Մատչելիության հղումներ

Սյուզան Ռայսը հրաժարվել է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում իր թեկնածությունից


ՄԱԿ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը հրաժարվել է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում իր թեկնածությունից: Նախագահ Բարաք Օբամային հասցեագրված նամակում նա հիմնավորել է, որ իր առաջադրումը կարող է մի շարք բարդությունների եւ տարաձայնությունների տեղիք տալ:

Դեմոկրատ Օբամայի եւ գործող պետքարտուղար Հիլարի Քլինթոնի աջակցությունը վայելող Սյուզան Ռայսը հանրապետականների սուր քննադատությունների թիրախում է հայտնվել Լիբիայում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա հարձակմանը հաջորդած իր ելույթից հետո. նա ողբերգությունը որակել էր ոչ թե ահաբեկչություն, այլ «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի շուրջ մահմեդականների բողոքի ինքնաբուխ ակցիա, այնինչ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները շուտով պարզել են, որ կատարվածը նախապես ծրագրված ահաբեկչություն է եղել:

Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի հանրապետականները հայտարարել են, որ անելու են հնարավորը, որպեսզի ՄԱԿ-ում ներկայացուցչի աշխատանքը դառնա Ռայսի կարիերայի վերջաբանը: Հիշեցնենք` գործող պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մտադիր չէ պաշտոնավարել Օբամայի նախագահության երկրորդ ժամկետում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG