Մատչելիության հղումներ

2012 թվականի դեկտեմբերի 18-ը հետխորհրդային Չեխոսլովակիայի եւ Չեխիայի առաջին նախագահի մահվան առաջին տարելիցն է։

Օդանավակայան, տաբատների ֆլեշմոբ եւ հսկայական սրտեր. միմյանց հետ, թվում է թե, առչություն չունեցող այս թեմաներով է աշխարհը հարգանքի տուրք մատուցում լեգենդար քաղաքական գործիչ, իրավապաշտպան եւ գրող Վացլավ Հավելին։

Եվրոպայի ամենագեղեցիկ մայրաքաղաքներից մեկի` Պրահայի միջազգային օդակայանը անվանել են Վացլավ Հավելի օդակակայան, եւ ամեն օր հազարավոր ուղեւորներ` Պրահա ժամանելիս, կամ Պրահայից մեկնելիս` լսում են նրա անունը, տեսնում են գերարդիական շենքի վերեւում տեղադրված հսկայական գրությունը` «Վացլավ Հավել»։

Անցյալ տարի Չեխիան նրան` այլեւս պաշտոնաթող ղեկավարին, հրաժեշտ է տվել պետական եւ զինվորական պատիվներով։ Էությամբ բավական աթեիստական այս երկրում Սուրբ Վիտի հոյակերտ տաճարում հոգեհանգստյան պատարագ է մատուցվել։

Չեխերը, սլովակները, եվրոպացիները, ամբողջ աշխարհը ըմբռնում էր պահի պատմական իմաստը` կյանքից հեռացել է Մեծ Մարդ եւ Փիլիսոփա, անվախ առաջնորդ, ով մարտահրավեր է նետել կոմունիստական տոտալիտար համակարգին, հալածվել է, բանտ է նետվել, այնտեղ հիվանդացել է, սակայն չի կոտրվել։

Նեոնե սիրտը Եվրախորհրդարանի շենքի վրա` ի հիշատակ Վացլավ Հավելի:

Նեոնե սիրտը Եվրախորհրդարանի շենքի վրա` ի հիշատակ Վացլավ Հավելի:

Անցած դարի 80-ականների երկրորդ կեսից մինչեւ 90-ականների սկիզբը Հավելի մղած պայքարը` հակակոմունիստական ռազմաճակատի սոսկ մեկ հատվածն էր. ընդվզում էր քաոսային «պերեստրոյկայից» ցնցվող Խորհրդային Միությունը, կոմինիզմից վերջնականապես ձերբազատվելու պահանջով փողոցներ ու հրապարակներ էին դուրս գալիս Լեհաստանի, Հունգարիայի, Ռումինիայի, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացիները։

Եվ այդ երկրներից յուրաքանչյուրն ուներ իր լիդերը, ում վճռականությունից ու խիզախությունից էր կախված պայքարի թե' այդ հատվածի եւ թե' ընդհանուր մեծ ռազմաճակատի վիճակը։

Եվ այնուամենայնիվ Հավելը միշտ ինչ-որ իմաստով առանձին, հատուկ տեղ է գրավել կոմունիստների դեմ պայքարող առաջնորդների շարքում։ Թե' Չեխոսլովակիայում եւ թե' ամբողջ աշխարհում ընդունում էին այն, որ թուլակազմ, հավերժ վատառողջ այս մտավորականը բացառիկ ազնիվ, անկաշառ եւ հիվանդագին աստիճանի արդարամիտ եւ սկզբունքային անձ է, ով բացարձակ առնչություն չունի կեղծ հայրենասերի հետ, հեղինակություն չի ճանաչում եւ առանց վարանելու խոսում է ե'ւ իր երկրի, ե'ւ գերտերությունների թույլ տված սխալների մասին։

Թավշյա հեղափոխությունն այսպիսի լիդեր էր պահանջում, եւ այդ լիդերը Վացլավ Հավելն էր։

Ընտրվելով հետկոմունիստական Չեխոսլովակիայի առաջին նախագահ` Հավելը պատրաստվում էր նկարահանվել մամուլի համար։ Նոր տաբատը երկար էր, նա ծալել էր փողքերը, շտապելուց չափն անցել էր եւ լուսանկարում պատկերվել որպես պրեզիդենտ` ծիծաղ հարուցող կարճ տաբատով։ Հետագայում ինքը Հավելն է ծիծաղով հիշել այդ դրվագը։

Չեխերը հումորով ազգ են, աբսուրդ գրականության եւ կատակների սիրահարներ։ Երեկ սոցցանցերում կոչ է արվել` «եկեք մեր առաջին պրեզիդենտի պատվին դեկտեմբերի 18-ին ծալենք տաբատների փողքերը»։

Այսօր Պրահայում ֆլեշմոբ էր, չնայած ցուրտ եղանակին, մի խումբ տղամարդիկ այդպես են դուրս եկել փողոցներ։

Եվրոպայի ինտեգրման մայրաքաղաք Բրյուսելում Եվրախորհրդարանի շենքին հսկայական նեոնե սիրտ է, Եվրոպան այդպես է հարգանքի տուրք մատուցում Հավելի հիշատակին։

Պրահայում էլ կա նեոնե սիրտ, իսկ Բռնոյում տեղադրել են հսկայական մոմե սրտի արձան, որը ձուլել են անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին Հավելին հրաժեշտ տալու համար մարդկանց բերած մոմերի մնացորդներից։

Հավելը սրտիկ էր նկարում իր ստորագրության կողքին։ Սիրտը սիրո խորհրդանիշ է, եւ Հավելը մնացել է մարդկանց սրտում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG