Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 14-ի մամուլ


«Ժամանակ» օրաթերթի խմբագիրը, անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններում չառաջադրվելու մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, գրում է. - «Եթե Ծառուկյանը մտնում էր քաղաքական բարդ խաղի մեջ, անկախ ընտրության արդյունքներից` ստեղծվում էր մի իրավիճակ, երբ քրեաօլիգարխիկ տրամաբանությունը պարտություն էր կրում: Այժմ այդ իրավիճակը եւս մի քանի տարով հետաձգվեց: Ընդ որում` եթե Ծառուկյանը լիներ քաղաքական պայքարի մեջ, հասարակության քաղաքացիական եւ ինտելեկտուալ հատվածը հնարավորություն կունենար դրսեւորել ինքն իրեն որպես Ծառուկյանին բացառող: Ծառուկյանի չառաջադրումը լաբիրինթոս է ստեղծել ոչ միայն ընդդիմության ու իշխանության համար, այլեւ ընդհանրապես հասարակական տրանսֆորմացիաների առումով: Ու այդ լաբիրինթոսից պետք է դուրս գալ՝ Ծառուկյանին երբեք խաղից դուրս չհամարելով»:

«Հայոց Աշխարհ» օրաթերթը ուշագրավ է համարում, թե «Ծառուկյանի չառաջադրվելու պայմաններում ինչպես է կողմնորոշվելու ԲՀԿ-ի ընտրազանգվածը». - «Հետաքրքիր է, թե ինչի՞ հիման վրա են առանձին մարդիկ ոգեւորվել ԲՀԿ ընտրազանգվածի հնարավոր կողմնորոշումների հարցում։ Թույլ տանք մեզ նկատել, որ «Բարգավաճ Հայաստանի» խոշոր ընտրազանգվածը բավական բազմաշերտ է։ Նախ, ինչպես առիթ ենք ունեցել նշելու, ԲՀԿ կողմնակիցների մի մասը թերեւս չի մասնակցի ընտրություններին՝ այդ կուսակցության առաջնորդի բացակայության պայմաններում։ Երկրորդ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԲՀԿ-ի օգտին քվեարկող զանգվածի մեջ կա մարդկանց ոչ պակաս շոշափելի շերտ, որն ընտրությունների է գնում եւ գնացել նյութական որոշակի ակնկալիքների դիմաց։ Ու մեծ հարց է, թե դեպի որ կողմ կշրջվեն նման ակնկալիքներով առաջնորդվողները։ Նույն ընտրազանգվածի մեջ, բնականաբար կան ընդգծված բողոքական տրամադրություններ ունեցող մարդիկ, որոնք, պարզ է, ընտրություններին մասնակցելու դեպքում կկողմնորոշվեն դեպի այս կամ այն ընդդիմադիր թեկնածուն։ Ու փաստ չէ, որ դա հենց ՀԱԿ թեկնածուն կլինի, եթե իհարկե, ՀԱԿ-ն ընդհանրապես թեկնածու առաջադրի։ Միաժամանակ ԲՀԿ ընտրազանգվածում կան նաեւ ընդգծված իշխանամետ տրամադրություն ունեցողներ։ Այս ամենը նկատի ունենալով, կարելի է ենթադրել, որ ԲՀԿ ընտրազանգվածը, որոշակի համամասնությամբ, «կվերաբաշխվի» ընտրությունների բոլոր մասնակից ուժերի միջեւ, այսինքն՝ բոլոր ուժերն էլ որոշակիորեն կարող են շահել դրանից։ Հասկանալի է նաեւ, որ առավել կշահի այն ուժը, որն առավել շրջահայաց ու հետեւողական կաշխատի այդ ուղղությամբ, այլ ոչ թե ջադու պառավի վարք դրսեւորելով՝ անեծքներ շաղ կտա»։

«Գագիկ Ծառուկյանի մասամբ սպասված, մասամբ կոդային հայտարարությունը վերջապես հնչեց: Որքան մենք ենք տեղեկացված` այն կանխավ համաձայնեցված է եղել Սերժ Սարգսյանի հետ: Քաղաքագիտական ի՞նչ իրողություններ էր արձանագրում անչափ երկար սպասված, բավականին լակոնիկ այդ կոդավորումը», - գրում է «Իրատես de facto»-ն ու իր առաջ քաշած տարբերակներից ամենաճշգրիտ ու աշխատողը համարում է հետեւյալը. - «Պայմանավորվածություն չկար, պարզապես Գագիկ Ծառուկյանը բրյուսելյան այցից հետո հասկացավ, որ ծանր է Հիպոկրատի գլխարկը իր կուսակցության գլխին դնելը, եւ գրագետ նահանջի գնաց, խոստանալով Սերժ Սարգսյանին ստվերային աջակցություն, ինչը, ամենայն հավանականությամբ, ըստ արժանվույն կգնահատվի նույն Սերժ Սարգսյանի կողմից` ապագա պորտֆելների տեսքով: Ընդ որում, այս դեպքում Ծառուկյանը, մասամբ կորցնելով իր էլեկտորատը, թիմակիցներին եւ իրեն չդրեց գիլիոտինի տակ: Ասել է` շատը պահելու համար «քիչը» կորցրեց»:

«Հայկական ժամանակ»-ը նույնպես անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու եւ ոչ ոքի չսատարելու փաստին. - «Սին են այն խոսակցությունները, թե Տեր-Պետրոսյանը հույս է ունեցել, թե ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում կաջակցի իրեն, որովհետեւ պրագմատիկ, սուպերպրագմատիկ քաղաքական գործիչ լինելով` չէր կարող չհասկանալ, որ խորհրդարանական ընտրություններում 30 տոկոս հավաքած քաղաքական ուժը չի կարող պաշտպանել 7 տոկոս հավաքած քաղաքական ուժին: Տեր-Պետրոսյանը հույս ուներ, որ Կոնգրեսի աջակցությամբ Գագիկ Ծառուկյանը կհասնի նախագահի աթոռին: Հասկանալի է, որ նման պայմաններում, առանց Տեր-Պետրոսյանի հովանավորության, Ծառուկյանը չէր կարող ղեկավարել երկիրը՝ սրանից բխող հետեւանքներով: Պրագմատիկ իմաստով սա գուցե թե հասկանալի հաշվարկ էր: Կարեւորն այն է, սակայն, որ ԲՀԿ-ի հետ կապված ծրագրի ձախողումը աղետի առաջ է կանգնեցրել ընդդիմադիր դաշտը եւ հօդս ցնդեցրել Տեր-Պետրոսյանի՝ վերջին մեկ տարվա ասելիքը: Եվ ուրեմն, եթե Տեր-Պետրոսյանը մնա պրագմատիկ հաշվարկների տիրույթում, չի առաջադրի իր թեկնածությունը, մանավանդ որ ակնհայտ է` ԲՀԿ-ից որեւէ ստվերային աջակցության սպասելն անիմաստ է: ԲՀԿ-ական բիզնեսմենները վտանգի տակ չեն դնի իրենց, առավելեւս՝ հանուն Տեր-Պետրոսյանի: Այսքանը՝ պրագմատիզմի մասով: Ինչ վերաբերում է ռոմանտիզմին: Ռոմանտիկ հաշվարկը, հակառակը, պարտադրում է Տեր-Պետրոսյանի առաջադրումը: Ըստ այս չափման, նախ, չի կարելի թույլ տալ, որ Սերժ Սարգսյանն ընտրությունների գնա առանց իրական այլընտրանքի. սա առնվազն ճիշտ չէ Հայաստանի ժողովրդի նկատմամբ»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG