Մատչելիության հղումներ

logo-print
Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային հետախուզության խորհուրդը շաբաթասկզբին հրապարակել է մինչեւ 2030 թվականը մոլորակի տարբեր տարածաշրջաններում քաղաքական հնարավոր զարգացումների վերլուծական զեկույցը, որի համաձայն, ԱՄՆ-ը տնտեսական առումով առաջատար դիրքը կզիջի Չինաստանին, սակայն կմնա աշխարհի ամենաազդեցիկ գերտերությունը։

Զեկույցում կա անդրադարձ նաեւ Հայաստանի անմիջական հարեւան Թուրքիային։ «Հյուրիեթ»- փոխանցմամբ, ամերիկացի փորձագետները մշակել են մի քանի սցենար, որոնցից մեկի համաձայն, չի բացառվում, որ Թուրքիան կմասնատվի, եւ այդ երկրի ներկայիս տարածքում մինչեւ 2030 թվականը կստեղծվի անկախ Քրդստան։ Այդ երկիրը կարող է կազմվել քրդաբնակ շրջաններում, որոնք ընդգրկում են ոչ միայն Թուրքիայի, այլեւ Իրանի, Իրաքի եւ Սիրիայի որոշ հատվածներ։

Զեկույցում նշվում է, որ Իրաքի Քրդստանն այսօրվա դրությամբ արդեն գործնականում ապրում է որպես ինքնավար մարզ-պետություն, իսկ Սիրիայում բանակը դուրս է բերվել քրդաբնակ գրեթե բոլոր շրջաններից։

«Եթե Իրաքը եւ Սիրիան մասնատվեն, անկախ Քրդստանի կայացումն այլեւս չի համարվի անհնարին տարբերակ։ Մերձավոր Արեւելքի սահմանները կարող են վերաձեւվել։ Քրդստանի ծնունդը հուժկու հարված կլինի Թուրքիայի համար», - նշվում է «Գլոբալ միտումներ 2030. Այլընտրանքային աշխարհներ» անվամբ զեկույցում։

Փորձագետների կարծիքով` Սիրիայում նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո քրդերը կարող են միանալ նոր իշխանական կոալիցիային եւ էլ ավելի ամուր դիրք գրավել։

Մեկ այլ սցենարով Թուրքիան կարող է առավել ակտիվ եւ հզոր դիրք զբաղեցնել համաշխարհային հարցերում։ Զեկույցում նշվում է, որ եվրոպական երկրները պետք է հաշվի առնեն Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հնարավորությունը եւ բանակցությունների շարունակումը։

Փորձագետները կազմել են ցանկ, որում ընդգրկված պետություններն առաջիկա 20 տարում կարող են տնտեսական էական զարգացում գրանցել։ Այդ ցանկում են Կոլումբիան, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Իրանը, Մեքսիկան, Հարավային Աֆրիկան եւ Թուրքիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG