Մատչելիության հղումներ

ԵՄ-ն կարեւորում է անթերի ընտրությունների անցկացումը


Բուլղարիայի, Լեհաստանի, Հայաստանի եւ Շվեդիայի արդգործնախարարների համատեղ ասուլիսը:
Բուլղարիայի, Լեհաստանի, Հայաստանի եւ Շվեդիայի արդգործնախարարների համատեղ ասուլիսը:
Հայաստանում են Շվեդիայի, Լեհաստանի եւ Բուլղարիայի արտաքին գործերի նախարարները` Եվրամիության հետ հարաբերությունների շուրջ քննարկումների համար: Լրագրողների հետ հանդիպմանը նախարարները այսօր անդրադարձել են առաջիկա նախագահական ընտրություններին:

«Հայաստանում առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքում պետք է բացառել դրանց անցկացման հետ կապված անգամ ամենաչնչին քննադատության հնարավորությունը: Սա շատ կարեւոր է Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ Հայաստանի եւ Եվրամիության գործադրած համատեղ ջանքերի արդյունավետության առումով», - արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին:

Լեհաստանի, Շվեդիայի եւ Բուլղարիայի արտգործնախարարներ Ռադոսլավ Սիկորսկին, Կարլ Բիլդտը եւ Նիկոլայ Մլադենովը հայտարարեցին, թե Երեւանում են գտնվում` հայտնելու իրենց աջակցությունը Հայաստանը Եվրամիությանն ավելի մոտենալու հարցում: Այս համատեքստում կարեւորելով Հայաստանում առաջիկա նախագահական ընտրությունները` Բուլղարիայի արտգործնախարար Նիկոլայ Մլադենովն իր հերթին ընդգծեց, թե Եվրամիությունը մեծ ուշադրությամբ հետեւելու է դրանց ընթացքին` հուսալով, որ Հայաստանի կառավարությունը կկատարի այս ուղղությամբ էական բարելավում ապահովելու իր հանձնառությունը:

Անդրադառնալով Արեւելյան գործակցության ծրագրի շրջանակներում տեղի ունեցող գործընթացներին` Լեհաստանի արտգործնախարարը նշեց, թե Եվրամիությունը, կատարելով այս ուղղությամբ նախանշած իր քայլերը, միեւնույն ժամանակ Հայաստանին հորդորում է իր հերթին անել հնարավորը՝ մինչեւ հաջորդ տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործակցության երկրների գագաթաժողովն ավարտին հասցնել Ասոցացման համաձայնագրի բանակցություններ:

«Դա շատ լավ արդյունք կլիներ ե'ւ Հայաստանի, ե'ւ Արեւելյան գործակցության, ե'ւ Եվրամիության համար», - ասաց Ռադոսլավ Սիկորսկին:

Վերջինս նաեւ հայտարարեց, որ ընդամենը երեք օրից` դեկտեմբերի 17-ին Հայաստանն ու Եվրամիությունը Բրյուսելում կստորագրեն վիզաների դյուրացման համաձայնագիրը:

Բուլղարիայի արտգործնախարար Նիկոլայ Մլադենովը հայտարարեց, որ իրենք այստեղ են՝ փոխանցելու նաեւ կարեւորագույն մի ուղերձ այն մասին, որ Եվրամիությունը շահագրգիռ է հարավկովկասյան տարածաշրջանում լարվածության մեղմացման, հակամարտությունների կարգավորման եւ խաղաղության հաստատման խնդրում:

«Մենք ռազմավարական շահ ունենք՝ այստեղ տեսնել խաղաղ ճանապարհով զարգացող Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան», - ամփոփեց Մլադենովը:

Եվրոպացի նախարարներն անդրադարձան նաեւ սիրիական ճգնաժամին` կարեւոր գնահատելով այս հարցով Հայաստանում ունեցած իրենց խորհրդակցությունները:

Բուլղարիայի արտգործնախարարը Եվրամիության համակրանքն ու աջակցության պատրաստակամությունը հայտնեց Հայաստանում գտնվող առնվազն 8 հազար սիրիահայ փախստականներին. - «Արդեն իսկ ակնհայտ է, որ ռեժիմն այնտեղ շուտով տապալվելու է, եւ այժմ մեզ համար շատ կարեւոր է սերտորեն համագործակցել այդ երկրի էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների, ընդդիմության, քաղաքացիական հասարակության բոլոր շերտերի հետ՝ համոզվելու համար, որ կապահովվի բարենպաստ անցումային շրջան եւ ապագա Սիրիայում սահմանադրությունը կերաշխավորի բոլոր փոքրամասնությունների իրավունքներն ու ժողովրդավարական գործընթացը»:

Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը եւս ընդգծեց, որ Եվրոպան ապագա Սիրիան տեսնում է իբրեւ մի երկիր, որտեղ հարգվում են բոլոր ազգային, կրոնական եւ մշակութային փոքրամասնությունների իրավունքները: Այս համատեքստում Բիլդտը կարեւորեց պատմության ընթացքում խնդրո առարկա տարածաշրջանում հայ քրիստոնյաների ունեցած կարեւոր ներդրումը:

Պատասխանելով հարցերին` Հայաստանի արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը, հակադարձելով Ադրբեջանի այն մեղադրանքներին, թե Դուբլինում նախատեսված հնգակողմ հայտարարությունը ձախողվեց Երեւանի մեղքով, հայտարարեց, որ տեղի է ունեցել ճիշտ հակառակը. Ադրբեջանը Դուբլինում փորձել է պնդել, որ այդ հայտարարության մեջ տարածքային ամբողջականության սկզբունքը գերակայի ազգերի ինքնորոշման սկզբունքի նկատմամբ: Մի բան, որ Բաքուն արել է նաեւ նախկինում՝ տապալելով նման ձեւաչափով այլ հայտարարությունների ընդունումը:

«Ավարտվեց նրանով, որ չեղավ հնգակողմ հայտարարություն, բայց եղավ եռակողմ հայտարարություն, որտեղ եռանախագահները նշեցին, որ բոլոր սկզբունքները եւ դրույթները, որոնք առաջարկվել են եռանախագահների կողմից, դա մեկ ամբողջություն են, չի կարելի բաժանել մեկը մյուսից, եւ որեւէ սկզբունք, որեւէ դրույթ չի կարող գերակայել մյուսների հանդեպ», - հավելեց Նալբանդյանը:
XS
SM
MD
LG