Մատչելիության հղումներ

Բալասանյանը հանդիպում է ունեցել գործարարների հետ


Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյան

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյան

Գործարարները, ինչպես պարզվեց, արդեն հիասթափվել են ծրագրեր կազմելուց ու ներկայացնելուց:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը այսօր հանդիպում է ունեցել տեղի գործարարների ներկայացուցիչների հետ:

Քաղաքապետն առաջարկել է Գյումրիի արտադրական պոտենցիալը ներկայացնող ծրագիր կազմել. - «Պիտի նորմալ ծրագիր կազմենք այսօրվա պոտենցիալի վրա ու ներկայացնենք: 2011 թվականին ազատ տնտեսական գոտու օրենքը մենք ընդունեցինք, հիմա կարող ենք ունենալ ազատ տնտեսական գոտի` եթե ունենք ճիշտ կազմած ծրագիր` բիզնես ծրագիր: Ես խոստանում եմ` եթե կա այդպիսի ծրագիր, ես կառավարությունում մտցնեմ, անցկացնեմ»:

«Եթե ես արտադրող չլինեի եւ չզարգացնեի, ես կասեի, թե անհնարին է ամեն ինչ: Բայց անհնարին բան չկա: Պիտի կարողանանք արտադրանք ունենալ, որը կարողանա մրցակցություն ունենալ արտահանման հետ կապված», - հավելեց Բալասանյանը:

Գյումրիի գործարարների միության նախագահ Կարապետ Մովսիսյանն ասաց, թե սխալ է, երբ ասում են թե Գյումրին ռիսկային է. - «Հենց դրանից են գալիս բոլոր անհաջողությունները: Բանկերը մարդկանց նորմալ չեն ֆինանսավորում, որովհետեւ վարչապետը հայտարարում է, որ Գյումրին ռիսկային է: Բայց թե ինչ է ռիսկային ես չգիտեմ: Ամենեւին էլ ռիսկային չէ»:

Գործարարները, ինչպես պարզվեց, արդեն հիասթափվել են ծրագրեր կազմելուց ու ներկայացնելուց:

«Այստեղ բոլորն էլ հիասթափված են այդ բիզնես ծրագիրն ունենալուց, որովհետեւ բոլորս էլ դիմել ենք տարբեր տեղեր եւ ոչ մի հարց չի լուծվում: Այստեղ ոչ մեկիս եղածով չեն կարող այդքան ֆինանս բանկերը մեզ տրամադրեն, որ մենք լուրջ արտադրություն սկսենք: Պետական երաշխավորությունը պարտադիր պետք է: 500 միլիոն թե ինչքան գումար հատկացրեցին պետությանը ճգնաժամի ժամանակ, հարյուր հատ բիզնես ծրագիր ենք ներկայացրել բոլորս, Շիրակի մարզից ոչ ոք չստացավ», - ասաց հանդիպման մասնակիցներից մեկը:

Գործարարները թեեւ փոքր-ինչ կաշկանդված էին լրագրողների ներկայությունից, այդուհանդերձ ներկայացրին իրենց հուզող խնդիրները:

«Մենք փոքր բաների համար գնում Երեւան ենք հասնում: Սերտիֆիկատ ստանալու համար պիտի գնանք Երեւան հասնենք, ինչ-որ պահեստամաս մաքսազերձելու համար պիտի գնանք «Զվարթնոց»: Ամեն ինչ կենտրոնացված է Երեւանում: Մենք, մեր պատգամավորները, իշխանությունները թող մի բան անեն, աշխուժացնեն մեր քաղաքը», - ասաց հանդիպմանը եկած գործարարներից մեկը:

Գործարարները բարձրացրին նաեւ այլ խնդիրներ:
XS
SM
MD
LG