Մատչելիության հղումներ

Աղմկահարույց «Մատաղիսի գործով» մեղադրվողները, նրանց հարազատներն ու սպանվածի իրավահաջորդները Հայաստանի նախագահի նստավայրի մոտ այսօրվա բողոքի ակցիայով ցանկանում էին պարզել այս գործի վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը, ով 2007 թվականի հունվարի 19-ին որպես պաշտպանության նախարար պատրաստակամություն էր հայտնել հետամուտ լինել, որպեսզի «իրադրությունը պարզվի»:

2003 թվականին Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասի զինծառայողներ Մովսես Մկրտումյանի եւ Ռոման Եղիազարյանի սպանության գործով նորից մեղադրանք է առաջադրված այն նույն 3 երիտասարդներին, ովքեր 2006 թվականի դեկտեմբերի 22-ին վճռաբեկ դատարանի որոշմամբ արդարացվել, ազատ էին արձակվել դատարանի դահլիճից, իսկ գործն ուղարկվել էր նոր քննության: Սակայն տարիներ շարունակված նոր քննության արդյունքում փոխվել է միայն Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի եւ Մուսա Սերոբյանի մեղադրանքը. նախկին՝ դիտավորյալ սպանության մեղադրանքի փոխարեն այժմ նրանք մեղադրվում են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ: Օրերս մեղադրող կողմը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին միջնորդեց երիտասարդներին դատապարտել 7-8 տարվա ազատազրկման, հաջորդ դատական նիստը նշանակված է առաջիկա ուրբաթ։ Մեղադրվողների ծնողները եւ սպանված Մովսես Մկրտումյանի հարազատներն ու իրավապաշտպանները, միաձայն պնդելով, որ գործը վերջնականապես «կոծկելու եւ իրական մարդասպաններին թաքցնելու փորձ է արվում», պահանջում են արդարացի քննություն։

«Ինչի՞ համար են 7-8 տարվա ազատազրկում պահանջում, որ բիծը նորից մնա երեխեքի վրա՞։ Որ չբացահայտեն մարդասպանների՞ն։ Ուզում են երեխեքի վրա ջարդեն, գործը փակեն, գնա», - մեզ հետ զրույցում ասում էին ակցիայի մասնակից ծնողները, - «Նախագահը պետք է հսկի, որ արդարություն լինի, մեր պահանջը դա է: Նախագահը շատ լավ տեղյակ է գործից, շատ լավ գիտե՝ պաշտպանության նախարար էր այն ժամանակ»:

Երեք երիտասարդները սկզբնապես մեղադրվել են Մովսես Մկրտումյանին եւ Ռոման Եղիազարյանին ծեծելով սպանելու եւ հետքերը կորցնելու նպատակով ջուրը գցելու մեջ: Առաջին դատաքննության ժամանակ առաջին ատյանի դատարանը նրանց դատապարտել էր 15 տարվա ազատազրկման, վերաքննիչը պատիժը խստացրել էր եւ դարձրել ցմահ ազատազրկում, իսկ վճռաբեկը նրանց ազատ արձակեց: Ռազմիկ Սարգսյանի եւ Մուսա Սերոբյանի ծնողները` Ջուլիետա Սարգսյանն ու Մարինե Սերոբյանը, հայտարարում էին, որ ոչ միայն այլ հանգամանքներ չեն բացահայտվել, այլ ողջ գործը կրկին կառուցված է Ռազմիկ Սարգսյանի նախնական ինքնախոստովանական ցուցմունքի վրա, ինչը նրանից կորզվել է դաժան, անմարդկային խոշտանգումների միջոցով։

«Կախել, թեւերից կապել ու ստիպել էին, որ առնի վրան: Ստիպված, անգիտակից Ռազմիկը վրեն է առել։ Ինչ էլ գրել են՝ իրենք են գրել, Ռազմիկին տակը ստորագրել են տվել: Էս գործը որ բացահայտվի, շատ մարդ առաջ կգա. Իվան Գրիգորյանը, քննիչ Արմեն Հակոբյանը, որ երեխիս ջարդել, կես մարդ է արել..․ ողնաշարի վրա գրիժա է, ճակատին ուռուցք է, ո՞րն ասեմ, - ասաց Ռազմիկ Սարգսյանի մայրը:

«Ասում են Ռազմիկը երկաթե արմատուրայով ծեծել ու գցել է ջուրը. եթե ծեծել է, ջրի մեջ է՝ հանիր ջրից, որ էքսպերտով տեսնես, թե ո՞ւմ մատնահետքն է վրան: Դե բեր հանի, ապացուցի, որ հա՝ Ռազմիկը դրանով ծեծել է», - դժգոհում էր Մուսա Սերոբյանի մայրը:

Սպանված Մովսես Մկրտումյանի մայրը՝ Գրետա Մնացականյանը, եւս պնդում է, որ որդուն սպանողները այդ երիտասարդները չեն: Նրա համոզմամբ, իր որդին սպանվել է ոչ թե դեկտեմբերի 24-ին, ինչպես գործում է գրված, այլ հունվարի 7-ին (դիակը ջրից հանվել է հունվարի 9ին):

«Գետից որ հանել են երեխուս քթից թարմ արյուն էր գալիս ու մեզ ապացուցում են, որ 17 օր իմ երեխան ջրի մեջ է եղել։ Դուք նման բան պատկերացնո՞ւմ եք։ Պրոֆեսիոնալ ձեւով են իմ երեխուն սպանել: Հրամանատարական կազմն է պատասխանատու», - ասում է Գրետա Մնացականյանը։

Նախկինում այս գործով փաստաբան, այժմ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով այսօր նախագահի նստավայրի մոտ մասնակցում էր բողոքի ակցիային, տեղեկացրեց, որ Եվրադատարանը այս գործով արդեն հարցերի երկրորդ շարքն է ուղարկել Կառավարությանը, չբացառելով, որ այս երիտասարդներին կրկին մեղադրելը նպատակ ունի կանխել Եվրադատարանի վճիռն ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

«Իրական հանցագործները գտնվում են ազատության մեջ, չեմ կարող բացառել, որ նրանք այսօր գտնվում են Զինված ուժերում։ Մենք պահանջում ենք մեր իրավունքների իրացում.․ առաջին հերթին բացահայտել սպանություն կատարողներին, երկրորդը՝ բոլոր այն անձինք, ովքեր տուժել են այս հանցագործություններից, ստանան արդարացի փոխհատուցում»:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «աբսուրդ» համարեց, որ Եվրադատարանում այս գործով պատասխանողը զինդատախազ Գեւորգ Կոստանյանն է։

«Ինքն այստեղ էլ է այդ մեղադրանքը պաշտպանում, եվրոպական դատարանում էլ է պաշտպանելու… սա աբսուրդ է, որ զինվորական դատախազը Եվրադատարանում ներկայացնում է Հայաստանի շահերը», - ասում է Ալեքսանյանը։

Զինդատախազությունը առայժմ չի մեկնաբանում իրավիճակը: Ցուցարարները նամակ պահանջագիր փոխանցեցին նախագահ Սերժ Սարգսյանին:
XS
SM
MD
LG