Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն ընտրություններից հետո չի բացառում ԲՀԿ-ի հետ համագործակցությունը


Գագիկ Ծառուկյանը եւ Սերժ Սարգսյանը կոալիցիոն հուշագիրը ստորագրելիս, արխիվ

Գագիկ Ծառուկյանը եւ Սերժ Սարգսյանը կոալիցիոն հուշագիրը ստորագրելիս, արխիվ

Բացառված չէ, որ 2013-ի նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի հաղթանակից հետո «Բարգավաճ Հայաստան»-ին առաջարկ արվի մաս կազմել կոալիցիոն կառավարությանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Այս փուլում հետընտրական պրոցեսների մասին որեւէ հարց մեր օրակարգում դրված չէ. ոչ միայն ԲՀԿ-ի, այլ առհասարակ հետընտրական պրոցեսների մասին մենք կխոսենք եւ կքննարկենք ընտրություններից հետո: Հանրապետականը այն քաղաքական ուժն է, որը ամեն ինչ անում է իր ժամանակին: Պետք է դանդաղ շտապել, նախ եւ առաջ պետք է իրականացնել ժողովրդավարական, ազատ, թափանցիկ, նորմալ ընտրություններ, որի արդյունքում կարծում եմ եւ համոզված եմ, որ գործող նախագահը կվերընտրվի եւ դրանից հետո արդեն հաշվի առնելով գործող եւ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի ծրագիրը, ապագա կառավարությունում, ինչպիսի կազմ կլինի, ինչպիսի քաղաքական թիմով կիրականացվի ապագա հինգ տարիների քաղաքական կուրսը, դա արդեն բացառապես ապագայի խնդիր է եւ այսօր մեր օրակարգում նման հարց դրված չէ, բայց քաղաքականության մեջ որեւէ բան բացառված չէ», - ասաց Շարմազանովը` շարունակելով. - «Ինչպես ասում էր Օտտո ֆոն Բիսմարկը, քաղաքականությունը հնարավորինի արվեստ է: Քանի որ անհնար չէ, որպեսզի նույն պառլամենտում առկա բոլոր քաղաքական ուժերը իրար հետ համագործակցեն, ես որեւէ բան չեմ բացառում, բայց ես որեւէ բան էլ չեմ հաստատում, քանի որ նման հարց մեր օրակարգում այսօր դրված չէ»:

Ըստ Շարմազանովի` ՀՀԿ-ի օրակարգում երկու հարց կա. առաջին` որպեսզի կարողանան, նորմալ ժողովրդավարական ընտրություններ կազմակերպել եւ անցկացնել` որպես քաղաքական իշխանություն, երկրորդ` որպեսզի ՀՀԿ-ի թեկնածուն ժողովրդի հետ միասին հասնի հաջողության:

«Շատ կարեւոր է, որ ապագա հինգ տարիներին մենք ունենանք հստակ քաղաքական կուրս, որը վայելում է մեր հասարակության աջակցություն», - հավելեց Շարմազանովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG