Մատչելիության հղումներ

logo-print

Դեկտեմբերի 13-ի մամուլ


Մամուլը շարունակում է արձագանքել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշմանը:

«Ժամանակ» օրաթերթը գրում է. - «ԲՀԿ-ի որոշումը` չմասնակցել նախագահական ընտրություններին եւ չսատարել որեւէ մեկին, իրավիճակային առումով պարզ է, սակայն ստրատեգիական իմաստով առաջացնում է բազմաթիվ հարցեր: Առաջինը, իհարկե, այն է, թե ինչ է անելու ԲՀԿ-ն նախագահական ընտրություններից հետո` մնալո՞ւ է որպես խորհրդարանական ընդդիմություն, թե՞ Սերժ Սարգսյանը կարող է շարունակել ճնշումը եւ նոր կոալիցիոն հուշագիր պարտադրել ԲՀԿ-ին: Իրավիճակը նուրբ է նաեւ Վարդան Օսկանյանի գործոնի մասով: Օսկանյանն այն գործիչն էր, որը հանդես էր գալիս ԲՀԿ մասնակցության օգտին եւ նույնիսկ հայտարարում էր առաջադրվելու պատրաստակամության մասին: Ի՞նչ է անելու Վարդան Օսկանյանը: Միգուցե նրա անելիքը կախված է այն բանից, թե ինչ է Օսկանյանին հուշելու կամ հանձնարարելու Ռոբերտ Քոչարյանը»:

«168 ժամ»-ը գրում է. - «Ծառուկյանի հայտարարությունը վկայեց Հայաստանում բիզնեսի եւ քաղաքականության, փողի եւ ազատության, հարստության եւ ինքնուրույնության փոխկապվածության եւ փոխբացառման մասին: Փաստորեն, Հայաստանը մի երկիր է, որտեղ փողով կարելի է գնել գրեթե ամեն ինչ, բացառությամբ` ազատության եւ ինքնիշխանության` սեփական անձի եւ սեփական քաղաքական թիմի վերաբերյալ որոշումներ կայացնելու ինքնիշխանության: Որովհետեւ Հայաստանում մեծահարուստ` Գագիկ Ծառուկյանի մակարդակի մեծահարուստ կարելի է լինել միայն իշխանության թողտվությամբ ու հովանավորությամբ: Իսկ իշխանությունն իրեն իրավունք է վերապահում թույլատրել կամ արգելել իր թողտվությամբ կուտակված կապիտալն օգտագործել այս կամ այն քաղաքական նպատակով: Գագիկ Ծառուկյանը` լինելով Հայաստանի ամեահարուստ մարդկանցից մեկը, իրականում նաեւ ամենաանազատ մարդն է: Նա այդպիսին լէր լինի, եթե համարձակություն ունենար չենթարկվել իրեն պարտադրված որոշմանը: Բայց համարձակությունը, ինչպես ազատությունն ու ինքնուրույնությունը, փողով չեն գնվում: Մարդը կամ լինում է այդպիսին, կամ չի լինում»:

«Հայկական ժամանակ»-ում կարդում ենք. - «Ծառուկյանը կատարում է այն դերակատարումը, որ պետք է կատարեր. նա ապահովում է Սերժ Սարգսյանի հաղթանակն առաջիկա նախագահական ընտրություններում: Հարցերի հարցը, ուրեմն, հետեւյալն է. իսկ ի՞նչ էին անում նրանք, ովքեր դիֆերամբներ էին ձոնում Գագիկ Ծառուկյանի հասցեին: Կամա, թե ակամա՝ ընդամենը մեկ բան, ապահովում էին Սերժ Սարգսյանի հաղթանակը նախագահական ընտրություններում: Եվ այս տրագիկոմեդիան իրականում երեք արար ունի. երկուսն ավարտվել են, առաջիկայում մենք նաեւ երրորդ արարի ականատեսը կլինենք: Գագիկ Ծառուկյանի դերակատարումը սրանով ավարտված չի կարելի համարել: Սերժ Սարգսյանի պլանների մեջ է մտնում ոչ միայն առաջիկա նախագահական ընտրություններում հաղթելը, այլեւ քաղաքական ողջ դաշտը սեփական վերահսկողության տակ պահելը: Կախված պահի անհրաժեշտությունից, Ծառուկյանին կվերապահվի որոշակի դերակատարում, եւ չի բացառվում` դա լինի ընդդիմադիր դերակատարում»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի նման քաղաքական անձը կարող է ամիսներ շարունակ լռել ու լռեցնել իր կողմնակիցներին` սպասելով Մեծն Ծառուկյանի որոշմանը, մյուսների մասին խոսելն անգամ ավելորդ է: Բոլոր նրանք, ովքեր ծրագրում էին առաջադրվել, կամ միավորվել եւ միասնական թեկնածու առաջադրել, ԲՀԿ որոշման պատանդն էին դարձել: Բարեգործությամբ երկրի չքավոր հատվածի սիրտը գերած Ծառուկյանի առաջադրվել-չառաջադրվելուց շատ բան էր կախված, եւ այդ սպասումն ինչ-որ տեղ բնական էր»:

«Առավոտ»-ը գրում է. - «Եթե ԲՀԿ-ի վարքագծում կարելի է գտնել որոշակի տրամաբանություն, որն, ըստ երեւույթին, թելադրվում է իշխանությունների բանեցրած տնտեսական եւ վարչական ճնշումներով կամ դրանց սպառնալիքներով, ապա ՀԱԿ-ի ուղեգիծը (հայտնի քաղաքագիտական վերլուծությունից հետո) ընդհանրապես տրամաբանությունից դուրս է: Իհարկե, այսօր էլ Կոնգրեսի կողմնակիցները կգտնեն բառեր, որոնք իրավիճակը կնկարագրեն լավատեսական գույներով: Կարելի է, օրինակ, գրել, որ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելը «Տեր-Պետրոսյանի ստրատեգիայի տրիումֆն էր», կամ՝ որ դրանով «մահացու հարված հասցվեց ավազակապետությանը»: Բայց լեզուն, ինչպես հայտնի է, ոսկոր չունի՝ ասելով չի: Այսօր ցանկացած չնախապաշարված մարդու պարզ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոնսուլտացիաների անվան տակ չպիտի սպասեր այլ թեկնածուների առաջադրվել-չառաջադրվելուն՝ դա նսեմացնում է առաջին նախագահի քաղաքական կշիռը: ՀԱԿ-ը չպիտի հույսեր կապեր համակարգի ներսում՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ առաջացող ճեղքերի հետ, պիտի խաղար իր սեփական խաղը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG