Մատչելիության հղումներ

Ալեն Դելոն. «Միայն սիրո կարիք ունեմ»


Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը այսօր Երեւանում մասնակցեց «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆրանս-ռուսական համատեղ արտադրության ֆիլմի ցուցադրությանը:

Ֆիլմի 5 նովելներից մեկի ռեժիսորը Սարիկ Անդրեասյանն է, պրոդյուսերները` Վալերի Սահարյանն ու Ղեւոնդ Անդրեասյանը:

Ընդամենը մեկ օրով Հայաստան ժամանած կինոյի լեգենդը, ում այսօր ընդունել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ժամանակ հատկացրեց լրագրողների հետ հանդիպմանը:

Կին լրագրողները օգտվեցին առիթից ու համբուրվեցին ֆրանսիական կինոյի ամենագեղեցիկ դերասաններից մեկի հետ, ով 77 տարեկանում էլ պահպանել է իր հմայքը:

«Չգիտեի, որ այդքան սիրված եւ գնահատված եմ Հայաստանում», - ասաց Ալեն Դելոնը` նշելով, որ իր մտերիմ ընկեր Շարլ Ազնավուրը երբեք չի ասել այդ մասին:

Դերասանն ասաց, որ սիրով ու հաճույքով է մասնակցել «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի նկարահանումներին, որովհետեւ մայրերի հանդեպ սերը «հրաշալի թեմա է»:

Շուրջ կեսդարյա համաշխարհային հռչակ ու սեր վայելող դերասանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչի կարիք ունի, պատասխանեց. - «Ես ամեն ինչ ունեմ, ամեն ինչ ունեցել եմ: Իսկ հիմա միայն սիրո կարիք ունեմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG