Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանի առաջարկած ներդրումային ծրագիրը ենթադրում է Նոյան տապանի թեմատիկ այգու եւ 4 կրոնների եկեղեցիների կառուցում Դալմայի այգիների տարածքում։

Համաշխարհային 4 խոշոր կրոնները խորհրդանշող կառույցներ՝ քրիստոնեական եկեղեցի, մուսուլմանական մզկիթ, բուդդայական տաճար եւ հրեական սինագոգ, կկառուցվեն Երեւանի Դալմայի այգիներին հարակից տարածքում ՝«Նոյլենդ» պատմահնագիտական եւ զբոսաշրջության կենտրոն ստեղծելու գաղափարի շրջանակներում:

Դեռեւս 2011թ-ի մայիսի 18-ից այսպիսի տեղեկատվություն է զետեղված Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի ներդրումային առաջարկներ հատվածում: Համաձայն նույն կայքի՝ առաջարկը Երեւանի քաղաքապետարանին է, որն էլ քաղաքաշինության բնագավառում ներդրումային ծրագրեր իրականացնող սուբյեկտներին առաջարկում է մասնակցել քաղաքաշինական այս ծրագրերին:

Այստեղ կա տեղեկատվություն այն մասին, որ աշխատանքները պետք է սկսվեն 2012 թ-ին եւ ընթանան 3 տարի: Սակայն պարզվում է, որ այս ծրագիրը քաղաքաշինական խորհրդում դեռեւս չի քննարկվել: Այս մասին այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

«Քանի որ չի եղել որեւէ մասնագիտական քննարկում, ինձ թվում է, որ նույնիսկ ֆինանսական ապահովվածություն չունի, որովհետեւ այստեղ հարյուր միլիոնավոր դոլարների խնդիր է», - նշեց Մինասյանը, - «Դրան գումարած՝ բոլորին անհանգստացնում է նաեւ ի՞նչ կլինի Դալմայի այգիների ճակատագիրը այս դեպքում»։

«Նոյլենդը» ենթադրում է թեմատիկ այգի, որտեղ վերարտադրվելու է «Նոյան տապան» լեգենդը: Կլինի նաեւ հանգստի վայր ու արտսիթի, որն էլ հատուկ արվեստագետների համար է նախատեսված: Այնուամեայնիվ, դեռեւս չկա որեւէ նախագիծ, որով կարելի է անգամ ենթադրել, թե ինչի կվերածվի այս հսկայական տարածքը: Ըստ Մինասյանի՝ սա դեռ «շատ հում» ծրագիր է:

Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժինի պետ Արթուր Գեւորգյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ սա ընդամենը ներդրումային առաջարկ է, իսկ ներդրող դեռ չկա:

Մեզ հաջողվեց պարզել, որ դեռեւս Կարեն Կարապետյանի քաղաքապետ լինելու ժամանակ քաղաքապետարանը «ԻՏԵՐԱ» միջազգային կորպորացիայի հետ hամաձայնագիր է ստորագրել, որով «ԻՏԵՐԱՆ» պարտավորվում է 2011 – 2016 թթ. մայրաքաղաքում ներդրումային խոշոր ծրագրեր իրականացնել զբոսաշրջության, առեւտրի եւ հանրային սպասարկման, այգիների, կանաչ տարածքների զարգացման եւ մի շարք այլ ոլորտներում։ Այստեղ ակնարկ կա նաեւ «Նոյլենդ» զբոսաշրջային համալիր կառուցելու մասին:

Վերադառանալով 4 կրոնները խորհրդանշող կառույցներին՝ Ճարտարապետների միության նախագահը կարծիք հայտնեց, որ չկա ճարտապետական որեւէ արդարացում այս կառույցների միասնական գործունեությանը:

Փորձեցինք հասկանալ, թե ինչպես է այս գաղափարին վերաբերվում, օրինակ, Հայաստանի հրեական համայնքը: Համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի կարծիքով, այսպիսի շինության կարիք առհասարակ չկա, միեւնույնն է՝ սինագոգ հաճախողներն այնտեղ չեն գնա:
«Արդյոք անհրաժեշտ է քարե կառույցներով պատված փոքրիկ Հայաստանին հերթական քարե շինությունը, երբ քաղաքում չկա կանաչ տարածք: Սա մի կողմից, մյուս կողմից՝ ինչպե՞ս եք պատկերացնում, որ քրիսոտնյա Հայաստանում անընդատ հնչի նամազը», - ասում է հրեական համայնքի ղեկավարը, - «Իհարկե Հայաստանը հանդուրժողական երկիր է, որտեղ բոլոր կրոնները կարող են հանգիստ գոյատեւել, սակայն ոչ այս համալիր շինությամբ: Հայաստանը կարող է աշխարհին իր հանդուրժողականությունը ցույց տալ կանաչ գոտում այս կրոնների մշակույթը ներկայացնելով: Չպետք է մոռանալ նաեւ հայկական մենթալիտետը: Այս ամենը կարող է վերածվել խառնաշփոթի»:

Փորձեցինք հասկանալ նաեւ ինչ դիրքորոշում ունի Հայ առաքելական եկեղեցին այս երեւույթի հետ կապված: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը ասաց, որ դեռեւս հարցը չի քննարկվել՝ խոստանալով նորութան դեպքում տեղեկացնել:
XS
SM
MD
LG