Մատչելիության հղումներ

Ադրբեջանը «եռապատկելու է գրավյալ տարածքների ազատագրմանն ուղղված ջանքերը»


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարով

2013 թվականին Ադրբեջանը, ինչպես այսօր Բյուսելում հայտարարեց այդ երկրի արտգործնախարարը, պատրաստվում է լրջագույն ջանքեր գործադրել` իր գրավյալ տարածքները ետ բերելու համար:

«Ես վստահ եմ, որ հաջորդ տարի մենք կրկնապատկելու, անգամ եռապատկելու ենք մեր ջանքերը, որպեսզի հայկական ուժերը դուրս բերվեն Ադրբեջանի գրավյալ տարածքներից, որպեսզի պահպանվի մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Դա է մեր նպատակը` Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքի նկատմամբ ողջ հարգանքով հանդերձ: Նրանք պետք է ապրեն արժանապատվորեն որպես Ադրբեջանի լոյալ քաղաքացիներ` ազատ եւ ինքնիշխան Ադրբեջանի կազմում», - Արդբեջան - Եվրամիություն համագործակցության խորհդրի նիստի ժամանակ դիմելով եվրոպացի իր գործընկերներին` հայտարարել է Մամեդյարովը:

Նրա խոսքով, պաշտոնական Բաքուն շարունակում է մնալ այն համոզմունքին, որ խաղաղ գործընթացի համար առկա հիմնական խոչընդոտն անփոփոխ այն իրադրությունն է, որ կա հակամարտության գոտում:

«Առկա ստատուս-քվոն մեզ համար անընդունելի է: Ես կարծում եմ, որ մենք պետք է առաջ շարժվենք եւ այնպիսի շրջադարձային մի կետի հասնենք, որը տարածաշրջանին ավելի մեծ կայունություն, կանխատեսելիություն եւ, եթե կուզեք` բարգավաճում կպարգեւի: Ես համաձայն եմ նաեւ այն մոտեցմանը, որ առկա իրադրությունը գրեթե անհեթեթ է, դրա արդյունքում տուժում են բոլորը: Մենք պետք է ձգտենք մի իրավիճակի, երբ շահեկան վիճակում կհայտնվեն բոլոր կողմերը», - համոզված է Մամեդյարովը:

Եվրամիության ներկայացուցիչներն իրենց հերթին համոզված են, որ այժմ հարկավոր է խուսափել այն կացությունից, որը ստեղծվեց բանակցային սեղանի շուրջ անցնող տարվա ընթացքում:

«Սա դժվարին տարի էր Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման համար: Նման հակամարտությունը տեղ չունի այդ տարածաշրջանում, դա պարզապես անընդունելի է: Այն հակասում է մեր դավանած բոլոր արժեքներին: Նման հակամարտության գոյությունը հարվածում է ինտեգրման, զարգացման, ենթակառուցվածքային ծրագրերում մեծ ներդրումների ներգրավման քաղաքականությանը: Մենք ակնհայտորեն հիասթափված ենք, որ այս բանակցային պրոցեսն այդպես էլ չի հանգեցրել վերջնական լուծման», - այսօրվա բանակցությունների ավարտին հայտարարել է Եվրամիության նախագահող պետության` Կիպրոսի արտաքին գործերի նախարար Էրատո Կազակու-Մարկուլիսը:

Եվրամիության նախագահող պետության դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նաեւ հստակ ընդգծում է, որ Բրյուսելում հակված չեն պաշտպանել բանակցային ֆորմատի որեւէ փոփոխություն:

«Եվրամիության տեսակետը մնում է անփոփոխ: Կողմերի միջեւ բանակցությունների անցկացման մանդատը ԵԱՀԿ Մինսկի խմբինն է: Մեր նպատակն է տեսնել` արդյո՞ք կարող ենք անել ավելին` աջակցելու միջնորդների աշխատանքին եւ օգնել կողմերի միջեւ փոխվստահություն ձեւավորելուն: Ավելի ընդհանրական առումով կարող եմ ասել` մենք պետք է անենք ամեն ինչ` Մինսկի խմբի գործունեության այդունավետությունը մեծացնելու համար», - հայտարարել է Կիպրոսի արտգործնախարարը:

Այսօրվա բանակցությունների ընթացքում Եվրամիության պաշտոնյաներն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը քննարկել են նաեւ Ադրբեջանում տիրող ներքաղաքական իրադրությունը: Եվրամիության ընդարձակման եւ եվրոպական հարեւանության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն արձանագրել է, որ Բաքուն դեռ բավական անելիք ունի այս առումով:

«Կարեւոր է այնպիսի ոլորտներում առաջընթաց արձանագրել, ինչպիսիք են ժողովրդավարական բարեփոխումներն ու մարդու իրավունքների, մի շարք այլ հիմնարար ազատությունների պաշտպանությունը: Մենք ողջունում ենք այն առաջընթացը, որ ձեռք է բերվել Ադրբեջանի հետ` ԵԱՀԿ, Եվրամիության եւ Եվրոպայի խորհրդի կողմից առաջ քաշված պատրավորությունների ամբողջական ստանձնման առումով: Դրա հետ մեկտեղ մենք արձանագրում ենք, որ դա երկարատեւ գործընթաց է, եւ մարտահրավերներ են առկա լրատվամիջոցների, հավաքների ու ժողովների ազատությունների բնագավառում», - հայտարարել է Ֆյուլեն` հավելելով. - «Պակաս կարեւոր չէ Ադրբեջանի ընտրական օրենսդրության համապատասխանեցումը ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի` ԺՀՄԻԳ-ի խորհուրդներին: Դա հարկավոր է անել շատ արագորեն, որպեսզի Ադրբեջանը հաջորդ տարվա հոկտեմբերին կարողանա կազմակերպել իրոք արդար ու թափանցիկ նախագահական ընտրություններ»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG