Մատչելիության հղումներ

Լեւոն Զուրաբյանը եւ Վարդան Օսկանյանը դիմել են գլխավոր դատախազին


Վարդան Օսկանյան, Լեւոն Զուրաբյան, արխիվ

Վարդան Օսկանյան, Լեւոն Զուրաբյան, արխիվ

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը դիմել են գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` իրենց առանձնազրույցի «ապօրինի գաղտնալսման» եւ ձայնագրությունը սոցիալական ցանցերում տեղադրելու փաստի առիթով քրեական գործ հարուցելու պահանջով:

Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ դիմումը այսօր մուտքագրել են Ազգային ժողովի քարտուղարություն, որտեղից էլ պետք է այն ուղարկվի Գլխավոր դատախազություն:

Կիրակի օրը համացանցում տեղադրված եւ լրատվամիջոցներում մեծ աղմուկ բարձրացրած ձայնագրությամբ դատախազությունը դեռ չէր զբաղվում` հիմնավորելով, որ Զուրաբյանը կամ Օսկանյանը հանցագործության մասին հաղորդում չեն ներկայացրել: Դատախազությունը վկայակոչում է Քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածը, որով սահմանված է ֆիզիկական անձանց հաղորդում ներկայացնելու կարգը: Սակայն Կոնգրեսը հայտարարում է, որ «սա ոչ թե մասնավոր գանգատի, այլ հանրային մեղադրանքի գործ է. լրատվամիջոցներում տեղ գտած հաղորդումները, տեղադրված ձայնագրման նյութը, նույն օրը Զուրաբյանի տարածած հայտարարությունը (ինչը նա դատախազությանը առաջարկել էր ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին) արդեն իսկ քրեական գործի հարուցման առիթ էր, ուստի դատախազությունը պարտավոր էր ուսումնասիրել հանգամանքները առանց որեւէ մեկի դիմումի»:

Այնուհանդերձ, որոշում է կայացվել դատախազին գրավոր դիմել, որպեսզի տպավորություն չստեղծվի, որ շահագրգռված չեն մեղավորների բացահայտման հարցում, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց Կոնգրեսի պատգամավոր, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը:

Լեւոն Զուրաբյանն էլ, վկայակոչելով Ազգային անվտանգության ծառայության երեկվա հայտարարությունը, որով ծառայությունը հերքեց իր որեւէ առնչությունը պատգամավորների առանձնազրույցի գաղտնալսմանն ու ձայնագրության՝ համացանցում հայտնվելուն, ընդգծեց` «եթե իրենք չեն, ապա թող գտնեն ով է»:

«Մենք, իհարկե, պետք է պահանջատեր լինենք այս հարցում, որովհետեւ կատարվել է հանցագործություն` Սահմանադրությամբ եւ օրենքով երաշխավորված իրավունքի դեմ, եւ ապօրինի գաղտնալսված զրույցի տեղադրում սոցցանցերում, ինչով խախտվել են մեր` քաղաքացիներիս իրավունքները: Մեզ համար ակնհայտ է, որ սա հատուկ ծառայությունների կողմից կատարված հանցանք է, բայց իրենք հիմա արել են հայտարարություն, որ որեւէ կապ չունեն դրա հետ, եւ հարցը մեզ համար արդեն դառնում է հետեւյալը. եթե կապ չունեք, ուրեմն հայտնաբերեք իրական հանցագործներին: Իհարկե, ոչ մի կասկած մեզ համար չկա, որ սա դեմագոգիա է, բայց մենք թույլ չենք տա, որ այս իշխանությունները կատարված հանցանքի համար պատասխանատվությունից խուսափեն», - ասաց Զուրաբյանը:

Գագիկ Ջհանգիրյանը եւս ակնհայտ էր համարում, որ զրույցի գաղտնալսումն ու տարածումը հատուկ ծառայությունների գործն է, որքան էլ պաշտոնապես հերքվում է նրանց առնչությունը: Նա չբացառեց, որ կարող է հանդիպումը նաեւ տեսագրված լինել:

«Քանի որ զրույցը տեղի է ունենում սրճարանում, եւ կողմնակի աղմուկը, շշուկներն ու ձայները, նույնիսկ մատուցողի քայլելու ձայները լրիվ հեռացված ու մաքրված են, դա նշանակում է, որ սա հատուկ ծառայությունների տեսանկարահանում կամ ձայնագրում է եւ ոչ թե լրագրողական հետաքննության, կամ ինչ-որ «չուզող» մեկի: Ի դեպ, այդ տեխնիկական հնարավորությունները չունի նաեւ ոստիկանության օպերատիվ վարչությունը այդպիսի մաքուր ձայնագրություն կատարելու եւ նաեւ ստանալու այդպիսի թե մաքուր ձայն, թե պատկեր: Եվ ես կարծում եմ, որ այստեղ իրենք իրենց բացահայտել են», - ասաց Ջհանգիրյանը, հավելելով. - «Դատախազությունը պարտավոր է ուսումնասիրել այդ ձայնագրառումը` ինչպե՞ս, ո՞ւմ կողմից է կատարվել, արդյոք խախտվել են պատգամավորների սահմանադրական իրավունքներն ու ազատությունները: Արդյոք այդ աշխատակիցները [վստահ եմ հատուկ ծառայությունների աշխատակիցները] չեն չարաշահե՞լ իրենց պաշտոնեական դիրքը, որովհետեւ գաղտնալսումները պետք է կատարվեն միմիայն դատարանի թույլտվությամբ, դա սահմանադրական նորմի պահանջ է: Որպես դիմող կարող է հանդես գալ օպերատիվ հետախուզական մարմնի ղեկավարը կամ քննիչը, բայց պետք է անպայման առկա լինի դատարանի որոշում: Արդյոք հարուցված գործով են լսե՞լ այս զրույցը, կա՞ ինչ-որ հարուցված գործ, թե՞ չկա, ինչ-որ հանցագործության մասին հաղորդման ստուգման փուլո՞ւմ է այս ձայնագրառումը կատարվել, եւ այլն, եւ այլն»:

Կողմնակի քաղաքացիների կողմից գաղտնալսումը Ջհանգիրյանը բացառեց նաեւ այն պատճառով, որ զրույցի ժամանակ սրճարանը դատարկ է եղել, կողքի սեղաններին նստած մարդիկ չեն եղել: Այն դիտարկմանը, թե որոշ շրջանակներ կասկածում են, որ Օսկանյանը կարող է ձայնագրած լինել, քանի որ տարածված ձայնագրության մեջ նա շատ քիչ էր խոսում եւ միայն Զուրաբյանին հարց տվողի դերում էր, Ջհանգիրյանը հակադարձեց, որ հենց Օսկանյանի վրա սլաքներն ուղղելու նպատակով հատուկ ծառայությունները կարող էին զրույցի հենց այդ մասը տարածված լինել:

«Ես վստահ եմ, որ այդ ձայնագրության մեջ առկա են նաեւ հատվածներ, որտեղ հարցերը տալիս է Զուրաբյանը եւ պատասխանում է միայն Օսկանյանը: Ուղղակի ընտրել են ձայնագրության մի հատված, որտեղ Օսկանյանը ընդհանրապես չի խոսում, միայն հարցեր է տալիս եւ ուզում են փորձել ուղղել կասկածները պարոն Օսկանյանի նկատմամբ: Բա այդ օպերատիվ հետախուզական մարմինները, ձեզ թվում է, իրենց գործի մեջ ոչ հմուտ մարդի՞կ են: Բա եթե իրենք մի բան հրապարակում են, նաեւ իրենց նահանջի ճանապարհը պիտի ապահովեն, չէ՞», - ասաց նա:

Գլխավոր դատախազի նախկին տեղակալը համոզված էր, որ պատգամավորների դիմումից հետո Գլխավոր դատախազությունը չի կարող քրեական գործ չհարուցել, քանի որ բոլոր հիմքերը կան:

Փորձեցինք արդարադատության նախարարից իրավական գնահատական ստանալ եւ Հրայր Թովմասյանի գնահատականը եւս ճշտել, բայց նախարարը միայն պատասխանեց, որ կատարվածի վերաբերյալ բավարար տեղեկատվության չի տիրապետում:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG