Կոնգրեսում կորցրել են ԲՀԿ աջակցության՝ ստվերային աջակցության հույսը, որ փայփայում էին Գագիկ Ծառուկյանի որոշմանը հաջորդած ժամերին եւ օրերին, կարծելով, որ ԲՀԿ ընտրազանգվածը կգնա դեպի ՀԱԿ»:

«Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին հարցնում է. - «Կարո՞ղ է Րաֆֆի Հովհաննիսյանը լինել ընդիմության միասնական թեկնածուն»։ Պատասխան. - «Համենայն դեպս դեռեւս ոչ մեկի մտքով չի անցել նման քննարկում ձեռնարկել»։ Հարց. - «2008-ին «Ժառանգություն»-ն աջակցել է Տեր-Պետրոսյանին եւ ակնկալում է, որ հիմա էլ դուք պաշտպանեք իրենց թեկնածուին»։ Պատասխան. - «Այդ մոտեցումը չի կարող դրվել քաղաքական որոշումների հիմքում, որովհետեւ, կներեք, Տեր-Պետրոսյանի թեկնածությունն այդ օրերին պաշտպանում էր 24 կուսակցություն։ Այդ տրամաբանությամբ բոլոր 24 կուսակցությունների առաջնորդները կարող են նույն պահանջը ներկայացնել»։

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան»-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի` նախագահական ընտրություններում չառաջադրվելու եւ որեւէ թեկնածուի չսատարելու մասին որոշմանը` «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում Քաղաքագետների միության նախագահ, ԲՀԿ-ի համամասնական ցուցակով պատգամավորի մանդատ ստացած, ապա դրանից հրաժարված Հմայակ Հովհաննիսյանն ասել է. - «ԲՀԿ-ի 500.000 անդամները սպասում էին, որ Նոր տարվա ծախսերը կկարողանան ընտրությունների ընթացքում փակել՝ վստահված անձ, դիտորդ դառնալու հաշվին: Բայց օլիգարխները, որոնք իրական իշխանություն են այս երկրում, հավաքվեցին իրար գլխի և վճիռ կայացրեցին` ի՞նչ իմաստ ունի փող ծախսել, եկեք էդ փողը չծախսենք, քցենք ժողովրդին: Քցել են ժողովրդին, ազգին են քցել, Հմայակ Հովհաննիսյանին չեն քցել»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG