Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 19-ի մամուլ


«Ժողովուրդ» թերթի խմբագիրը գրում է. - «Հատկապես նախագահական ընտրություններից առաջ Արեւմուտքից եւ Ռուսաստանից աջակցության որոշակի ազդակներ ստացած Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու առավելագույն ջանքեր գործադրել` կողմերից յուրաքանչյուրին հնարավորինս գոհացնելու եւ առայժմ միայն ավանսի տեսքով ստացած ազդակները ամրապնդելու համար: Որքան էլ Սերժ Սարգսյանը չցանկանա, կողմերից յուրաքանչյուրին տված խոստումները ստիպված է լինելու ամրապնդել կոնկրետ գործողություններով, ընդ որում` մինչեւ նախագահի թեկնածուների առաջադրումը: Այս առումով բավականին ծանր է լինելու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք այսօրվա հանդիպման ներքին օրակարգը: Ուշագրավ է, որ Ռուսաստանի նախագահը այսօր երկկողմ հանդիպումներ է ունենալու Մաքսային միությանն անդամակցող պետությունների` Բելառուսի ու Ղազախստանի նախագահներ Լուկաշենկոյի եւ Նազարբաեւի հետ, ապա նաեւ` այդ միությանն անդամակցելուց տեւական ժամանակ խուսափող Հայաստանի Հանրապետության նախագահի հետ»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Երբ տարիներ առաջ մեկը մյուսի հետեւից հերթական կուսակցությունն էր գրանցվում, մտահոգություն կար, թե մի օր սրանք կվերածվեն կուսակցապետերի բիզնես ծրագրերի իրականացման գրասենյակների, ու խմբակային շահերին կծառայեցվեն նաեւ քաղաքական գործընթացները: Եվ այսօր որոշ կուսակցություններ ոչ միայն ներքաղաքական իրողություններն են ծառայեցնում սեփական շահերին, այլեւ աշխարհի գերտերությունների` մեր երկրի հանդեպ ունեցած հետաքրքրություններն են փորձում օգտագործել այդ նույն շահերի համար: Հիասթափությունն առավել է, երբ պարզվում է, որ ազգի ու պետության հոգսով մտահոգված ներկայացող կուսակցությունն իրականում դրսի ստրուկն է, որ ներսում զբաղված է տարբեր աշխարհաքաղաքական բեւեռների շահերի սպասարկմամբ»:

«Ժամանակ»-ում կարդում ենք. - «Այնպիսի տպավորություն է, որ «Բարգավաճ Հայաստան»-ի թեման նախընտրական այս շրջանում ոչ թե փակվել է՝ ներքաղաքական գործընթացների դերակատարման իմաստով, այլ ընդամենը սառեցվել, որպեսզի անհրաժեշտ պահին կրկին դրվի շրջանառության մեջ: Իրավիճակը հիմք է տալիս ենթադրելու, որ «Բարգավաճ Հայաստան»-ը սպասողական դիրքում է եւ ըստ իրավիճակի զարգացման` կհայտարարի կամ նախագահական ընտրություններով բացարձակապես հետաքրքրված չլինելու մասին՝ հղում անելով խորհրդարանական կառավարման մոդելին եւ ասելով, որ միեւնույն է` իրենք Հայաստանը խորհրդարանական կառավարմամբ երկիր են պատկերացնում, կամ էլ կհայտարարի իր ընտրողներին այս կամ այն կերպ կողմնորոշելու մասին: Իսկ այդ ընտրողները քիչ չեն: ԲՀԿ-ն մոտավորապես 500 հազար ձայն ուներ խորհրդարանական ընտրությանը: Այդ 500 հազար ձայնը կամ կմնա տանը, կամ կգնա որեւէ մեկի կողմ»:

«Հրապարակ»-ը զրուցել է թիվ 1 ընտրատարածքի նորընտիր պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Դուք պակաս հայտնի անձնավորություն եք, քան Ստյոպա Սաֆարյանը, որը, պետք է ասել, լավ եւ բարեխիղճ պատգամավոր է եղել, այդ ինչպե՞ս Ձեզ հաջողվեց համոզել ավանցիներին»: Պատասխան. - «Այո, ես քաղաքականապես հայտնի չեմ եղել, բայց որպես Սարգսյան Ռոբերտ՝ ես հայտնի եմ եղել: Ավան համայնքում ես ապրել եմ 33 տարի, այսինքն՝ երեխա վախտվանից մինչեւ հասուն տարիքս ես միշտ էլ ապրել եմ եւ շփվել: Այո, որպես քաղաքական գործիչ, ես հայտնի չեմ եղել, բայց մեր համար աշխատել է մեր թիմը՝ ՀՀԿ-ն, որի արդյունքում էլ այդ արդյունքը ստացել ենք: Ես 1998 թվականից ՀՀԿ անդամ եմ, միգուցե ինձ չեն ճանաչել, բայց ես քաղաքական-հասարակական ոլորտում վաղուց եմ գործունեություն ծավալում»: Հարց. - «Այնուամենայնիվ, Ձեզ կհաջողվի՞ Ձեր վրայից հանել «աներձագի» պիտակը, որը հանրությունը տվեց Ձեզ այս ընթացքում՝ հենց այդ որակումը համարելով Ձեր միակ արժանիքը»: Պատասխան. - «Դա պիտակ չի, դա խնամիական կապ է այսպես ասած, մենք որ շատ ման գանք, կարող է ես ու դու էլ իրար հետ խնամի լինենք»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Վերջին երկու օրերին երեւանցիներն իրենց մաշկի վրա զգացին, թե ինչ է «ատկատը»: Տվյալ դեպքում «ատկատը» մայրաքաղաքի մայթերին հաստ շերտով սառույցն է, փողոցների եզրերի երկայնքով կիլոմետրերով ձգվող խորը ցեխաջրերը, թրջված ոտքերը, ամեն պահի ընկնելու եւ մարմնի որեւէ մաս կոտրելու վտանգը, չաշխատող հասարակական տրանսպորտը, կանգառներում ժամերով կանգնելու պատճառով մինչեւ ոսկորները սողոսկած ցուրտը, ավտոպատահարի «բախվելու» հեռանկարը եւ այլն: Երեւանի քաղաքապետարանը երեկ այս առիթով հայտարարություն տարածեց, որտեղ նշված են տոննաներով օգտագործված աղի եւ հարյուրավոր ձյուն մաքրող մեքենասարքավորումների կատարած աշխատանքի մասին տեղեկություններ: Բնականաբար, այդ ամենը տեղ կգտնի նաեւ քաղաքապետարանի ֆինանսական հաշվետվության մեջ, իսկ ահա վերը նկարագրվածը որեւէ հաշվետվության մեջ չի հայտնվի»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG