Մատչելիության հղումներ

Անօթեւանների կացարանը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի


Վարդաշենի անօթեւանների կացարանին պետությունը պարտք է 7.5 միլիոն դրամ, եւ այն մոտակա օրերին չմարելու դեպքում 38 մարդ կրկին կհայտնվի փողոցում:

Խնդիրն այն է, որ Երեւանի քաղաքապետարանը հրաժարվում է տրամադրել հանձնառած մասնակի ֆինանսական աջակցությունը «Հանս-Քրիստիան Կոֆուեթ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամին` որպես պատճառ նշելով միջոցների բացակայությունը, եւ այդ պարտականությունը փոխանցել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը:

Հիմնադրամի տնօրեն Շավարշ Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ամեն օր գնում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, սակայն դեռեւս որեւէ արդյունքի չի հասել: Նախարարությունում խոստացել են խնդիրը բարձրացնել կառավարության առաջիկա նիստում:

«Այս երկու օրը բազմաթիվ մարդիկ են դիմել, եւ ես չեմ կարողանում ընդունել: Մի քանի անգամ գնացել եմ սոցապ նախարարություն եւ առաջարկել եմ, ասել եմ` կհանեմ վաղվանից: Բայց դե իմ խիղճն էլ, որպես բարեգործական հիմնադրամի տնօրեն, թույլ չի տալիս, որ մարդկանց այս ձմռան ցրտին հանեմ դուրս», - ասաց Խաչատրյանը:

Մեկ տարվա ընթացքում հիմնադրամն ընդունել է 136 մարդու: Նրանցից 26-ը հիմնադրամի աշխատակիցների ջանքերի շնորհիվ, ովքեր կապ են հաստատել այդ մարդկանց հարազատների հետ, վերադարձել են տուն: Շատերն էլ աշխատանք են գտել կամ այլ տեղ բնակվելու հնարավորություն է առաջացել:

Շավարշ Խաչատրյանը նկարագրեց, թե ինչ սոսկալի պայմաններում են ապրելիս եղել անօթեւանները. - «Սուրբ Սարգիս եկեղեցու դիմացի ձորում մարդիկ ապրում էին պանելների տակ: Այդ պանելի տակ շունն անգամ չի կարող մտնել, իսկ մարդը մտել ու ապրում էր»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում կացարանում ապրող մարդիկ խնդրում էին, որ իրենց կրկին փողոց չուղարկեն` անգամ եթե հաց չկա: Միայն թե տանիք ունենան գլխավերեւում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG