Մատչելիության հղումներ

logo-print

Հանրապետականները, մինչդեռ, պնդում են, թե դա «պետական գործչի ծրագրային ու գաղափարական ելույթ» էր:

Ընդդիմադիր պատգամավորները քննադատում են նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ-ի արտահերթ համագումարում: Հանրապետականները, մինչդեռ, պնդում են, թե դա «պետական գործչի ծրագրային ու գաղափարական ելույթ» էր:

ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովի համոզմամբ` կուսակցության համագումարում նախագահ Սերժ Սարգսյանը ճշգրիտ ներկայացրեց երկրում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը:

«Եզակի ելույթներից է, պարոն նախագահը եզակի գործիչներից է (եթե չասեմ միակը), որը կարողացավ մեր անկախ պետականության ողջ հիմնական ձեռքբերումների սպեկտրը ներկայացնել, ինչպես նաեւ` թերությունները, ավելին` ստվեր չնետելով իր նախորդ գործընկերների վրա: Դա խոսում է մարդու պետական մտածողության մասին եւ գալիս է ապացուցելու այն փաստը, որ Հանրապետականը երբեք կուսակցամոլությամբ չի տառապել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:

Համագումարում հրապարկվեց Սերժ Սարգսյանի նախընտրական կարգախոսը` «Դեպի ապահով Հայաստան»: Իր ծրագրային ելույթում նախագահը, ընդգծելով, որ ապահով կարող է լինել միայն «արդար Հայաստանը»` խոսեց դատարանների անկախությունից` խոստանալով շարունակել հիմնավոր, արմատական բարեփոխումները, հայտարարեց, որ քաղաքացին պետք է իրեն ապահով եւ ինքնավստահ զգա թե՛ փողոցում, թե՛ աշխատավայրում, թե՛ ոստիկանատանը, թե՛ դատարանում, որ Հայաստանի քաղաքացու հետ պետք է Դուք-ով խոսել: Իսկ կոռուպցիայի եւ ամենաթողության մասին խոսելիս հավատացրեց, որ հայաստանցիների նոր սերունդը անպատժելիության հանդիպելու է «միայն ծնողների հուշերում»:

«Մենք սկսել ենք քայլ առ քայլ դեպի լուսանցք տեղափոխել երկրում տասնամյակներ շարունակ արմատներ ձգած կոռուպցիան ու չարաշահումները: Մենք արմատից մերժեցինք լրագրողների հանդեպ ուժի կիրառման արատավոր պրակտիկան, բացեցինք ողջ լրատվական դաշտը», - ասաց Սերժ Սարգսյանը` վստահեցնելով, որ ընդամենը մի քանի տարի դրսում ապրած մեր հայրենակիցների համար Հայաստանն անճանաչելիորեն փոխվել է:

«Այո, նախագահը շատ ճիշտ նշեց, որ այս հինգ տարիների ընթացքում այն արատավոր պրակտիկան, որ կար (ազատության սահմանափակում, լրատվամիջոցների սահմանափակում, բռնի ուժ), հիմա չկա: Հինգ տարի առաջվա եւ այսօրվա Հայաստաններն անճանաչելի են խոսքի ազատության մակարդակով: Հայաստանը ժողովրդավարության զարգացման ճանապարհին շատ լուրջ առաջընթաց է ապրել: Խոսվեց կոռուպցիայի մասին, բայց ասվեց, որ կոռուպցիան մեկ-երկու օրում չի կարող լուծվել: Հետեւյալ մեսիջը ուղղվեց` անբարեխիղճ մարդիկ, իրենց սեփական գրպանի մասին մտածող մարդիկ տեղ չպետք է ունենան, եւ վաղվա Հայաստանը պետք է լինի ավելի արդար: Սա հստակ մեսիջ էր, որ Հայաստանն իր ընտրությունը կատարել է եւ Հայաստանը գնալու է դեպի ժողովրդավարության զարգացում», - համոզված է իշխող կուսակցության խոսնակը:

Ոչ կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան»-ը նախագահի ելույթին բավական զուսպ է արձագանքում: Կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ
ելույթում մատնանշվող երեւույթների վերաբերյալ իրենք բազմիցս իրենց գնահատականները հնչեցրել են եւ ոչինչ չունեն ավելացնելու:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համար այս ելույթը «բացարձակապես կապ չունի իրականության հետ»:

«Խոսվում է ապահովության մասին, կոռուպցիայի վերացման մասին, կոռուպցիան լուսանցք ուղղելու մասին… Չէ՞ որ Հայաստանի բոլոր քաղաքացիներս մեր մաշկի վրա, մեր շրջապատում տեսնում ենք ինչ է կատարվում: Մեր երկիրը կործանում են կոռուպցիան, մենաշնորհները, զոռբայությունները, դատարանում կատարվող այլանդակությունները: Ի՞նչ ապահովության մասին է խոսքը, եթե Հայաստանը տոկոսային հարաբերությամբ այսօր աշխարհում առաջին արտագաղթող երկրների մեջ է: Ո՞նց կարող է երկիրը լինել ապահով, եթե քաղաքացին այդ «ապահով» վիճակից հեռանում է: Չի կարող բոլոր միջազգային կազմակերպությունների կողմից կոռուպցիայի աճն արձանագրվի անընդհատ, եւ հանկարծ երկրի իշխանությունը խոսի կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Դա արհամարհանք է Հայաստանի քաղաքացուն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մանուկյանը:

Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը «կարգախոսային բնորոշումներ» որակեց նախագահի ելույթի շեշտադրումները` կարծիք հայտնելով, որ նախագահն «ասելիք չուներ», իր նախագահության տարիների որեւէ վերլուծություն չկար ելույթում:

«Սերժ Սարգսյանը նախկինում որ ասում էր` արդարության պակասը ամենամեծ պակասն է Հայաստանում, հետո ի՞նչ եղավ դրանից հետո: Ասում էին` օլիգարխներին պետք է բերենք հարկային դաշտ. դրանից հետո՞ ինչ եղավ: Մեծ հաջողությո՞ւն է համարում, որ Հայաստանում լրագրող չեն սպանել իր պաշտոնավարության տարիներին, եւ դա մեծ հաջողությո՞ւն է: Էդպիսի հաջողություններ կարող ենք բազմաթիվ արձանագրել, ասենք` քաղաքացիական պատերազմ չի եղել Հայաստանում, զանգվածային ինքնասպանություններ չեն եղել, սովամահության զանգվածային դեպքեր չեն եղել… Եվ դա, փաստորեն, այն քիչ հաջողություններից է, որ Սերժ Սարգսյանն ու իր իշխանությունը կարող են ներկայացնել ժողովրդին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Փաշինյանը` հավելելով. - «Եվ անկեղծ ասած որպես քաղաքացի այդ տեքստը կարդալով ես դատարկված զգացի ինձ, որովհետեւ շատ տխուր է, երբ մարդը, ով հավակնում է հանրապետության ղեկավարի պաշտոնը կրկին ստանձնելուն, ըստ էության լիդեր չէ բառիս քաղաքական, պետական իմաստով»:

Իշխող կուսակցությունը բնական է համարում ընդդիմախոսների քննադատությունը, քանի որ, ըստ Էդուարդ Շարմազանովի, քաղաքական ընդդիմությունը «ընտրությունից առաջ չի կարող իր մեջ ուժ գտնել եւ ասել ճշմարտությունը»:
XS
SM
MD
LG