Մատչելիության հղումներ

Բնապահպանական խնդիրները Հայաստանում «անսպառ» են


«Թռչկան» հասարակական նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանի խոսքով` բնապահպանության ոլորտում խնդիրները Հայաստանում «անսպառ են, իսկ պետական կառույցները` անշարժ»:

Լրագրողների հետ հանդիպմանը Գալստյանը հայտարարեց, թե բնապահպանների ահազանգներից հետո են միայն պետական կառույցները անդրադառնում բնապահպանական խնդիրներին:

Նրա խոսքով` անգամ բնապահպանների բացահայտված օրինազանցությունները չեն արժանանում համարժեք արձագանքի:

«Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մովսես Մանուկյանի բնորոշմամբ` Հայաստանում հանքահումքային գործընթացները «խրված են կոռուպցիոն ռիսկերի մեջ»: Նրա համոզմամբ` եթե շահագործվեն լիցենզիա ստացած կամ ստանալու գործընթացում գտնվող բոլոր 200 մետաղահանքերը, Հայաստանը կկանգնի կործանման եզրին:

Բնապահպանները վիճելի են համարում այն, որ Կառավարության ծրագրերում հանքարդյունաբերությունը դիտվում է որպես «տնտեսության լոկոմոտիվ»: Նրանք համարում են, որ տարիների ընթացքում գոյացած պոչամբարները վտանգում են շրջակա միջավայրն ու մարդկանց առողջությունը:

Հարցին, թե այդ դեպքում ինչ են առաջարկում` ընդհանրապե՞ս հրաժարվել հանքարդյունաբերությունից, Մովսես Մանուկյանն արձագանքեց, թե իրենք դեմ չեն տնտեսության զարգացմանը, բայց` ոչ երկիրը բզկտելու ճանապարհով:

Օրինակ, Հանքավանի ձորում գտնվող առողջարանի հետագա գործունեությունը, նրա համոզմամբ, դժվար է պատկերացնել` եթե այդտեղ շահագործվեն բոլոր հանքերը:

«Այդ նույն տարածաշրջանում հիմա գործընթացներ են սկսվել: Պղնձամոլիբդենային հանքավայր` Հանքավանի սրտի մեջ, որտեղից հանքային ջրերը հոսում են: Առնվազն 8 ոսկու հանքավայրերի գործընթացները հիմա ընթացքի մեջ են», - թվարկեց նա` հավելելով. - «Եթե մենք այդ բոլորի վրա աչք փակենք, բնապահպանական ռիսկերը թողնենք մի կողմ, ասենք, թե տնտեսություն ենք զարգացնում, մենք կունենանք առնվազն մի հազար աշխատատեղ: Այդքան բնությունը ավիրելով` ստանում են այդ 1000-1500 աշխատատե՞ղը: Այնտեղ` այդ առողջարանային գոտում միանգամից կկրճատվի այդքան աշխատատեղ, որոնք երկարաժամկետ են»:

Լեւոն Գալստյանը նույն հարցին այսպես պատասխանեց. - «Կառավարությունը պետք է միշտ իր աչքի առաջ ունենա այն պահը, երբ Հայաստանը էլ չի ունենա մետաղական օգտակար հանածոներ… Ունենալու է փորած սարեր, պայթեցրած սարեր ու այսօրվա 17-18 պոչամբարին ավելացված եւս 20 պոչամբար: Մենք այսօր ունենք 2-3 խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկություններ, որոնք եթե ճիշտ հարկվեն եւ ճիշտ աշխատեն, բավական են Հայաստանի բյուջեի աճը ապահովելու համար: Կներեք, բայց չկա այդ բանը այսօր»:

Ասուլիսի բանախոսները վստահություն հայտնեցին, որ բնապահպանական խնդիրները կարելի է արագ լուծել, եթե մշակվի մի հայեցակարգ, որտեղ հստակ նշված կլինի, թե որտեղ կարելի է շահագործել հանքերը, որտեղ` ոչ: Նման նախագիծ անցած տարի ուղարկվել է կառավարություն, սակայն այն, Մանուկյանի ձեւակերպմամբ` «կորել է վարչապետի աշխատակազմում»:
XS
SM
MD
LG