Մատչելիության հղումներ

Ալիեւ. «BP-ի մասին իմ հայտարարությունը սխալ էին հասկացել»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե պաշտոնական Բաքվի եւ British Petroleum նավթային ընկերության միջեւ վերջին ամիսներին ծագած լարվածության պատճառներից մեկը հայկական լոբբիի գործունեությունն էր:

Այս մասին Ալիեւը հայտարարել է Ազգային օլիմպիական կոմիտեում հրավիրված խորհրդակցության ընթացքում:

Անսպասելիորեն շեղվելով հավաքի բուն թեմայից՝ լոնդոնյան օլիմպիադային մասնակցած ադրբեջանցի մարզիկների մեծարման արարողությունից, Ալիեւը սկսել է խոսել երկրում գործող արեւմտյան խոշորագույն նավթային ընկերության եւ իր կառավարության հարաբերությունների մասին:

«Մի քանի ամիս առաջ կառավարության նիստի ընթացքում ես անդրադաձել էի այս խնդրին, սակայն մեր երկիրը չսիրող արտաքին ուժերը, հայկական լոբբին եւ վերջինների հետ ցավալիորեն նույն ճամբարում գտնվող ադրբեջանական ընդդիմությունն ամեն ինչ այլ կերպ ներկայացրեցին՝ հայտարարելով, թե իբր ես պնդել եմ, որ նավթային ոլորտում լուրջ խնդիրներ կան», - նշել է Ալիեւը:

Նշենք, որ Ալիեւի հայտնի հայտարարությունը շատ միանշանակ էր հնչում: Դիմելով կառավարության անդամներին՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր․ - «Ազերի եւ Չիրագ հանքավայրերը շահագործող ընկերությունների կոպիտ սխալների պատճառով երկրի բյուջեն 2012-ին լրջագույն կորուստներ է կրել՝ մոտ ութ միլիարդ դոլար»։

Այս երկու հանքավայրերը շահագործվում են միջազգային կոնսորցիումի կողմից, որում առանցքային դերակատարություն ունի BP ընկերությունը:

Այսօր արդեն Ադրբեջանի ղեկավարը պնդում է, որ իրեն սխալ են հասկացել: Նրա խոսքով, ինքը պարզապես խոսել էր նավթի արդյունահանման ծավալների կայունացման անհրաժեշտության մասին:

«Ես ուրախ եմ, որ BP ընկերության ղեկավարը, ժամանելով Բաքու, ըմբռնումով մոտեցավ մեր այս տեսակետին եւ հաջորդ տարվանից մենք նավթի արդյունահանման կայունացման ականատեսը կդառնանք», - նշել է Ալիեւը՝ միանշանակ պնդելով, թե British Petroleum-ի հետ տարաձայնությունների խորությունը չափազանցված է եղել։ - «Թող չհրճվեն մեզ չսիրող ուժերը՝ այն բոլոր դավաճանները, ներքին ընդդիմությունը` նույն այն մարդիկ, որ ուրախանում էին, թե օլիմպիական խաղերի առաջին օրերին մեր մարզիկները որեւէ մեդալ չեն շահել», - միջոցառման բուն թեմային վերադառնալով՝ ասել է Ադրբեջանի նախագահը։

Չնայած Ալիեւի հավաստիացումներին, հարկ է հիշեցնել, որ նրա այդ քննադատական ելույթից հետո Ադրբեջանի իշխանամետ մամուլը իր հրապարակումների հիմնական թիրախ ընտրել էր հենց նավթային այս ընկերությանը: Ավելին՝ իշխանության լիակատար վերահսկողության տակ գտնվող խորհրդարանում՝ Միլի Մեջլիսում, կազմակերպված քննարկումների ժամանակ կարծիք էր հնչել, թե հարկավոր է BP-ին զրկել Ադրբեջանի տարածքում գործելու իրավունքից՝ վաղաժամ խզելով դեռ Հեյդար Ալիեւի օրոք ընկերության հետ կնքված համաձայնագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG