Մատչելիության հղումներ

logo-print

Մոսկվան առաջին անգամ չի բացառել Ասադի ռեժիմի տապալումը


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադ

Պաշտոնական Մոսկվան առաջին անգամ ընդունել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմը կարող է տապալվել:

«Մենք չենք կարող բացառել, որ Սիրիայի ընդդիմությունը կարող է հաղթանակի հասնել: Անհրաժեշտ է խոհեմություն ցուցաբերել: Սիրիայի ռեժիմը եւ կառավարությունը ավելի ու ավելի են կորցնում իրենց վերահսկողությունը երկրի վրա», - այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:

«Նրանք [զինված ընդդիմությունը] հայտարարում է, թե հաղթանակը սարերի հետեւում չէ, ուր որ է կգրավեն Հալեպը, Դամասկոսը: Ընդդիմության ճանաչումը, զինյալների վարժանքները, դրսից զենքի մատակարարումը ոգեւորում է ընդդիմությանը», - ասել է նա` նշելով, որ Մոսկվան, այնուամենայնիվ, պնդում է, որ հակամարտությունը խաղաղ կարգավորվի, իրականացվի Ժնեւյան հուշագիրը:

Բոգդանովի փոխանցմամբ` Ռուսաստանը մտահոգված է, որ Սիրիայում քիմիական զենքը կարող է ընկնել գրոհայինների ձեռքը:

«Սիրիայում ավելացող թույլ վերահսկվող գոտիները վերածվում են ահաբեկչության սպառնալիքի: Զինված ընդդիմության շարքերում մեծ հեղինակություն ունեն Ալ- Ղաիդայի ծայրահեղականները: Սա կարող է ծանր հետեւանքների հանգեցնել», - նշել է նա:

Նա հայտնել է, որ վաղը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպելու է Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների հետ: Նրանց պատվիրակությունը այսօր արդեն ժամանել է Մոսկվա: Պատվիրակությունը գլխավորում է «Հանուն փոփոխությունների եւ ազատագրման ազգային ճակատի» առաջնորդ Կադրի Ջամիլը:

Իսկ ՄԱԿ-ի ու Արաբական լիգայի բանագնաց Լահդար Բրահիմին շուտով այցելելու է Դամասկոս՝ բանակցելու բոլոր կողմերի հետ:

Ինտերնետում տեղադրված մի տեսանյութում Սիրիայի ապստամբները սպառնում են Ռուսաստանի, Ուկրաինայի ու Իրանի դեսպանատներին:

Բոգդանովն ասել է, թե «Ռուսաստանի դեսպանատունը տարահանելու պահը դեռ չի եկել», բայց նշել է, որ «բոլոր դեպքերի համար պլաններ ունեն»: Նա տեղեկացրել է, որ այժմ զբաղվում են Սիրիայում Ռուսաստանի քաղաքացիների ու խառը ամուսնությունների ընտանիքների անդամների տարահանումը նախապատրաստելու աշխատանքներով: Ճշգրտվում են նրանց գտնվելու վայրերը: Սիրիայում հազարավոր ռուսաստանցիներ կան, որոնք հյուպատոսությունում հաշվառված չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG