Մատչելիության հղումներ

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը հանդիպումներ է ունենում Երեւանում


Միացյալ Նահանգները շարունակելու է համագործակցությունը Հայաստանի հետ` մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ:

«Մենք շարունակելու ենք աշխատանքը մեր հայաստանցի գործընկերների հետ` ձեր երկրում ժողովրդավարության ամրապնդման եւ մարդու իրավունքների պաշտպանության գործում», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիան, ով երեկ է եռօրյա այցով ժամանել Հայաստան։

Երեւանում ԱՄՆ դեսպանատան ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն, ամերիկացի դիվանագետի այցի ընթացքում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական առաջնորդների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննության են առնվելու մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցերը:

Արտգործնախարարությունում նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ մոտ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո Թոմաս Մելիան հետեւյալը փոխանցեց մեզ․ - «Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վիճակի մասին շատ համապարփակ եւ լավ քննարկումներ ունեցանք ոչ միայն Հայաստանի կառավարության, այլեւ խորհրդարանի իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»:

Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին այսօր երեկոյան կողմ ընդունելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Թոմաս Մելիան երեկ հանդիպել է նաեւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG