Մատչելիության հղումներ

ՀԱԿ ակտիվիստների գործը ներկայացվել է Վճռաբեկ դատարան


Հայաստան – ՀԱԿ ակտիվիստներ (ձախից աջ) Սարգիս Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանը, Արտակ Կարապետյանը եւ Տիգրան Առաքելյանը դատավարության ժամանակ, արխիվ, 14-ը հուլիսի, 2012թ․

Հայաստան – ՀԱԿ ակտիվիստներ (ձախից աջ) Սարգիս Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանը, Արտակ Կարապետյանը եւ Տիգրան Առաքելյանը դատավարության ժամանակ, արխիվ, 14-ը հուլիսի, 2012թ․

Վճռաբեկ բողոքում հիշատակված է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համապատասխան բանաձեւը, որը ներառում է քաղաքական բանտարկյալների ճանաչման չափանիշները։

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը Վճռաբեկ դատարանից պահանջում են բեկանել իրենց ազատազրկման դատապարտելու վերաբերյալ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 20-ի որոշումը եւ գործն ուղարկել նոր քննության:

Անցած տարվա օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը՝ 3 տարվա, իսկ Սարգիս Գեւորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը ՝ 2-ական տարվա ազատազրկման:

Ամենածանրը Տիգրան Առաքելյանի մեղադրանքն է․ նա մեղադրվում է ոստիկանի քիթը կոտրելու մեջ։ Դատարանը համարել է, որ հաստատվել է խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր եւ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքը:

Սարգիս Գեւորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը մեղադրվել են խուլիգանության, իսկ Արտակ Կարապետյանը նաեւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ:

Տիգրան Առաքելյանի պաշտպան Վահե Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Վճռաբեկ բողոքում հիշատակված է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համապատասխան բանաձեւը, որը ներառում է քաղաքական բանտարկյալների ճանաչման չափանիշները։ Պաշտպանի կարծիքով, Եվրախորհրդի խորհրդարանական բանաձեւում առկա ձեւակերպումները եւ ընդդիմադիր ակտիվիստների գործով թույլ տրված դատավարական խախտումները հիմնավորում են պնդումը, որ այդ երիտասարդների նկատմամբ իրականացվել է քաղաքական հետապնդում։

«Նրանց իրավունքների հետեւողական խախտումների, նրանց էական դատավարական խախտումների եւ նրանց նկատմամբ իրականացվող հետապնդման քաղաքական ուղղորդվածության պատճառով նրանք ուղղակիորեն դասվում են քաղաքական բանտարկյալների շարքը», - հայտարարեց Վահե Գրիգորյանը։ - «Այս վճռաբեկ բողոքը կարեւորվում է նաեւ նրանով, որ սա Հայաստանի Հանրապետության դատական ատյաններին ներկայացված առաջին դատավարական բողոքն է, դատավարական փաստաթուղթն է, որում անդրադարձ կա 2012 թվականի հոկտեմբերի 3-ին ԵԽԽՎ-ի կողմից ընդունված 1900 բանաձեւում նախատեսված քաղաքական բանտարկյալ հասկացության ճանաչման չափորոշիչներին»։

Փաստաբանն ավելացրեց, որ քաղաքական ակտիվիստների գործի վերջին ատյանը լինելու է Եվրոպական դատարանը: Ըստ Վահե Գրիգորյանի՝ քաղաքական կողմնորոշում ունեցողների համար Եվրոպական դատարանը դարձել է Հայաստանի դատաիրավական համակարգի 4-րդ ատյանը:
XS
SM
MD
LG