Մատչելիության հղումներ

Ֆյուլեն Հարավային Կովկասում դրական զարգացումներ է ակնկալում


Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլե
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլե
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակից Ռիկարդ Յոզվիակին, խոսել է Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի 2013 թվականի հեռանկարներից, նաեւ անդրադարձել է Հարավային Կովկասին եւ ղարաբաղյան հակամարտությանը:

Թղթակիցի հարցին` արդյո՞ք Եվրամիությունը ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում իրեն երկրորդական դերում է տեսնում, թե՞ այնուամենյանիվ մտադիր է ավելի ակտիվ դերակատարություն ունենալ, Ֆյուլեն պատասխանել է. - «Ոչ, խոսքը այն մասին չէ, որ մենք երկրորդական դերում ենք, կամ այդպես ենք զգում, կամ ցանկանում ենք երկրորդական դերում լինել: Բացարձակապես ոչ: Եթե նայեք մեր հարեւանության նոր քաղաքականությանը, ապա կտեսնեք, որ այդ քաղաքականությունը երկու զուգահեռ եւ մեկուսացված ճանապարհներ չի ենթադրում. մեկը՝ ընդհանուր հարաբերություններ զարգացնելը, իսկ մյուսը` հակամարտության լուծումը: Ոչ, մենք տեսնում ենք այս ձգձգվող հակամարտության լուծումը որպես հարեւանության նոր քաղաքականության ժառանգված մաս», - նշել է Ֆյուլեն:

«Սակայն դա պետք է արվի ողջամիտ կերպով, չհավասարակշռված քայլեր չպետք է արվեն, մենք այժմ կենտրոնանում ենք վստահություն կառուցող միջոցներով համագործակցությունն ուժեղացնելու վրա: Մենք նշում ենք, որ պատրաստ ենք ավելի ու ավելի ակտիվ դերակատարություն ունենալ, սակայն մենք ցանկանում ենք դա անել բոլոր կողմերի հետ համագործակցությամբ», - հավելել է եվրոպացի պաշտոնյան:

Հարցին, թե արդյոք հաջորդ տարվա ընթացքում ակնկալում է դրական զարգացումներ Հարավային Կովկասում, Շտեֆան Ֆյուլեն պատասխանել է. - «Կարծում եմ, որ կլինեն որոշ դրական արդյունքներ տնտեսական ինտեգրման եւ ասոցացման համաձայնագրերի շուրջ մեր բանակցություններում՝ խորը եւ համապարփակ առեւտրի գոտի ստեղծելու շրջանակներում: Դրանում կասկած չկա: Կլինի նաեւ որոշակի շոշափելի առաջընթաց վիզաների դյուրացման հարցում: Հույս ունեմ նաեւ, որ մենք մեր ծրագրերի միջոցով Հարավային Կովկասի երկրների հետ միասին կամրապնդենք տարածաշրջանային համագործակցությունը, քանի որ Արեւելյան գործընկերությունը ոչ միայն երկկողմանի համագործակություն է ենթադրում Եվրամիության եւ մեր գործընկերների միջեւ, այլեւ` բամզակողմանի համագործակցություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG