Մատչելիության հղումներ

«Գրականությունը աշխարհի ազնվանալու տառապալից ճիգն է»


«Գրականությունը աշխարհի ազնվանալու տառապալից ճիգն է»
please wait

No media source currently available

0:00 0:01:53 0:00
Վերնագրում բերված խոսքերը անվերապահորեն վերաբերում են նաեւ դրանց հեղինակի` Հրանտ Մաթեւոսյանի գրականությանը:

Անցած դարի մեր մեծագույն գրողներից մեկի ընտանիքի անդամների, ընկերները, նրա գրականության երկրպագուները այսօր` նրա մահվան 10-րդ տարելիցի օրը, հավաքվել էին Կոմիտասի անվան պանթեոնում` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Մաթեւոսյանի հիշատակին:

«Հրանտ Մաթեւոսյանի թողած գրական ժառանգությունը, մարդկային ոտնահետքերը չեն ջնջվելու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց արձակագիր Հովիկ Վարդումյանը` հավելելով. - «Կգա ժամանակ, որ նա ավելի բարձր պատվանդանի վրա կդրվի ոչ միայն ազգային տիրույթում, այլեւ համաշխարհային մասշտաբով»:

Իսկ արձակագիր Նելլի Շահնազարյանն ասաց. - «Հրանտ Մաթեւոսյանը առ այսօր եւ հետո էլ, կարծում եմ, երկար ժամանակ մնալու է անհասանելի ամենա-ամենան մեր: Ահռելի մեծ սարի նման կա ինքը, որ ինչքան հեռանում է, այնքան ավելի շատ է երեւում իր մեծությունը: Ես կարծում եմ, որ նա աշխարհին պիտի հայտնի լիներ»:

Մինչեւ այժմ ամբողջովին հրատարակված չէ Մաթեւոսյանի թողած գրական ժառանգությունը:

Գրողի որդին` «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթեւոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ առաջիկայում հրատարակելու են մի շարք ժողովածուներ. - «Հիմա արդեն անտիպները կան` «Նանա իշխանուհու կամուրջը» տպագրված է: Անտիպներից կա նաեւ «Տախը», կա նաեւ «Հաղարծինը»: Կտպագրվի, կարծում եմ, մյուս տարի»:

Դավիթ Մաթեւոսյանն ասաց, որ իրենց համար ավելի կարեւոր է «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոնի կառուցումը, ինչի մասին կա կառավարության համապատասխան որոշումը:

«Արվել է շատ քիչ, դրա տասնապատիկը պիտի արվի», - նշեց նա:

Պանթեոն էր եկել նաեւ Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ով «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ այդ տարի Հրանտ Մաթեւոսյանի անվան մրցանակը շնորհվել է ռուս գրող Անդրեյ Բիտովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG