Մատչելիության հղումներ

«Մատաղիսի գործով» երեք մեղադրյալներն արդարացվեցին


Ձախից` աջ--Մուսա Սերոբյանը, Արայիկ Զալյանը, Ռազմիկ Սարգսյանը դատարանի դահլիճում, 18-ը դեկտեմբերի, 2012: Լուսանկարը` Asparez.am-ի
Ձախից` աջ--Մուսա Սերոբյանը, Արայիկ Զալյանը, Ռազմիկ Սարգսյանը դատարանի դահլիճում, 18-ը դեկտեմբերի, 2012: Լուսանկարը` Asparez.am-ի
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 4.5 տարի քննելուց հետո այսօր Մատաղիսի գործով արդարացման դատավճիռ հրապարակեց: Արդեն նախկին ամբաստանյալներ Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանն ու Մուսա Սերոբյանը անմեղ ճանաչվեցին` կատարված հանցագործությունում նրանց մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով:

Դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո ապացույցների հետ միասին այն ուղարկվելու է զինվորական դատախազություն եւ նոր անձի նկատմամբ հայտարարվելու է քրեական հետախուզում:

2003 թվականին Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում իրենց ծառայակիցներ Հովսեփ Մկրտումյանին եւ Ռոման Եղիազարյանին սպանելու մեջ մեղադրվող նույն զորամասի երեք նախկին զինծառայողներ՝ Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանն ու Մուսա Սերոբյանը, դատապարտվել էին ցմահ ազատազրկման։ Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2006 թվականի մայիսին «Մատաղիսի գործը» բեկանել եւ ուղարկել էր լրացուցիչ քննության, իսկ ցմահ ազատազրկման դատապարտված զինծառայողները ազատ էին արձակվել։ Սակայն 2008 թվականի ամռանը երեք նախկին զինծառայողները կրկին նույն մեղադրանքով հայտնվեցին ամբաստանյալի աթոռին, եւ միայն այս ամսվա սկզբում մեղադրող կողմը սպանության մեղադրանքը փոխեց՝ ամբաստանյալներին մեղադրելով Ռոման Եղիազարյանին եւ Հովսեփ Մկրտումյանին դիտավորությամբ մարմնական ծանր վնասվածք հասցնելու մեջ, որն անզգուշությամբ մահվան է հանգեցրել։ Նոր մեղադրանքով մեղադրող կողմը միջնորդել էր դատարանին Ռազմիկ Սարգսյանին դատապարտել 7, իսկ Արայիկ Զալյանին ու Մուսա Սերոբյանին՝ 8 տարվա ազատազրկման։

Նախկին ամբաստանյալ, իրավապաշտպան Արայիկ Զալյանի համար հրապարակված արդարացման վճիռը սպասելի էր:

«Ես միշտ բոլոր ատյաններում էլ սպասել եմ, եւ նախկինում կայացված որոշումների ժամանակ էլ, անգամ երբ Վերաքննիչը դատապարտեց ցմահ ազատազրկման, ես այդ ժամանակ էլ էի սպասում, որ արդարացման որոշում լինի, որովհետեւ եթե դու չես կատարել այդ հանցագործությունը, միշտ էլ սպասում ես, որ պետք է կայացվի արդարացման որոշում», - ասաց Զալյանը:

Նախկին ամբաստանյալներից Ռազմիկ Սարգսյանը թերեւս ամենաշատն էր հուզվել, նա չէր սպասում արդարացման դատավճռի:

«Անակնկալ էր բոլորիս համար: Ինը տարի ի՞նչ տեսանք, նոր արդարություն տեսանք: Ինը տարվա մեջ հույսս կտրել էի», - ասաց նա:

Այս գործով տուժողի իրավահաջորդ Մկրտիչ Մկրտումյանը, ով դատական գործընթացում պնդում էր, որ ամբաստանյալի աթոռին հայտնված երեք երիտասարդները կապ չունեն իր որդու` Հովսեփ Մկրտումյանի եւ Ռոման Եղիազարյանի սպանության հետ, ասաց, թե փաստերի վրա հիմնվելով է եկել նման եզրակացության:

«Վերջապես իմ իմացածը ճիշտ եղավ, ես ահագին հույսեր ունեի, բայց ամեն դեպքում ես վախենում էի վերեւից ճնշում լիներ», - ասաց նա. - «Հույս ունեմ, որ սրանից հետո էլ գործը կբացահայտվի: Կա արդարություն: Իրական մեղավորը պիտի պատժվի, որ մյուսները խուսափեն: Հիմնականում անպատժելիությունից է էս բոլոր սպանությունները»:

Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ այս դատավճիռը կարող է նախադեպ դառնալ:

«Սա, իհարկե, իր մեծ ներդրումը կունենա համակարգի վարքագծի եւ մտածելակերպի վրա», - ասաց Սաքունցը:

Քանի որ երեք երիտասարդները մոտ երեք տարի անազատության մեջ են եղել, հաջորդ քայլը արդարության վերականգնման հարցում փոխհատուցումն է, կարծում է իրավապաշտպանը:

«Այստեղ արդարության ամբողջական վերականգման մասին է խոսքը: Մարդիկ ոչ միայն պետք է անմեղ ճանաչվեն, այլ նաեւ նրանց` անազատության մեջ գտնվելու փոխհատուցումը պետք է լինի», - ասաց Սաքունցը:

Թե արդյոք մեղադրող կողմը կբողոքարկի այսօր հրապարակված դատավճիռը, պարզ կդառնա մեկ ամսվա ընթացքում. ճիշտ այդքան ժամանակ ունեն Վերաքննիչ դատարան դիմելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG