Մատչելիության հղումներ

Գյումրիի քաղաքային իշխանություններն անցած ձմռանը քաղաքում ստեղծված իրավիճակը, երբ բազմաթիվ փողոցներ անանցանելի էին դարձել, հաղթահարելու համար ստիպված էին մայրաքաղաքից հատուկ տեխնիկա խնդրել:

Օդերեւութաբանների կանխատեսմամբ` ձյունառատ այս ձմռանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը, աղի եւ ավազի հարցը, ի տարբերություն անցած տարվա, լուծել են, իսկ տեխնիկան «խիստ անբավարար է»:

«Մեր ունեցած մեքենամեխանիզմների քանակը խիստ անբավարար է: Գումար որ ունենայինք` խիստ անհրաժեշտ տեխնիկան ձեռք կբերեինք», - ասաց նա` շարունակելով. - «Մեզ առնվազն հարկավոր է 20-25 միավոր մեքենամեխանիզմ, որ մենք կարողանանք ամբողջ ձմռան ընթացքում քաղաքի թե' աղբահանությունը, թե ձմռան ընթացքում ձյան հեռացումը, փողոցների մաքրումը իրականացնել»:

Մարզային ճանապարհները սպասարկում է Շիրակի մարզպետարանը: Տրասնպորտի բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք հատկացված միջոցները կբավարարեն ճանապարհներն անցանելի պահելու եւ դրանց պատշաճ սպասարկումն ապահովելու համար, արձագանքեց. - «Մարզային ենթակայության ճանապարհների համար գումարը մնացել է անփոփոխ` 105 միլիոնից մի փոքր ավելի գումար: Արդեն երրորդ տարին է` հատկացվում է նույն չափի գումար»:

«Եթե ձմեռային աշխատանքների իրականացման համար է, ու ընդունենք, որ միայն մարզային ենթակայության ճանապարհների սպասարկումն է, բնական է, որ գումարը բավարար չէ: Բայց, ելնելով հատկացված գումարից, մենք մեր ճանապարհները սպասարկող կազմակերպություններին ե'ւ ստիպողաբար, ե'ւ օգնելով, ե'ւ ընկերաբար բոլոր ճանապարհները բացում ենք», - հավելեց Խնձրցյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG