Մատչելիության հղումներ

«ՀայՌուսգազարդ»․ Ներկրվող բնական գազին օդ չի խառնվում


«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Հրանտ Թադեւոսյանը պնդում է, որ Ռուսաստանից ներկրվող բնական գազի որակական հատկանիշները համապատասխանում են գործող միջպետական ստանդարտին:

«Միտքը, որ դրվում է՝ օդ խառնելու, դա ուղղակի ոչ կոմպետենտ հարցադրում է», - այսօր Երեւանում «Բնական գազի ջերմատվություն եւ որակական հատկանիշներ» թեմայով կլոր-սեղան քննարկման ժամանակ հայտարարեց «ՀայՌուսգազարդի» ներկայացուցիչը, բացատրելով, որ բնական գազին օդ խառնելը ուղղակի պայթյունավտանգ իրավիճակ կստեղծեր։

«Այս վերջերս գազի կալորիականությունը բարձրացել է նույնիսկ մինչեւ 8600-8650 կիլոկալորիայի որոշ օրերի», - ասում է Թադեւոսյանը։

Որակյալ գազ է համարվում առնվազն 7600 կիլոկալորիա ջերմատվություն ունեցող գազը: Հանրապետություն ներկրվող բնական գազի որակական հատնաիշները ստուգվում են Վրաստանի տարածքում գտնվող «Կարմիր կամուրջ» գազաչափիչ կայանում եւ հայ-վրացական սահմանին գտնվող «Կողբ» գազաչափիչ կայանում:

Մինչդեռ, գազով ջեռուցվող բնակարանների բնակիչները բողոքում են, որ տարիների տարբերությամբ նկատել են՝ նույնքան գազ են օգտագործում, սակայն բնակարանները նույնչափ չեն տաքանում։ Այսօր այս հարցը մի քանի անգամ բարձրացրեցին նաեւ սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների ներկայացուցիչները։

«Բնակարանային կոմունալ ոլորտի աշխատողների միություն» ՀԿ նախագահ Ատոմ Սարգսյանը արդարացի է համարում, որ բնակիչը չի հասկանում ինչու էր ժամանակին 1 լիտր ջուրը գազով ավելի արագ տաքանում, քան հիմա:

Պարոն Թադեւոսյանը բացատրեց, որ դա գազի որակի տատանումների հետ է կապված՝ բնակիչը, գուցե, ստացել է 8600 կիլոկալորիայի գազ, իսկ այժմ ստանում է 8000 կկալ, եւ նկատում տարբերությունը։

«Այո, բնակչությունը զգում է որոշակի տատանումներ բնական գազի, բայց կրկնում եմ՝ դրանք բոլորը օրինական դաշտում են», - պարզաբանեց «ՀայՌուսգազարդի» ներկայացուցիչը։

Նրա խոսքով, «ՀայՌուսգազարդն» ունի Էկոնոմիկայի նախարարության կողմից հավատարմագրված ստացիոնար եւ շարժական լաբորատորիաներ, որտեղ կանոնավոր կերպով կատարվում են բնական գազի որակական հատկանիշների ստուգումներ:

Այն հարցին, թե ինչպես կարող է սպառողը վստահել այն ընկերության տված գնահատականին, որը ե՛ւ ստուգողն է, ե՛ւ մատակարարը, Թադեւոսյանը պատասխանեց, որ կան նաեւ անկախ լաբորատորիաներ, օրինակ՝ Հրազդանի ՋԷԿ-ում, Երեւանի ՋԷկ-ում եւ «Արարատցեմենտ» գործարանում:

«Գազը պետք է ունենա կապույտ գույն։ Եթե կարմիր գույն է՝ պետք է կամ կարգավորել գազօջախը, կամ պետք է ահազանգել։ «ՀայՌուսգազարդը» պարտավոր է գալ եւ ձեզ ու մեզ ապացուցել», - իր հերթին խորհուրդ է տալիս «Սպառողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG